Դվինի եկեղեցական ժողով (719-720)
From Wikipedia, the free encyclopedia
Դվինի եկեղեցական ժողով 719 կամ 720 թվականին Արմինիա կուսակալության մայրաքաղաք Դվինում Հովհաննես Գ Օձնեցու կաթողիկոսի գլխավորությամբ հրավիրված ազգային-եկեղեցական ժողով։ Ժողովը հետապնդել է երկու նպատակ։
- ընդունել և վերջնական տեսքի է բերել Հովհաննես Գ Օձնեցու՝ կանոնական ցաքուցրիվ նյութերից ընտրությամբ հավաքած և կազմած ժողովածուն, որը հայտնի է «Կանոնագիրք» անունով։
- Դվինում նոր ժողով հրավիրելը արձագանքն էր ժամանակի քրիստոնյա Արևելքում սրված դավանական վեճերի, ինչպես նաև պայմանավորված էր քաղկեդոնականների, նեստորականների, նաև՝ Հայ եկեղեցու ներսում հանդես եկած աղանդների (պավլիկյաններ, մծղնեականներ) դեմ պայքարի անհրաժեշտությամբ։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դվինի եկեղեցական ժողով (այլ կիրառումներ)
Դվինի Զ ժողովն ընդունել է նաև 32 հոդվածից կազմված մի կանոնախումբ, որը հայտնի է «Կանոնք տեառն Յովհաննիսի Իմաստասիրի Հայոց կաթողիկոսի» անունով։ Այդ կանոններով որոշվել է Հայ եկեղեցու ժամերգության կարգը (նշելով առավոտյան, երեկոյան, գիշերային պաշտամունքները, կիրակնօրյա ժամերգությունները), ի մի են ժողովվել Գրիգոր Ա Լուսավորչի, Սահակ Ա Պարթևի, Հովհաննես Ա Մանդակունու բոլոր կանոնները և կարգերը (կանոն ԻԱ–ԻԵ)։
Ի կանոնով որոշվել են «Սուրբ Աստված» երգի «խաչեցարի» հավելման, ԻԶ և Լ կանոններով՝ Քրիստոսի Ծննդյան և Մկրտության տոնը հունվարի 6-ին կատարելու, Ը կանոնով՝ անապակ գինու և անխմոր հացի գործածության վերջնական խնդիրները։ ԼԲ կանոնով խստիվ արգելվել է օթևան տալ կամ հաղորդակցվել պավլիկյան աղանդավորների հետ։