From Wikipedia, the free encyclopedia
Եդեմ, երանության, բերկրության վայր, հրաշագեղ երկիր, որը, ըստ Աստվածաշնչի, գտնվում էր Արևելքում։ Նրա կենտրոնում էր Աստված տնկել դրախտը, իսկ Եդեմից դուրս էր գալիս մի գետ՝ դրախտային պարտեզը ջրելու համար (դա, ըստ Աստվածաշնչի մեկնիչների, խորհրդանշում է երկնային գետը, իսկ նրա ջրերը՝ երկնային կյանքի տարածումը)։ Այնուհետև գետը բաժանվում էր չորս ճյուղերի՝ Փիսոն, Գեհոն, Տիգրիս, Եփրատ։ Սրանից ելնելով՝ մի շարք մեկնիչներ կորուսյալ Եդեմը կամ դրախտը զետեղում են Հայաստանում, մյուսները՝ այլ տեղեր։ Սակայն, ըստ Աստվածաշնչի, հիշյալ Եդեմը, Ադամի և Եվայի արտաքսմամբ, կորսված է և Աստծո սուրբ կամքի համաձայն՝ արգելված ու փակված հին մարդու՝ Ադամի և նրա սերնդի համար. «Աստված դուրս հանեց Ադամին, բնակեցրեց բերկրության դրախտի դիմաց և հրամայեց քերովբեներին ու բոցեղեն սրին շուրջանակի հսկել դեպի կենաց ծառը տանող ճանապարհները»։ Դեպի դրախտ, դեպի Կենաց ծառ տանող ճանապարհը բացվում է Հիսուս Քրիստոսով, իր՝ տերունական խոսքի համաձայն, թե՝ «...Ես իսկ եմ հարություն և կյանք...»։ Աստծո Որդու քավչարար արյամբ սրբված հավատացյալներին խոստացվում է մի նոր Եդեմ՝ կենաց պարտեզ՝ առավել փառավոր և հավիտենական՝ Հիսուս Քրիստոսի երկրորդ գալստյան ժամանակ. «Երանելի՜ են նրանք, որ պահում են նրա պատվիրանները։ Նրանք իրավունք ունեն ուտելու կենաց ծառից և մտնելու քաղաքի դռներով»։
Ըստ Աստվածաշնչյան վկայությունների՝ Աստծո կամքով և զորությամբ ստեղծվել է ներկայիս Ադամյան (բանական մարդ) կոչվող մարդկային տիպը։ Այն սկսել է ձևավորվել Բիբլիական Եդեմ կոչվող երկրում, որը ուներ հարուստ բուսականությամբ բարեբեր հողեր և մարդկային ու կենդանական աշխարհի գոյատևման համար բարենպաստ կլիմա։ Այդ երկրից սկիզբ էին առնում չորս խոշոր գետեր՝ առաջինը Արաքսը (բիբլիական Փիսոնը), որը անցնում էր մի տարածքով որտեղ շատ էր ոսկին, սուտակը և գահանակը։ Երկրորդ գետը Քուռը (բիբլիական Ք/գ/եհոնը), որը հոսում Էր մեծ լեռան (Կովկասի) ստորոտով։ Երրորդ գետը Տիգրիսն էր, իսկ չորրորդը Եփրատը, որոնք հոսում էին հարավ և նրանց միջև ընկած երկիրը Սենաարի (Միջագետքի) երկիրն էր։ Բիբլիական Եդեմի երկիրը՝ Ադամյան մարդաբանական տիպի առաջացումից հետո կոչվեց՝ <Արարչի արարման տեղ>, հետագայում՝ սուրբ գրքում հիշատակվում է <Արարատի երկիր> անվամբ:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Ընթերցե՛ք «եդեմ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եդեմ» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.