Էլեկտրոնների դիֆրակցիա
From Wikipedia, the free encyclopedia
Էլեկտրոնների դիֆրակցիա, էլեկտրոնների ալիքային բնույթն արտացոլող հասկացություն։ Տեխնիկական կամ գործնական տեսանկյունից այն կարող է վերաբերել էլեկտրոնները նյութի վրա ցրելու միջոցով ինտերֆերենցիոն պատկերի ուսումնասիրմանը։ Այս երևույթը լայնորեն հայտնի է մասնիկ-ալիքային երկվություն անունով, ըստ որի նյութի մասնիկը (այս դեպքում՝ առանձին էլեկտրոնը) կարող է նկարագրվել որպես ալիք։ Այս պատճառով էլեկտրոնը կարող է դիտարկվել ինչպես ալիք՝ նման ձայնային կամ ջրի ալիքներին։ Այս տեխնիկան նման է ռենտգենյան ճառագայթների և նեյտրոնների դիֆրակցիային։
Էլեկտրոնների դիֆրակցիան ամենից շատ կիրառվում է պինդ մարմնի ֆիզիկայում և քիմիայում՝ ուսումնասիրելու համար պինդ մարմինների բյուրեղային կառուցվածքը։ Փորձերը սովորաբար անցկացվում են սկանավորող էլեկտրոնային մանրադիտակով (ՍԷՄ) կամ տրանսմիսիոն էլեկտրոնային մանրադիտակով (ՏԷՄ) (անդրադարձված էլեկտրոնների դիֆրակցիա)։ Էլեկտրոններն այս սարքերում արագացվում են էլեկտրաստատիկ պոտենցիալի միջոցով՝ անհրաժեշտ էներգիա ձեռք բերելու և ալիքի երկարությունը որոշելու համար, մինչև կփոխազդեն ուսումնասիրվող նյութի նմուշի հետ։
Բյուրեղական պինդ մարմնի պարբերական կառուցվածքը գործում է որպես դիֆրակցիոն ցանց՝ էլեկտրոնները ցրելով ինչպես որ սպասվում էր։ Ուսումնասիրելով ստացված դիֆրակցիոն պատկերը, հնարավոր է եզրակացություններ անել դիֆրակցիոն պատկերն առաջացնող բյուրեղի վերաբերյալ։ Սակայն այս տեխնիկան սահմանափակված է փուլի ինֆորմացիայի կորուստով պայմանավորված խնդիրով։
Բացի բյուրեղների ուսումնասիրությունից, այսինքն՝ էլեկտրոնային բյուրեղագիտությունից, էլեկտրոնների դիֆրակցիան նաև օգտակար է ամորֆ պինդ մարմինների և գազային մոլեկուլների ուսումնասիրության համար։