500 և 1000 հնդկական ռուփի թղթադրամների փոխանակում 2016 թվականի նոյեմբերին From Wikipedia, the free encyclopedia
Դրամավարկային բարեփոխումներ Հնդկաստանում (2016 թվական), 2016 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Հնդկաստանում անցկացված խոշոր դրամական թղթադրամների փոխանակում՝ Հնդկաստանի տնտեսության ստվերային հատվածի «բացասական» երևույթները հաղթահարելու նպատակով։
Խոշոր թղթադրամները շրջանառությունից հանելը Հնդկաստանի իշխանությունները նախկինում ևս օգտագործել են։ 1946 թվականի հունվարին շրջանառությունից հանվել են 1000 և 10 000 ռուփի թղթադրամները, հետագայում` 1954 թվականին, թողարկվել են նոր նմուշի 1000, 5000 և 10 000 անվանական արժեքով թղթադրամներ։ 1978 թվականին կառավարությունը կեղծարարների և ստվերային շրջանառության դեմ պայքարի պատրվակով շրջանառությունից կրկին հանել է 1000, 5000 և 10 000 ռուփի անվանական արժեքով խոշոր թղթադրամները[1]։
2016 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ Հնդկաստանում շրջանառության մեջ գտնվող կանխիկ դրամական զանգվածը կազմել է մոտավորապես 17,77 տրիլիոն ռուփի (մոտ 260 միլիարդ դոլար), որից 500 և 1000 ռուփի անվանական արժեքով թղթադրամները կազմել են արժեքի մոտ 85%-ը և շրջանառության մեջ գտնվող թղթադրամների քանակի մոտ 25%-ը[2]։
Վարչապետ Մոդիի կողմից բարեփոխումների մեկնարկի մասին պաշտոնական հայտարարությունից հետո տեղի է ունեցել մամուլի հեռուստատեսային ասուլիս, որի ընթացքում Հնդկաստանի պահուստային բանկի կառավարիչ Ուրջիթ Պատելը և ֆինանսների նախարարության էկոնոմիկայի քարտուղար Շակտիկանտա Դասը զեկուցել են այն պատճառների մասին, որոնք դրդել են կառավարությանը բարեփոխում իրականացնել։ Մասնավորապես, նրանք 500 և 1000 ռուփի անվանական արժեքով թղթադրամների թվի աճը կապել են կեղծարարների գործունեության հետ և հայտնել, որ կեղծ փողերի տարածումից ստացված եկամուտներն օգտագործվել են ահաբեկիչներին ֆինանսավորելու համար։ Բարեփոխումը, ըստ մամուլի ասուլիսի մասնակիցների, իրականացվել է կեղծ թղթադրամներ առգրավելու և ահաբեկիչներին ֆինանսավորումից զրկելու նպատակով[3]։
Բացի այդ` Հնդկաստանի տնտեսության մեջ ստվերային հատվածը 2016 թվականի վերջին, ըստ որոշ գնահատականների, կազմել է մոտ 30 տրիլիոն ռուփի (մոտ 450 միլիարդ դոլար) կամ Հնդկաստանի ՀՆԱ-ի մինչև 20%-ը[4]։ Ստվերային շրջանառությունը, որը հիմնականում կանխիկ էր, կառավարության կողմից դիտարկվել է որպես հարկերից խուսափելու հիմնական աղբյուր, և բարեփոխումը փորձ էր` այդ միջոցները տեղափոխելու «սպիտակ» շրջանառություն՝ հետագա հարկման համար[5]։
Սկզբում վարչապետ Մոդին իր հեռուստաուղերձում հայտարարել է բարեփոխման կարգն ու ընթացակարգը, ավելի ուշ մանրամասն կարգի և հետագա փոփոխությունների մասին հայտարարել են Հնդկաստանի պահուստային բանկը (RBI) և ֆինանսների նախարարությունը[6][7]։
Բարեփոխման նախապատրաստումն իրականացվել է գաղտնիության պայմաններում, և դրա մասին 2016 թվականի նոյեմբերի 8-ին հայտարարելն անակնկալ էր Հնդկաստանի քաղաքացիների համար[4]։ Բարեփոխման հայտարարությունից անմիջապես հետո բանկոմատների մոտ, որոնք թողարկում էին 100 ռուփի և ավելի քիչ անվանական արժեքով թղթադրամներ, հերթեր են գոյացել այն մարդկանցից, որոնք իրենց համար գումար էին հանել հաջորդ օրվա ծախսերի համար[4]։
Բանկոմատները և բանկերի մասնաճյուղերը պատրաստ չեն եղել զանգվածային փոխանակման, բանկերի շատ մասնաճյուղերում և բանկոմատների մոտ հերթեր են գոյացել։ Մամուլը նշել է, որ ամենից շատ տուժել են բնակչության ամենաաղքատ շերտերը՝ բանկային հաստատություններ տանող ճանապարհին աշխատաժամանակի զգալի կորստի և փոխանակման երկար սպասելու պատճառով։
Հնդկաստանի պաշտոնյաները միաձայն կողմ են հանդես եկել բարեփոխմանը՝ այն անվանելով վճռական քայլ սև շուկայի դեմ պայքարում[3]։
Ընդհանուր առմամբ, դժվար է դատել բարեփոխումների երկարաժամկետ հետևանքների մասին, քանի որ փոխանակման ընթացքում հնդկական ռուփիի նկատմամբ վստահությունը սասանվել է, դրա փոխարժեքը որոշ ժամանակ իջել է։ Անկանխիկ վճարումների անցնելու փոխարեն, ինչին վաղուց ձգտում էր Հնդկաստանը, երկրի բնակչությունը սկսել է ավելի շատ վստահել կանխիկ գումարներին։
Բարեփոխումը հրահրել է ոսկու պահանջարկի աճ, որը Հնդկաստանում վարկերի ամենատարածված գրավն է։ Բարեփոխումն արդարացնելու հիմնական փաստարկը, որ այն փողը դուրս կբերի ստվերային շրջանառությունից, հետագայում հերքվել է Հնդկաստանի Կենտրոնական բանկի կողմից։ Նրա հայտարարություններով՝ շրջանառությունից հանված մոտավորապես 15,28 տրիլիոն ռուփիից (239 միլիարդ դոլար) գրեթե 99%-ը վերադարձվել է բանկային համակարգ[9][10][11]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.