Էնդոմեմբրանային համակարգ
From Wikipedia, the free encyclopedia
Էնդոմեմբրանային համակարգը կազմված է տարբեր թաղանթներից (էնդոմեմբրաններից), որոնք կախված են ցիտոպլազմայում՝ էուկարիոտիկ բջջի ներսում: Այս թաղանթները բջիջը բաժանում են ֆունկցիոնալ և կառուցվածքային բաժանմունքների կամ օրգանոիդների։ Էուկարիոտներում էնդոմեմբրանային համակարգի օրգանոիդները ներառում են՝ կորիզաթաղանթը, էնդոպլազմային ցանցը, Գոլջիի ապարատը, լիզոսոմները, ներառուկները, էնդոսոմները և պլազմային (բջջային) թաղանթը: Համակարգն ավելի ճշգրիտ է սահմանվում որպես թաղանթների ամբողջություն, որը կազմում է մեկ ֆունկցիոնալ և զարգացող միավոր՝ կա՛մ ուղղակիորեն միացված լինելով, կա՛մ նյութը փոխանակելով ներառուկային տրանսպորտի միջոցով[1]: Կարևոր է, որ էնդոմեմբրանային համակարգը չի ներառում պլաստիդների կամ միտոքոնդրիաների թաղանթները, բայց կարող է մասամբ առաջանալ վերջիններիս գործողություններից (տես ստորև):
Ենթակատեգորիա | • բջջի բաղադրիչ • cellular anatomical entity | |
---|---|---|
Կազմված է | Բջջաթաղանթ, Վակուոլ |
Կորիզաթաղանթ պարունակում է լիպիդային երկշերտ, որն ընդգրկում է կորիզի պարունակությունը[2]։ Էնդոպլազմային ցանցը սինթեզի և փոխադրող օրգանոիդ է, որը ճյուղավորվում է բույսերի և կենդանական բջիջների ցիտոպլազմայի մեջ[3]: Գոլջիի ապարատը բազմակի բաժանմունքների մի շարք է, որտեղ մոլեկուլները փաթեթավորվում են այլ բջիջների բաղադրամասեր առաքելու կամ արտազատվելու համար[4]: Վակուոլները, որոնք հայտնաբերված են ինչպես բուսական, այնպես էլ կենդանական բջիջներում (թեև շատ ավելի մեծ են բույսերի բջիջներում), պատասխանատու են բջջի ձևի և կառուցվածքի պահպանման համար, ինչպես նաև թափոնների պահպանման համար[5], ներառուկը համեմատաբար փոքր, թաղանթով փակ պարկ է, որը պահում կամ տեղափոխում է նյութեր[6]: Բջջային թաղանթը պաշտպանիչ պատնեշ է, որը կարգավորում է այն, ինչ մտնում և դուրս է գալիս բջիջ[7]։ Կա նաև մի օրգանոիդ, որը հայտնի է որպես ապիկալ մարմնիկ, որը հանդիպում է միայն սնկերի մեջ և կապված է հիֆալ ապիկալ (գագաթային) աճի հետ[8]:
Պրոկարիոտների մոտ էնդոմեմբրանները հազվադեպ են հանդիպում, թեև շատ ֆոտոսինթետիկ բակտերիաներում բջջաթաղանթը խիստ ծալված է, և բջջի ցիտոպլազմայի մեծ մասը լցված է լույս հավաքող թաղանթի շերտերով[9]։ Լույս հավաքող այս թաղանթները կարող են նույնիսկ փակ կառուցվածքներ ձևավորել, որոնք կոչվում են քլորոսոմներ կանաչ ծծմբային բակտերիաներում[10]: Մեկ այլ օրինակ է Thiomargarita տեսակների, հատկապես T. magnifica-ի բարդ «պեպին» համակարգը[11]:
Էնդոմեմբրանային համակարգի օրգանոիդները փոխկապակցված են անմիջական շփման կամ մեմբրանի հատվածների փոխանցման միջոցով՝ որպես ներառուկներ։ Չնայած այս հարաբերություններին, տարբեր թաղանթները կառուցվածքով և գործառույթներով նույնական չեն: Մեմբրանի հաստությունը, մոլեկուլային կազմը և նյութափոխանակության վարքագիծը ֆիքսված չեն, դրանք կարող են մի քանի անգամ փոփոխվել մեմբրանի կյանքի ընթացքում: Միավորող հատկանիշից մեկը, որին կիսում են թաղանթները, լիպիդային երկշերտն է, որտեղ սպիտակուցները կցված են երկու կողմերին կամ հատում են[12]: