Դեկումանուս կամ դեկումանո (լատին․՝ decumanus, տասնորդական), հին հռոմեական կանոնավոր հատակագծված քաղաքներում, ռազմական ճամբարներում և գաղութներում արևելքից արևմուտք ձգվող փողոց, որն ուղղահայաց էր կարդոյին՝ հյուսիսից հարավ ուղղությամբ ձգվող փողոցին[1]։

Արագ փաստեր Դեկումանուս Decumanus, Երկիր ...
Դեկումանուս
Decumanus
Thumb
Հյուսիսային դեկումանուսը Ջարաշում՝ արևմտյան ծայրից
ԵրկիրՀին Հռոմ
Փակել

Անվանման ստուգաբանություն

Դեկումանուս անվանումը կապվում է լեգեոնական ճամբարում տասներորդ կոհորտան իններորդից բաժանող փողոցի «դեկումանա» կամ «դեցիմանա» (լատին․՝ decimana, «տասներորդ») անվանման հետ։

Պատմություն

Հին Հռոմում կանոնավոր հատակագծումն իշխող սկզբունք էր։ Վառ օրինակներ են Պոմպեյ, Տիմգադ, Օստիա քաղաքները։ Քաղաքի գլխավոր փողոցը կոչվել է «Դեկումանուս Մաքսիմուս» (լատին․՝ Decumanus Maximus)[2] կամ առավել հաճախ` պարզապես Դեկումանուս[2]։ Ռազմական ճամբարում այն Պորտա Պրետորիան (թշնամուն ամենամոտ գտնվող դարպասը) միացնում էր Պորտա Դեկումանային (թշնամուց ամենահեռու գտնվող դարպասը)[3][4]։ Մեջտեղում հատվում էր գլխավոր կարդոյի` Կարդո Մաքսիմուսի հետ։ Հատման մոտակայքում էր սովորաբար գտնվում ֆորումը։ Հռոմեական քաղաքների մեծ մասն ուներ ուղղանկյուն հատագիծ և կառուցվում էր Կարդո Մաքսիմուսի և Դեկումանուս Մաքսիմուսի խաչմերուկի շուրջ։

Աշխարհագրական առանձնահատկությունների պատճառով որոշ քաղաքներում գլխավոր փողոցի դերը կատարում էր դեկումանուսը, իսկ կարդոն հանդես էր գալիս որպես երկրորդական փողոց, սակայն սովորաբար Կարդո Մաքսիմուսը ծառայում էր որպես քաղաքի գլխավոր փողոց։

Կարդոյի և դեկումանուսի շուրջ քաղաքի կառուցումը, որպես քաղաքաշինական սկզբունք, փոխառվել է կաստրումի՝ հռոմեական զինվորական ճամբարի հատակագծումից` կիրառվելով Հին Հռոմի ամբողջ պատմության ընթացքում։ Հռոմի պետական և զինվորական հստակ կացութաձևն իր դասական արտահայտությունն է ստացել ճամբարի կանոնավոր, ռացիոնալ հատակագծման մեջ։ Հարթ տեղանքի վրա խրամատների և հողակույտերի միջոցով պատնեշում էին ուղղանկյուն տարածք, որի առանցքները տեղադրված էին ըստ աշխարհի կողմերի։ Այսպիսի կողմնորոշումը շեշտվում էր փոխուղղահայաց երկու ճանապարհներով (կարդո և դեկումանուս), որոնց հատման հանգույցում հրապարակն էր՝ ընդհանուր ժողովատեղին, վարչական և պաշտամունքային կենտրոնը։ Այստեղ էին զորահրամանատարների, քրմերի վրանները, զորարշավային զոհասեղանը, գանձատները և այլն։ Ճամբարը հատվում էր մի շարք ավելի նեղ փողոցների կանոնավոր ցանցով։ Նվաճված կարևոր տարածքների կենտրոններում կառուցվում էին մշտական ճամբարներ, որոնք Հռոմի տիրապետության պատվարներն էին։ Դրանք արդեն քարաշեն պարսպով, զորանոցներով և այլ շինություններով ամրություններ էին, որոնք բարեկարգ ճանապարհներով կապվում էին մետրոպոլիսներին։ Մշտական ճամբարները, հետզհետե կառուցապատվելով զինվորների ընտանիքների, արհեստավորների և առևտրականների բնակելի տներով՝ դառնում էին նորաստեղծ քաղաքների կորիզը։

Պատկերասրահ

Պահպանված դեկումանուսներ

Thumb
Դեկումանուս փողոցը Պորեչում
Thumb
Բաբ Շարկին` Արևելյան դարպասը, Դամասկոսի Ուղիղ փողոցի վերջում

Եվրոպայի և Միջերկրածովյան ավազանի բազմաթիվ քաղաքներ ծագել են հռոմեական ճամբարներից, և դրանցից շատերում Կարդո Մաքսիմուսն ու Դեկումանուս Մաքսիմուսն այսօր էլ պահպանում են քաղաքի գլխավոր պողոտաների դերն ու գործառույթը։

Հին հռոմեական Բարչինո (ներկայիս Բարսելոնա) քաղաքում Դեկումանուս Մաքսիմուսն սկիզբ էր առնում ուշ հռոմեական շրջանի դարպասի մոտ, որը մինչ այժմ կանգուն է և գտնվում է ներկայիս Պլասա Նովա հրապարակի դիմաց[6]։

Դեկումանուս Մաքսիմուսը պահպանվել է այժմյան Խորվաթիայի Սպլիտ քաղաքում, որտեղ քաղաքի պատմական կենտրոնը հռոմեական հուշարձան Դիոկղետիանոսի պալատի հետ միասին ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։ Դիոկղետիանոս կայսեր կողմից կառուցված այս քաղաքը վառ կերպով ցուցադրում է հռոմեական փողոցներին բնորոշ ուղղանկյուն համակարգը, որում Դեկումանուս Մաքսիմուսը արևմտյան Երկաթե դարպասը կապում է արևելյան Արծաթե դարպասին[7]։

Պորեչ քաղաքի պատմական կենտրոնի 350-400 մ երկարությամբ գլխավոր փողոցը կառուցվել է 1-ին դարում և առ այսօր կրում է Դեկումանուս անվանումը[8]։

Հռոմեական Գադարա` Հորդանանում գտնվող այժմյան Ում Կայս քաղաքում դեկումանուսը մոտ մեկ կիլոմետր երկարությամբ ձգվում է արևելքից արևմուտք։ Պահպանվել է նույնիսկ հնագույն սալահատակը[9]։

Մեկ այլ վառ օրինակ է դեռևս Աստվածաշնչից հայտնի 1500 մետր երկարությամբ Ուղիղ փողոցը` Վիա Ռեկտան, Դամասկոսում, որն անցնում է քաղաքի պատմական կենտրոնով` միացնելով արևելյան և արևմտյան դարպասները։ Հին դեկումանուսի արևմտյան հատվածն այժմ Դամասկոսի հայտնի «Միդհատ փաշա» շուկան է։

Բեյրութի Կենտրոնական գործարար թաղամասում գտնվող Վեյգան փողոցը ձգվում է արևելքից արևմուտք` առ այսօր հետևելով հին հռոմեական դեկումանուսի հետագծին[10]։

Ֆլորենցիայում դեկումանուսը պահպանվել է քաղաքի հին կենտրոնում գտնվող Վիա Ստրոցցի, Վիա Սպեցիալի և Վիա դել Կորսո փողոցների տեսքով։ Թեև այս փողոցներն ունեն տարբեր անվանումներ, դրանք մեկ շարունակական գիծ են կազմում։ Հռոմեական ժամանակներում այս երեք փողոցները կազմում էին հռոմեական գաղութ Ֆլորենտինայի դեկումանուսը։ Վիա Ռոման և Վիա Կալիմալան առաջացել են հին կարդոյից, իսկ այն, ինչ ժամանակին Ֆլորենցիայի ֆորումն էր, այժմ Պյացա դելա Ռեպուբլիկա հրապարակն է։

Տես նաև

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.