From Wikipedia, the free encyclopedia
Էդիթ Ջեսի Արչիբալդ (անգլ.՝ Edith Jessie Archibald, ապրիլի 5, 1854[1], Իսի լե Մուլինո, Սենա, Ֆրանսիա - մայիսի 11, 1936[2] կամ 1934[1], Հալիֆաքս, Կանադա), կանադացի սուֆրաժիստ ու գրող, որը ղեկավարել է Մարիթայմի «Կանանց քրիստոնեական չափավորության միությունը» (WCTU), Կանադայի կանանց ազգային խորհուրդը և Հալիֆաքսի կանանց տեղական խորհուրդը։ Իր սոցիալական ակտիվության բազմաթիվ ձևերի պատճառով թագավոր Գեորգ V-ը նրան անվանել է «Ողորմած տիկին»[4], իսկ 1997 թվականին Կանադայի կառավարությունը նրան հռչակել է Ազգային պատմական նշանակություն ունեցող անձ[4][5]։
Էդիթ Արչիբալդ | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 5, 1854[1] |
Ծննդավայր | Իսի լե Մուլինո, Սենա, Ֆրանսիա |
Վախճանվել է | մայիսի 11, 1936[2] (82 տարեկան) կամ 1934[1] |
Վախճանի վայր | Հալիֆաքս, Կանադա |
Գերեզման | Camp Hill Cemetery[3] |
Մասնագիտություն | վիպասան, սուֆրաժիստ և գրող |
Քաղաքացիություն | Կանադա |
Ամուսին | Charles Archibald? |
Զավակներ | Susan Georgina Archibald?[1], Thomas Dickson Archibald?[1], Charles Mortimer Archibald?[1] և Brenton Mortimer Archibald?[1] |
Edith Archibald Վիքիպահեստում |
Քեթրին Էլիզաբեթ (Ռիչարդսոն) Արչիբալդի և սըր Էդվարդ Մորտայմեր Արչիբալդի դուստր Էդիէ Ջեսի Արչիբալդը ծնվել է Կանադայի Նյուֆաունդլենդ և Լաբրադոր նահանգի մայրաքաղաք Սենտ Ջոնսում՝ հանրային ծառայության պատմություն ունեցող ականավոր ընտանիքում[4][6]։ Նախնական կրթության մի մասն ստացել է Լոնդոնում և Նյու Յորքում, որտեղ իր հայրիկը բրիտանական հյուպատոս էր[6][7]։
Քսան տարեկանում ամուսնացել է իր զարմիկ, հանքարդյունաբերության ինժեներ Չառլզ Ա․ Արչիբալդի հետ, որին էր պատկանում Նոր Շոտլանդիա նահանգի Քաու Բեյ համայնքում գտնվող Գոուրի ածխարդյունաբերարանը[8]։ 1893 թվականին ամուսինը վաճառել է վերոհիշյալ գործարանն ու զբաղեցրել Հալիֆաքսում գտնվող Նոր Շոտլանդիայի բանկի նախագահի ու տնօրենի պաշտոնը[4][5][6][8]։ Ունեցել են չորս զավակ՝ Սյուզան Ջորջիանան (հայտնի որպես Ջորջի), Թոմասը, Չառլզը և Էդվարդը և բնակվել Պորտ Մորիենում գտնվող «Seaview» անունով առանձնատանը, որից հետո տեղափոխվել են Հալիֆաքս[6][8]։
Արչիբալդը ներգրավվել է Կանանց քրիստոնեական չափավորության միության մեջ 1880-ական թվականներին ու 1892 - 1896 թվականներին եղել Մարիթայմի սրահային հանդիպումների բաժնի տեսուչ, որը խրախուսում էր անդամների տանը կազմակերպվող սոցիալական իրադարձությունները որպես ժուժկալ գործունեության կազմակերպման և կանանց կրթելու մեթոդ[5]։ Խանդավառված սրահի հանդիպումների առավելություններով՝ նա հարցում է անցկացրել տեղական 54 արհմիություններում՝ հանդիպումների վերաբերյալ նրանց գնահատականը պարզելու նպատակով, շրջանառության նամակ է հրապարակել միության պաշտոնական ազգային թերթում, նաև հրատարակել այն որպես թռուցիկ։ Արչիբալդը հասկանում էր, որ տեղական գործողություններ էին անհրաժեշտ կազմակերպության ազգային նպատակներին հասնելու համար։ Նա նույնիսկ ղեկավարել է անդամների հարձակումները Քաու Բեյում գտնվող երեք ապօրինի սրահների վրա[4][9]։
Եղել է Կանադայի կանանց ազգային խորհրդի և Վիկտորիանական բուժքույրերի միության (VON) առաջնորդը, Հալիֆաքսի կանանց տեղական խորհրդի նախագահը 1896 - 1906 թվականներին և Հալիֆաքսի Վիկտորիանական բուժքույրերի միության նախագահը 1897 - 1901 թվականներին[5]։ Ակտիվություն է ցուցաբերել Հալիֆաքսում մանկական հիվանդանոց կառուցելու գործում, այնուհետև դարձել այդ հիվանդանոցի տնօրենը[10]։
1914 թվականին եղել է Նոր Շոտլանդիայի կարմիր խաչի փոխնախագահը, ղեկավարել բաժանմունքը, որը վերահսկում էր արտերկրում կանադացի ռազմագերիներին[5]։ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում իրականացրած աշխատանքի համար արժանացել է Երուսաղեմի շքանշանի[4]։
Տասնամյակներով պայքարել է կանանց ընտրելու իրավունքի համար և 1917 թվականին ղեկավարել կանանց պատվիրակությունը՝ համոզելու Նոր Շոտլանդիայի վարչապետ Ջորջ Հենրի Մյուրեյին չխոչընդոտել ընտրական իրավունքի մասին օրինագծի ընդունմանը․ օրենսդիր մարմինը վերջապես շնորհել է այս իրավունքը 1918 թվականին[5]։
Արչիբալդը նաև Հալիֆաքսի տիկնանց երաժշտական ակումբի հիմնադիրն ու առաջին նախագահն էր, Նոր Շոտլանդիայի արվեստի և դիզայնի քոլեջի տնօրենը[10]։
Հետագա կյանքում զբաղվել է պատմվածքներ, պիեսներ և հոդվածներ գրելով, ինչպես նաև հեղինակել է մի քանի գրքերի[5]։ Նրա գրքերից մեկը՝ «Bed-Time Stories for My Grand-Children» (1910), մասնավոր հրատարակված հուշագրությունն էր, որի պատճառ էր հանդիսացել դստեր՝ Ջորջիի մահը 1909 թվականին։ Նա գրի է առել հուշերը, որպեսզի Ջորջիի երեխաներն իմանան, թե ինչպիսին է եղել իրենց մոր մանկությունը Քաու Բեյում[8]։
1924 թվականին հրատարակել է «Life and Letters of Sir Edward Mortimer Archibald, K.C.M.G., C.B» վերնագրով իր հայրիկի կենսագրությունը[4]։ Գրել է «The Token: A Tale of Cape Breton Island» պիեսը 1920-ական թվականների կեսերին, որը 1930 թվականին հրատարակվել է որպես վեպ[4]։ Պատմությունը տեղի է ունենում Ամերիկյան քաղաքացիական պատերազմից հետո և վերաբերում ոմն Անգուս ՄքՌորիի սխրագործություններին։ Գրքի գրախոսության մեջ London Morning Post թերթը հայտարարել է, որ այն խոստումնալից երիտասարդ գրողի աշխատանք է՝ չիմանալով, որ հեղինական այդ ժամանակ յոթանասունն անց տարիքի կին էր[11]։
Այլ գրքերի թվում են՝ «Stray Songs for Glad Days and Sad Days» (1894) և G«ufshathi and Herriaman: A Missionary Story» ստեղծագործությունները[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.