![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/f3/StateLibQld_1_207213_A._G._Murray%252C_1901.jpg/640px-StateLibQld_1_207213_A._G._Murray%252C_1901.jpg&w=640&q=50)
Դասական կոստյում
From Wikipedia, the free encyclopedia
Կոստյում (ֆր.՝ Costume— հագուստ, հանդերձ, զգեստ), ավանդական վերնահագուստ (հագուստ),որպես կանոն պատրաստված մեկ ամբողջական կտորից, ավանդաբար տղամարդու։ Իր մեջ ներառում է պիջակ, անթև բաճկոն (ժիլետ) և տաբատ։ 20-րդ դարի կեսերից արդեն նաև կանացի զգեստ, սովորաբար իր մեջ ներառում է ժակետ և կիսաշրջազգեստ, սակայն կան նաև կանացի կոստյումներ ՝ բաճկոնով և տաբատով (քիչ տարածված)[1]։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/f3/StateLibQld_1_207213_A._G._Murray%2C_1901.jpg/640px-StateLibQld_1_207213_A._G._Murray%2C_1901.jpg)
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/59/Grey_and_navy_suit_on_mannequin.jpg/640px-Grey_and_navy_suit_on_mannequin.jpg)
Դասական կոստյումի մեջ ամենից հաճախ մտնում են պիջակը[2] և տաբատը, ավելի քիչ անթև բաճկոնը, այն լրացնում է վերնաշապիկը, փողկապը կամ փողկապ-թիթեռնիկը և դասական կոշիկները, երբեմն գլխարկը, կրծքի թաշկինակը, ճարմանդները կամ գրպանի ժամացույցը, շղթան, որն անցնում է անթև բաճկոնի(ժիլետ) կոճակների միջով։ Կոստյումների բազմազնությունը պայմանավորված էր գունային գամմայով (առավել տարածված գույներ էին սևը, մոխրագույնը, սպիտակը, մուգ կապույտը, մուգ կանաչը, մուգ կարմիրը, կապույտը և այլն), վերնահագուստի տեսքով (դա կարող է լինել պիջակ, սերթուկ, այցեզգեստ, ֆրակ, սմոքինգ, վերարկու, թիկնոց), կոճակների շարքով (միաքղանցք կամ երկքղանցք), ժիլետի առկայությամբ կամ բացակայությամբ, աքսեսուարների առկայությամբ (գրպանի ժամացույց, կրծքի թաշկինակ, ճարմանդներ), դարձածալի ձևով և այլ պարամետրերով։
Դասական կոստյումը ծնվել է դեռևս 17-րդ դարի կեսերին ՝ Լյուդովիկոս 14-րդ թագավորի Վերսալյան Բակում։ Ֆրանսիական նորաձևությունն ընդունել են նաև այլ երկրներ, մասնավորապես Մեծ Բրիտանիան, որտեղ 19-րդ դարի սկզբին արդեն հայտնվում է ժամանակակից կոստյումի նախատիպը։ Շուրջ չորս դար այն ամենօրյա հագուստ էր։ 17-րդ դարում այն պարունակում էր սերթուկ, վերնաշապիկ, բաճկոնակ, բրիջիներ, զուգագուլպաներ և կոշիկներ։ 18-19-րդ դարերում կոշիկները կարող էին լինել ճտքակոշիկ կամ կիսակոշիկ(արդյունքում ամրապնդվեցին վերջինները), ժանյակը փոխարինեց պարանոցի թաշկինակին, վերնաշապիկը ստացավ ժամանակակից, ավելի նեղ տեսք, տաբատները դարձան երկար։ Մինչև 20-րդ դարի սկիզբը հանրաճանաչ էին ձեռնափայտն ու գլանագլխարկը(ցիլինդր), իսկ մինչ Առաջին աշխարհամարտը սպիտակ ձեռնոցներ կրելը պարտադիր էր արիստոկրատների համար։ Այնուհետև մինչև 1960-ական թվականները, որպես կանոն, կոստյումը ներառում էր բաճկոն և գլխարկ, ավելի ուշ այն դարձավ ավելի քիչ հայտնի։ 1960-ական թվականներից նորաձևության մեջ ամրապնդվեցին կրկնակի կոստյումները` միաքղանցք բաճկոններով, որոնք մինչև հիմա պահպանում են իրենց դիրքերը։
Ավանդաբար դասական կոստյում կրել են միայն տղամարդիկ, սակայն 20-րդ դարում հասարակության մեջ կնոջ դերի ամրապնդմանը զուգընթաց այն սկսեցին կրել նաև կանայք։ Սկզբում դասական կոստյումը ամենօրյա հագուստ էր, սակայն 50-60-ական թվականներից այն սկսեց զիջել դիրքերը և դարձավ հագուստի օրինակ դասական ոճի սիրահարների համար կամ հատուկ դեպքերի համար` հեղինակավոր աշխատանք, պաշտոնական միջոցառում, տոն, այցելություն մշակութային հաստատություններ, ելույթ հանրության առջև և այլն։
Նախկինում դերձակները կոստյումները կարում էին պատվիրատուի պատվիրած գործվածքներից, սակայն արդյունաբերական հեղաշրջումից հետո սկսվում է զանգվածային արտադրություն, և բացվում են բազմաթիվ խանութներ, որտեղ վաճառվում էին ապրանքների լայն տեսականի։ Այժմ կոստյումի ձեռքբերման մի քանի հիմնական եղանակներ կան` պատվիրել սեփական գործվածքներից, պատվիրել կատալոգից, ձեռք բերել պատրաստի կոստյումներ, ինչպես նաև առանձին-առանձին ձեռք բերել կոստյումի տարրերը։