Զակինթոս
հունական կղզի / From Wikipedia, the free encyclopedia
Զակինթոս[1] (հուն․՝ Ζάκυνθος (օգնություն • ինֆո); ˈzacinθɔs), հայտնի է նաև, որպես Զանտե (իտալ.՝ Zante), հունական կղզի Բալկանյան թերակղզու ծայր արևմուտքում։ Հանդիսանում է Հոնիական ծովի երրորդ խոշորագույն կղզին՝ ըստ զբաղեցրած տարածքի և բնակչության թվի[2]։ Գտնվում է Կեֆալոնիա կղզու հարավում՝ Հունաստանի մայրաքաղաք Աթենքից 300 կմ հեռավորության վրա[3]։ Աշխարհագրական բարենպաստ դիրքը կղզուն հնարավորություն է ընձեռում առևտրային կապեր հաստատել տարածաշրջանի մյուս կղզիների և նույնսիկ մայրցամաքային Հունաստանի հետ։ Վարչականորեն ընդգրկված է Հունաստանի Հոնիական կղզիներ պերիֆերիայի համանուն տարածաշրջանային միավորի կազմի մեջ։
Զակինթոս | |
---|---|
Տեսակ | կղզի և պոլիս |
Երկիր | Հունաստան |
Վարչատարածքային միավոր | Zakynthos Municipality? |
Մասն է | Հոնիական կղզիներ |
Մակերես | 405,55 կմ² |
Բնակչություն | 41 180 մարդ (2021) |
Խոշորագույն քաղաքը Զակինթոսն է, որը հանդիսանում է կղզու քաղաքային իշխանությունների նստավայրը, միևնույն ժամանակ նաև տարածաշրջանային նշանակության խոշոր առևտրային նավահանգիստ[2]։ Քաղաքը առավել հայտնի է իր բազմատեսակ թանգարաններով, արևոտ լողափերով և մշակութային մեծ ժառանգությամբ։ Այդ ժառանգության մեջ ներառված են մեծաթիվ անտիկ վանքերը, ինչպես նաև բլրալանջին գտնվող վենետիկյան ամրոցը։
Կղզին աչքի է ընկնում բազմազան լողափերի առկայությամբ։ Լողափերի նման առատությունը պայմանավորված է Զակինթոսի լանդշաֆտով։ Կղզին զբաղեցնում է ընդհանուր հաշվով շուրջ 408 կմ² տարածք՝ գտնվելով ծովի մակարդակից մինչև 756 մետր բարձրության վրա։ Ծովափնյա գծի ընդհանուր երկարությունը կազմում է 123 կմ։ Տարածքի հիմնական մասը անտառածածկ է․ գերակայում են սոճու անտառները՝ ոչ այնքան բարձրադիր լեռներով շրջապատված։ Լողափերի հիմնական մասը գտնվում է Զակինթոսի հյուսիսային, արևելյան և հարավային հատվածներում[4]։ Լողափերից ամենանշանավորը Նավայո ծովածոցի լողափն է[5], որտեղ կարելի է մտնել միայն նավագնացության նպատակով։ Արևմտյան հատվածը քարքարոտ է, այդ իսկ պատճառով այստեղ բավականին գերակշիռ մաս են կազմում քարանձավները, մասնավորապես՝ կապույտ քարանձավների համալիրը)։ Զակինթոսի կլիման մեղմ միջերկրածովյան է, հետևաբար՝ արևոտ օրեր լինում են և՛ ամառային, և՛ ձմեռային ամիսներին։ Կղզին հարուստ է իր ցամաքային և ջրային բուսական աշխարհով։ Զակինթոսը գյուղատնտեսական կղզի է, որտեղ հիմնականում աճեցվում են արևադարձային մրգեր, ձիթապտուղ և չամիչ[6]։ Դրանից բացի, տեղական եկամտի հիմնական աղբյուրը զբոսաշրջային ոլորտն է։ Զակինթոսը հարուստ պատմություն և մշակույթ ունեցող կղզի է։ Դա պայմանավորված է նրանով, որ դարեր շարունակ այն լինելով բազմաթիվ պետությունների տիրապետության տակ, եղել է տարբեր մշակույթների խաչմերուկում։
Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ կղզու բնակչությունը գերազանցում է 40 հազարը։ Բնակչության միջին խտությունը կազմում է 100 մարդ/կմ²։ Այդ թիվն ունի աճի միտում։ Զակինթոսում է ծնվել Հունաստանի ազգային օրհներգի խոսքերի հեղինակը՝ Սոլոմոս Դիոնիսոսը։
Կղզու անվան ծագումնաբանության վերաբերյալ ամենահայտնի վարկածն այն է, որ Զակինթոսն իր անվանումը ստացել է ի պատիվ հին հույների գերագույն աստված Զևսի որդու՝ Դարդանոսի։ Տարբեր ժամանակահատվածներում այն պատկանել է հույներին, հռոմեացիներին, բյուզանդացիներին, օսմանյան թուրքերին, վենետիկցիներին, խաչակիրներին և այլն։ Վենետիկցիները, որոնք իշխել են Զակինթոսում 1484-1797 թվականներին, կղզին անվանել են «Ֆիորո դի Լևանտե» (թարգմանաբար՝ արևելյան ծաղիկ), քանի որ այս կղզում աճում են ծաղիկների ավելի քան 7000 տեսակներ[6]։ Վենետիկյան ճարտարապետությունն իր կնիքն է թողել Զակինթոսում։ 1953 թվականին տեղի ունեցած երկարաշրժի հետևանքով վենետիկյան մի շարք եկեղեցիներ և շինություններ ոչնչացել են[7]։ Քաղաքի վերակառուցողական աշխատանքները Հունաստանի իշխանությունների կողմից կատարվել են խիստ հակասիսպասսացիոն կերպով՝ պահպանելով նախկին ճարտարապետական լուծումները[6]։