From Wikipedia, the free encyclopedia
Դինգոն (լատին․՝ Canis lupus dingo) բնության գրկում ապրող վայրի շուն է, որը պաշտոնապես համարվում է գայլի տարատեսակ։ Նա հիմնականում ապրում է Ավստրալիայում։ Կարող է հանդիպել նաև Ասիայի հարավարևելյան հատվածում։ Դինգոն լինելով մսակեր կենդանի, կարևոր դեր է կատարում որպես բնության սանիտար, սակայն նա հաճախ հարվածներ է հասցնում նաև ընտանի կենդանիներին։ Դինգոն համարվում է Ավստրալիայի խորհրդանիշներից մեկը։ Ըստ որոշ վարկածների, այս ցեղատեսակը կարող է գտնվել վերացման ճանապարհին։ Դինգոն կարևոր կենդանի է Ավստրալիայի բնիկ ցեղերի համար և միշտ հիշատակվում է նրանց տոնական արարողությունների ժամանակ։ Դինգոն պատկերված է նաև ժայռապատկերների վրա։
Դինգո | ||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||||
|
||||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||||
Canis lupus dingo | ||||||||||||||||
Արեալ | ||||||||||||||||
|
Դինգոյի գիտական անվանումը հաճախ է փոփոխության ենթարկվել։ 1792 թվականին այս տեսակին տրվել է Canis antarcticus անվանումը։ Այնուհետև գիտնականները դինգոյին դասել են գորշ գայլի ենթատեսկաների շարքը և անվանումը փոխվել է՝ Canis lupus dingo։ Քսաներորդ դարի սկզբում դինգոն ուներ այլ անվանում ՝ Canis familiaris dingo՝ վերցրած շան լատիներեն անվանումից՝ Canis lupus familiaris։ Նրանք այդպես էին անվանել դինգոյին, քանի որ համարում էին, որ այն բավանակ հեռու է իր նախնի գայլից և ավելի մոտ է շանը։ Այսօրվա դրությամբ դինգոյի գիտական անվանումը Canis lupus dingo է, սակայն դեռ օգտագործվում են երկու այլ լատիներեն անվանումներ՝ Canis dingo, որը դինգոյին դասում է որպես առանձին կենդանի, հեռու շներից և գայլերից, և Canis lupus familiaris dingo, որը համարում է, որ դինգոն գայլի ընտանի տեսակ է։
Ենթադրվում է, որ դինգո անունը ծագել է տինգո անունից։ Այս անունը բնիկ ավստրալիացիների լեզվով նշանակում է ընտանի շուն։ Դինգո անվանը կարող է կցվել նաև մեկ այլ անուն, որը նշում է, թե տվյալ դինգոն որտեղ է ապրում՝ սարերի դինգո, անապատային դինգո, հյուսիսային դինգո և այլ։ Վերջին ժամանակներում մարդիկ սկսել են դինգոյին անվանել նաև "ավստրալիական վայրի շուն" կամ "ավստրալիական գայլ"։ Բնիկները դինգոյին տալիս են տարբեր տեսակի անվանումներ։ Տարբեր տեղերում ապրող բնիկներ տարբեր անուններ ունեն դինգոյին հիշատակելու համար։
Դինգոները բազմաթիվ նմանություններ ունեն ասիական վայրի շների հետ՝ արտաքին և բնավորության, սակայն կան նաև տարբերություններ, որոնցից մեկը մարդամոտությունն է։ Ասիական վայրի շները սովոր են մարդկանց միջավայրին և հեշտությամբ ապրում են բնակելի քաղաքներին հարող տարածքներում, իսկ դինգոները ամբողջովին վայրի կյանք են վարում՝ հեռու մարդկանցից։
Դինգոն ունի 117-154 սմ մարմնի երկարություն՝ հաշված մինչև պոչի ծայրը։ Քաշը 13-20 կգ է, սակայն գրանցվել են դեպքեր, երբ դինգոները կշռել են մինչև 35 կգ։ Կենտրոնական հատվածներում ապրող դինգոները ավելի մեծ են չափսերով քան ծայրամասայինները։ Արուները էգերից ավելի խոշոր են և ծանր։ Պոչը հիմնականում հավաքված է մեջքի վրա կամ ամբողջովին ծալված։ Ավստրալիայի վայրի շները ավելի մեծ են ասիական շներից։ Դինգոները ունեն լայն գլուխներ՝ սուր դնչերով և լայն ու ցցված ականջներով։ Համեմատած իր տիպի այլ կենդանիների, դինգոները ունեն ավելի մեծ ատամներ և սուր ժանիքներ։ Աչքերի գույնը դեղնավուն է, ծիրանագույն կամ շագանակագույն։
Դինգոյի մորթին ունի կարճ և փափուկ մազեր։ Պոչի մազերը ավելի երկար են։ Մազերի երկարությունը կախված է նաև տարվա եղանակից։ Մորթու հիմնական գույնը ոսկեգույն-կարմրավունն է սակայն կարող են հանդիպել նաև այլ գունավորմամբ մորթի ունեցող դինգոներ՝ սև մոխրագույն կամ սպիտակ։ Սև դինգոները ժամանակին ապրել են Ավստրալիայում, սակայն նրանք շատ հազվագյուտ են դարձել այսօրվա դրությամբ։ Նրանց կարելի է հանդիպել Ասիայում։
Դինգոյի առաջացումը բազմաթիվ տարաձայնություններ է առաջացրել։ Գիտնականները հստակ չեն իմանում, թե դինգոն ինչպես է հայտնվել Ավստրալիայում։ Ըստ նրանց դինգոն առաջին անգամ Ավտրալիա կարող է հասած լինել 6-10 հազար տարի առաջ։ Դինգոն իր արտաքին նմանությամբ շատ մոտ է հնդկական և ասիական գայլերին, այդ իսկ պատճառով գիտնականները մտածում են, որ բնիկները հնարավոր է վարժեցրել են այս գայլերին դարձնելով ընտանի կենդանիներ։ Տարիների ընթացքում նրանք նավերով այդ վարժեցրած գայլերին տեղափոխել են Ավստրալիա։ Գայլերը Ավստրալիայում վերսկսել են իրենց վայրի կյանքը և հարմարվել են տեղանքի կլիմային։
Դինգոյի իրական նախնիներին պարզելու համար կատարվել են մի շարք ԴՆԹ անալիզներ։ Այս անալիզները ցույց են տվել, որ դինգոն ավելի մոտ է գտնվում ընտանի շանը, քան գայլերին կամ կոյոտներին։ Դինգոյի անալիզները հեռու չեն նաև ասիական գայլերի անալիզներից և ենթադրվում է, որ ընտանի շները կարող են առաջացած լինել հենց ասիական գայլերից, քանի որ նրանք չափսերով ավելի փոքր են և մարդամոտ են։ Ասիական շները հազարամյակներ առաջ վայրի են եղել։ Մաքուր դինգոների անալիզները համարյա չեն տարբերվում շների անալիզներից։ Անալիզներ կատարվել են նաև համեմատելով տարբեր տարածքներում ապրող դինգոների։ Կրկին ոչ մի տարբերություն շների անալիզներից։ Գիտականորեն դա բացատրվում է նրանով, որ դինգոները իրականում շների շատ մոտ հարազատներն են։
Որպեսզի հստակ պարզվի, թե դինգոները երբ են հայտնվել Ավստրալիայում, տարբեր տեղերից 2004 թվականին մասնագետները հավաքել են գայլերի, ընտանի շների և դինգոների ԴՆԹ մասնիկներ։ Անալիզներին մասնակցել են 676 շուն և 38 գորշ գայլ։ ԴՆԹ-ի քննարկման ենթակա մասնիկները ներկայացվել են տարբեր մասնագետների, բնապահպանների և ուղղակի դինգոներ սիրողների կողմից։ Ընտանի կենդանիների ԴՆԹ մասնիկները եկել են տարբեր երկրներից՝ Չինաստան, Մոնղոլիա, Հնդկաստան, Ասիայի տարբեր հատվածներ, Սիբիր, Եվրոպա, ԱՄՆ և այլ։ Դինգոների ԴՆԹ մասնիկները իրենց քանակությամբ քիչ էին, այդ իսկ պատճառով անալիզները իրականացնելու համար ծագեցին խնդիրներ։ Սակայն հնարավոր եղավ ճշտել, որ դինգոների ԴՆԹ մասնիկներից միայն երկուսը համապատասխան եղան ընտանի շների անալիզներին։ Մնացած բոլոր մասնիկները իրենց բաղադրությամբ տարբերվում էին շների ԴՆԹ-ներից։ Այս անալիզներից հետո մասնագետները ենթադրեցին, որ դինգոները հնարավոր է որ Ավստրալիա են հասել մոտ 4.600-5.400 տարի առաջ։ Սակայն կա նաև վարկած, որ նրանք կարող են Ավստրալիա հասած լինել 10.800 տարի առաջ։ Համենայն դեպս գիտնականները ենթադրում են որ դինգոն առաջացել է կամ հնդկական գայլից կամ ասիական վայրի շներից։ Նրան Ավստրալիա տեղափոխել են նավով։ Նրանք Ավստրալիայում ապրել են բնիկների հետ, հետզհետե սկսելով վայրի կյանք վարել, նրանք հարմարվել են այդ երկրին։
Դինգոները, ինչպես մյուս շները, իրար հետ շփվում են ձայնային նշաններով։ Ի տարբերություն շների, դինգոները քիչ են հաչում և ավելի շատ ոռնում են գայլերի պես։
Դինգոները ունեն ոռնալու երեք տարատեսակ՝ լաց-ոռնոց, ոռնոց հաչալով և ռնգային ոռնոց։ Տարատեսակներից յուրաքանչյուրը ունի տարբեր ձևեր և ինտոնացիաներ։ Ոռնոցի հաճախականությունը տարբեր է և կախված է տարվա եղանակից, օրվա ժամից, դինգոյի տրամադրությունից, դինգոյի դերից իր շրջապատում և այլն։ Կերի բացակայության կամ քիչ թվաքանակի պատճառով ոռնոցները կարող են ավելի հաճախակի լինել, քանի որ դինգոները որսալու նպատակով իրարից հեռանում են և իրար գտնում են ձայնային ազդանշաններով։ Ոռնոցները նաև իրար հետ խոսելու ձև են հանդիսանում։ Դինգոները, ինչպես նաև իրենց ցեղակից գայլերը, ապրում են խմբերով, որոնք ոհմակ են անվանվում։ Ոհմակում յուրաքնաչյուր դինգո ունի իր դերը և կարևորությունը։ Ոռնոցների և այլ ձայների միջոցով դինգոները որոշում են, թե ով է իրենցից ավելի կարևոր։ Ոռնոցը նաև օգտագործվում է հեռու տարածության վրա իրար գտնելու կամ վտանգի դեպքում իրար նախազգուշացնելու նպատակով։ Ոռնոցների միջոցով դինգոների ոհմակը խոսում է նաև այլ ոհմակների հետ։ Քանի որ ըստ ավանդույթի երկու տարբեր ոհմակներ իրար հետ գտնվում են լարված և թշնամական հարաբերությունների մեջ, դինգոները ոռնում են բոլորը միասին, այդպիսով ցանկանալով ցույց տալ, որ իրենց ոհմակը ավելի մեծ է։ Ի տարբերություն գայլերի ոռնոցների, դինգոների ոռնոցները շատ չեն ուսումնասիրվել։
Ի տարբերություն շների հաչոցի, դինգոների հաչոցը ավելի կարճ է և հազվագյուտ։ Հաչոցը կազմում է դինգոների ձայնային ազդանշանների միայն հինգ տոկոսը։ Հաչոցը օգտագործվում է մյուս դինգոներին վտանգի մասին զգուշացնելու համար։ Շների և գայլերի հաչոցները շատ տարբեր են։ Դինգոների հաչոցները կարող են տարբեր ինտոնացիա և բարձրություն ունենալ։ Կարող են համատեղվել նաև այլ ձայների հետ՝ մռնչոց, լաց և այլն։ Դինգոները կարող են հաչոցը համատեղել նաև ոռնոցի հետ։ Այս ժամանակ դինգոն սկզբից հաչում է մի քանի անգամ, այնուհետև սկսում է ոռնալ։ Մասնագետները համոզված են, որ եթե դինգոները ավելի շատ շփվեն շների հետ, կսկսեն նրանց նման հաչալ։ Սակայն գերմանացի մի կենդանաբան պատմել է, որ երկու եղբայր դինգոների սովորեցրել են հաչալ։ Եղբայրներից մեկը սկսել է ավելի տիպիկ հաչոցներ արձակել, իսկ մյուսը ոչ։
Դինգոները մարդկանց նկատմամբ ամաչկոտ են և աշխատում են ինչքան հնարավոր է նրանցից խուսափել։ Դեպքեր են գրանցվել երբ դինգոները վախեցել և փախել են մարդկանցից։ Դինգոները հիմնականում ապրում են խմբերով։ Որսում են գիշերը և որսի ժամանակ իրար հետ շփվում են ձայնային ազդանշաններով։
Դինգոների պահվածքը շատ հետաքրքիր և միաժամանակ բարդ է, ինչպես գայլերինը և կոյոտներինը։ Երիտասարդ արուները ապրում են միայնակ կյանքով, իսկ ավելի հասունները ընտանիք են հիմնում։ Ընդհանրապես դինգոները ապրում են միասին՝ խմբերով, սակայն այն տարածքներում, որտեղ նրանք շատ են, դինգոները ապրում են զույգերով (և իրենց ձագերով)։ Դինգոների ոհմակները տարբեր կառուցվածքներ ունեն։ Ոհմակի մեծությունը կախված է նրանց ապրելու վայրից և տարածքում գտնվող որսալու կենդանիների չափսերից։ Եթե որսի կենդանիները չապսերով մեծ են, ապա դինգոների ոհմակը համեմատաբար մեծ է, իսկ եթե կենդանիները փոքր են, ապա ոհմակը նույնպես փոքր է։ Դինգոների ոհմակները ապրում են իրար կից տարածքներում, այդ իսկ պատճառով դինգոները ինչպես նաև մյուս կենդանիները իրենց տարածքը ընդգծում են իրենց հոտը թողնելով ծառերի, թփերի, քարերի վրա։ Ընդհանրապես երկու տարբեր ոհմակներ գտնվում են լարված հարաբերություններում։ Դինգոները շատ բարի չեն գտնվում նաև ոհմակի նոր անդամների նկատմամբ։ Եթե երիտասարդ մի դինգո ցանկանում է միանալ մի ոհմակի, ապա նրա անդամները չուզենալու դեպքում կարող են դինգոյի քշել կամ վախեցնել, որպեսզի նա հեռու մնա իրենցից։ Ոհմակը կարող է ունենալ 3-11 անդամ։
Դինգոները բազմանում են տարեկան մեկ անգամ։ Ի տարբերություն այլ շնազգիների, դինգոները չունեն բազմանալու հատուկ սեզոն։ Նույնիսկ կենդանաբանակ այգիներում պահված դինգոներին ուսումնասիրելուց հետո մասնագետները չեն կարողացել ասել, թե տարվա որ եղանակին կամ որ ամսին են դինգոները բազմանում։ Միայն հաստատվել է այն փաստը, որ արուների սեռական ակտիվությունը նվազում է ամռան ամիսներին։ Ավստրալիայում ապրող դինգոները բազմանում են հիմնականում մարտ-մայիս ամիսներին, իսկ Ասիայում ապրողները՝ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին։ Միայնակ էգ դինգոները կարող են ձագեր ունենալ երկու տարեկան հասակում։ Եթե դինգոները ապրում են ոհմակով, ապա ձագեր ունենալ կարող է միայն գլխավոր (ալֆա) էգ դինգոն։ Դինգոների հղիությունը տևում է մոտ 60 օր։ Արու դինգոները սեռական հասունացման հասնում են մեկից երեք տարեկան հասակում։
Հիմնականում ձագերի քանակը հինգն է, սակայն կարող է հասնել մինչև տասի։ Արու ձագերը թվաքանակով ավելի շատ են, քան էգերը։ Ոհմակում ապրող դինգոներից միայն գլխավոր զույգը կարող է ձագեր ունենալ։ Ոհմակի մյուս անդամները պետք է պահեն, մեծացնեն, պաշտպանեն և կերակրեն ձագերին։ Սովորաբան ոհմակի մյուս էգերին տրված չէ ձագեր ունենալու իրավունք, այդ իսկ պատճառով եթե մեկ այլ էգ ձագեր է ունենում, գլխավոր էգը կարող է սպանել այդ ձագերին։
Դինգոները որսում են տարբեր տեսակի և չափսի կենդանիներ՝ միջատներից սկսած մինչև գոմեշ։ Դինգոների որսը մեծ կապ ունի նրանց ապրած տարածքի հետ։ Հիմնականում Ավստրալիայում ապրող դինգոները որսում են տարբեր կրծողների՝ առնետներ, մկներ, նապաստակներ և այլն, կենգուրուների, ընտանի կենդանիների՝ ոչխաներ, կովեր և այլն։ Ավստրալիայի հյուսիսարևելյան հատվածում ապրող դինգոները ավելի հմտորեն են որսում մեծ կենդանիների, քան մյուս տարածքներում ապրողները։ Իրենց զբաղեցրած տարածքի չոր կլիմայի պատճառով որսը դինգոների համար մեծ դժվարություն է հանդիսանում, այդ իսկ պատճառով դինգոների սննդի տասը տոկոսը կազմում են նաև տարբեր տեսակի մանր կենդանիներ և միջատներ։ Դինգոները կարող են նաև որսալ տարբեր չափսերի սողունների, սակայն դա հազվադեպ է պատահում։ Սողուններին որսալը դժվար է, քանի որ նրանք շատ արագ են վազում և ունեն ինքնապաշտպանության համար նախատեսված բազմաթիվ միջոցներ՝ սուր պոչ, ծակծկող մարմին և այլն։ Ավստրալիայի ծովափնյա վայրերում բնակվող դինգոների սննդի մեծ մասը կազմում են նաև ձկները այլ ծովային մանր կենդանիների հետ միասին ՝ խեցգետիններ, խխունջներ և այլ։ Դինգոները կարող են սնվել նաև բույսերով և հատապտուղներով, իսկ ճարահատված դինգոները սնվում են նույնսիկ մարդկանց կողմից թափված աղբով։ Շատ ժամանակ դինգոները ուտում են մահացած կենգուրուների և տարբեր եղջրավոր կենդանիների դիակներ կամ ոսկրեր։ Բացի այս կենդանիների դիակներից նրանք կարող են սնվել մահացած ձկներով, պինգվիններով և տարբեր թռչուններով։
Ամռան ամիսներին դինգոները օրական խմում են մոտ մեկ լիտր ջուր, իսկ ձմռանը՝ կես լիտր։
Դինգոները սովորաբար զոհին սպանում են կոկորդից բռնելով։ Եթե զոհը չափսով մեծ կենդանի է, ապա դինգոները նրան որսում են ոհմակով և ոհմակի մեկ կամ երկու անդամ աշխատում են զոհին գետնին տապալել։ Փոքր կենդանիներ որսալու համար այս ամենը պետք չի գալիս։ Երբ որ հերթը հասնում է կենգուրուներ որսալուն, ապա դինգոները աշխատում են որսալ փոքրերին, քանի որ դա ավելի հեշտ է։ Կենգուրու որսալը ավելի հեշտ է ստացվում բաց և ազատ տարածություններում։ Դինգոները մեծ կենգուրուներ որսում են, երբ նրանք ոհմակով են և երբ ոհմակի առաջատարը նրանց գլխավորում և ուղղություն է տալիս։ Վերջին տարիներին հայտնի է դարձել, որ որոշ դինգոների սնունդը բաղկացած է միայն մարդկանց հետևից թողնված սննդի մնացորդներով։ Դա կարող է բացատրվել դինգոների վարքի փոփոխությամբ։ Դինգոները երբեմն որսում են նաև թռչուններ, եթե այս վերջինները գետնի վրա են։ Դինգոները կարող են նաև գողանալ արծիվների պաշարած սնունդը։ Հայտնի է, որ դինգոները շատ հմտորեն որսում են ոչխարների։ Նույնիսկ միայնակ դինգոն կարող է հեշտությամբ որսալ այս կենդանուն։ Դինգոները որսում են նաև այլ ընտանի կենդանիների։ Որսի հաջողությունը կախված է դինգոյի առողջական վիճակից և տարիքից։ Ինչպես գայլերը, դինգոները նույնպես կարողանում են որսալ իրենցից մի քանի անգամ մեծ կենդանիների։ Հաջողությունը թաքնված է նրանում, որ ոհմակում յուրաքանչյուրը ունի իր դերը և պատասխանատվությունը։ Աշխատանքի ճիշտ կատարելու դեպքում ոհմակը հասնում է մեծ հաջողությունների։
Դինգոները սովորաբան չեն փոխում իրենց ապրելու վայրը։ Դա տեղի ունենում, երբ որ տեղանքում սով է տարածվում։ Հետազոտությունները ցույց են տվել, որ երիտասարդ դինգոները ավելի երկար տարածություն կարող են անցնել։ Արուները սովորաբար ավելի դիմացկուն են և կարող են մեկ օրվա ընթացքում հաղթահարել 21 կմ տարածք, իսկ էգերը՝ 11 կմ։ Չնայած դրան դինգոները չեն կարող երկար ապրել անծանոթ տեղանքում և ստիպված են լինում ետ դառնալ։ Դինգոյի կողմից հաղթահարված ամենաերկար տարածությունը 250 կմ է եղել։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դինգո» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դինգո» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.