From Wikipedia, the free encyclopedia
Դաշտանադադար(կլիմաքս), կանանց կյանքի շրջան է, երբ դաշտանային ցիկլն ավարտվում է և կնոջ ձվարաններում դադարում է ձվաբջջի առաջացման ֆունկցիան[1][2]։ Կլիմաքսը հիմնականում դիտվում է 49-52 տարեկանում[3]։ Սովորաբար դաշտանադադար ախտորոշվում է, եթե 1 տարվա ընթացքում կնոջ մոտ չի դիտվում դաշտանային ցիկլ[4]։ Դաշտանադադարի պատճառ կարող է հանդիսանալ ձվարանների ներզատիչ ֆունկցիայի խանգարումը[5]։ Արգանդի վիրահատական հեռացումից հետո, կլիմաքս կարելի է համարել վիրահատության կամ հորմոնների քանակի իջեցման պահը[5]։ Արգանդի հեռացումից հետո դաշտանադադարին բնորոշ ախտանիշները հիմնականում ի հայտ են գալիս 45 տարեկանում[6]։
Դաշտանադադարին նախորդող տարիներին կնոջ մոտ դիտվում է անկանոն դաշտան, ինչը նշանակում է, որ դաշտանային ցիկլի տևողությունը նորմայից ավելի երկար է կամ կարճ[7][8]։ Այս շրջանում կանանց մոտ դիտվում են ջերմահորդանքներ, որոնք տևում են մոտ 30 վայրկյան և ուղեկցվում են քրտնարտադրությամբ, դողով և մաշկի կարմրությամբ[7]։ Ջերմահորդանքներն ավարտվում են մեկ կամ երկու տարուց[2]։ Այլ ախտանիշներն են հեշտոցի չորությունը, տրամադրության փոփոխականությունը, հոգնածությունը և քնի խանգարումները[7]։ Ախտանիշների արտահայտվածությունը տարբեր կանանց մոտ փոփոխվում է[2]։ Կա կարծիք, որ կլիմաքսը մեծացնում է սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը, սակայն ուղակի բացահայտված կապ չկա[2]։
Դաշտանադադարը բնական փոփոխություն է[9]։ Ծխախոտի օգտագործումը կարող է հանգեցնել վաղաժամ դաշտանադադարի[4][10]։ Այլ պատճառներից են ձվարանների հեռացումը կամ քիմիոթերապիայի որոշ տեսակները[4]։ Ֆիզիոլոգիայում կլիմաքսը ձվարանային հորմոնների՝ էստրոգենի և պրոգեստերոնի, արտադրության նվազումն է[1]։ Ախտորոշումը կարելի է հաստատել արյան կամ մեզի մեջ հորմոնների քանակի որոշմամբ[11]։ Դաշտանադադարի հակառակ պրոցեսը մենարխեն է, երբ աղջկա մոտ սկսվում է դաշտանային ցիկլը[12]։
Սովորաբար սպեցիֆիկ բուժում չի պահանջվում[13]։ Կարելի է իրականացնել սիմպտոմատիկ բուժում[13]։ Ծխախոտից, ալկոհոլից և կոֆեինից խուսափումը հնարավորություն է տալիս խուսափել ջերմահորդանքներից[13]։ Սառը սենյակում քնելը կարող է լավացնել քնի որակը[13]։ Դեղորայքային թերապիան ներառում է կլոնիդին, գաբապենտին, մենոպաուզալ հորմոնային թերապիա և սերոտոնինի հետզավթման սելեկտիվ ինհիբիտորներ[13][14]։ Ֆիզիկական ակտիվությունը նույնպես կարող է լավացնել քնի որակը[13]։ Մենոպաուզալ հորմոնալ թերապիան հազվադեպ է նշանակվում՝ հաշվի առնելով կողմնակի էֆեկտները[13]։ Այլընտրանքային բժշկության էֆեկտիվությունն ապացուցված չէ[2]։ Կան միայն որոշ ուսումնասիրություններ ֆիտոէստրոգենների մասին[15]։
Դաշտանադադարի վաղ շրջանում դաշտանային ցիկլը կանոնավոր է, սակայն գնալով ցիկլերի միջև ժամանակահատվածը երկարում է։ Հորմոնների քանակը նվազում է, իսկ օվուլյացիա դիտվում է ոչ բոլոր ցիկլերի ժամանակ[16]։
Դաշտանադադարի ժամանակ դիտվում է ախտանիշների բազմազանություն։
Նախադաշտանադադարի ժամանակ հնարավոր է անկանոն արյունային արտադրություն (քիչ, շատ, արյան հետքեր)[16]։ Նախադաշտանադադարի ընթացքում հորմոնալ փոփոխությունների արդյունքում կարող է դիտվել արգանդային դիսֆունկցիոնալ արյունահոսություն։ Արյան հետքերը կամ արյունահոսությունը կարող են ուղակիորեն կապված լինել հեշտոցի ատրոֆիայի, բարորակ գոյացության (օրինակ՝ պոլիպ) կամ էնդոմետրիումի ֆունկցիոնալ փոփոխությունների հետ։ Համաձայն մենոպաուզայի և անդրոպաուզայի եվրոպական ասոցիացիայի՝ արյունահոսության և արյան հետքերի հիմնական աղբյուրը էնդոմետրիումն է[17]։
Պոստմենոպաուզայի ժամանակ դիտվող արյունահոսությունը ահազանգող նշան է և այն կարող է հուշել չարորակ նորագոյացության առկայության մասին։
Ախտանիշներ, որոնք դիտվում են դաշտանադադարի ժամանակ և շարունակվում են պոստմենոպաուզայի շրջանում.
Այլ նշաններից են հոգնածությունը, ցավոտ սեռական ակտը, մեջքի ցավը, կրծքագեղձերի մեծացումը, կրծքերի ցավը, սրտային հրոցը, գլխացավը, գլխապտույտը, մաշկի չորությունը, քաշի ավելացումը, գիշերային քրտնարտադրությունը, ջերմահորդանքները, քնի խանգարումները և միզարձակման կառավարման դժվարությունները[16][18][19][20][21]։
Հոգեբանական ախտանիշներն են անհանգստությունը, մոռացկոտությունը, կենտրոնանալու անկարողությունը, դեպրեսիան, դյուրագրգռությունը, տրամադրության փոփոխությունները և սեռական ցանկության անկումը[16][22]։
Մենոպաուզայի հետ կապված կոգնիտիվ խանգարումները երբեմն շփոթում են մեղմ ճանաչողական խանգարման հետ, որը նախորդում է դեմենցիային[23]։ Մոռացկոտությունը բնորոշ է կանանց կեսին և հավանաբար կապված է ուղեղի վրա էստրոգենի ազդեցության նվազման, կամ ջերմահորդանքների ժամանակ ուղեղային արյան հոսքի նվազման հետ[24][25]։
Եթե դաշտանադադար դիտվում է 45 տարեկանից շուտ, ապա շատ բարձր է սիրտ-անոթային հիվանդությունների[32], մահվան[33] և թոքերի դիսֆունկցիայի ռիսկը[30]։
Դաշտանադադարը ֆիզիոլոգիական պրոցես է։ Դաշտանադադարի այլ պատճառներն են քիմիոթերապիան, ռադիոթերապիան, ձվարանների հեռացումը, փողերի կապումը, արգանդի հեռացումը, միակողմանի կամ երկկողմանի սալպինգո-օօֆորէկտոմիան[34]։
Մենոպաուզան սովորաբար դիտվում է 49-52 տարեկան հասակում[3]։ Կանանց կեսի մոտ այս շրջանը դիտվում է 47-55 տարեկան հասակում, իսկ 80%-ի մոտ՝ 44-58[35]:
Հազվադեպ ձվարանները դադարում են աշխատել շատ վաղ հասակում։ Այս երևույթը հայտնի է ձվարանների վաղաժամ անբավարարություն անունով և հանդիպում է 40-ից փոքր կանանց 1%-ի մոտ[36]։
Չախտորոշված և չբուժված ցելիակիան վաղաժամ մենոպաուզայի ռիսկի գործոն է։ Ցելիական կարող է ընթանալ առանց ստամոքսաղիքային ախտանիշների և ժամանակին չախտորոշվել։ Ցելիակիայի վաղ ախտորոշումը, բուժումը և առանց գլյուտենի սննդակարգը զգալիորեն նվազեցնում են ռիսկը[37][38]։
Եթե վաղ տարիքում կատարվել է հիստերէկտոմիա, ապա դաշտանադադարը դիտվում է 3.7 տարի ավելի վաղ։ Վաղ մենոպաուզայի ռիսկի գործոններ են նաև ծխելը և ցածր քաշը[39]։
Վաղաժամ ձվարանային անբավարարությունը ձվարանների ֆունկցիայի խանգարումն է 40 տարեկանից վաղ հասակում[40][41]։ Ախտորոշումը հաստատվում է, եթե նվազագույնը 3 ամիս արյան մեջ բարձր է ՖԽՀ-ն և ԼՀ-ն[42]։
Պատճառներն են աուտոիմուն հիվանդությունները, վահանագեղձի հիվանդությունները, շաքարային դիաբետը, քիմիոթերապիան, փխրուն X համախտանշը և ռադիոթերապիան[40]։ Այնուամենայնիվ 50-80% դեպքերում պատճառն անհայտ է և որակվում է՝ որպես իդիոպաթիկ[41][42]։
Եթե կնոջ մոտ կան վերարտադրողական համակարգի ֆունկցիոնալ խանգարումներ (օր.՝ էնդոմետրիոզ, ձվարանների պոլիկիստոզ համախտանիշ, սեռական օրգանների քաղցկեղ), ապա դաշտանադադարը կարող է դիտվել բավականին վաղ տարիքում։
Վաղաժամ մենոպաուզային կարող են նպաստել ծխախոտի օգտագործումը, մարմնի զանգվածի բարձր ինդեքսը, էթնիկ գործոնները, ձվարանների վիրահատական հեռացումը[43]։
Հայտնի է, որ վաղաժամ դաշտանադադարը հաճախ հանդիպում է միաձվանի երկվորյակների մոտ՝ մասնավորապես երկվորյակների 5%-ի մոտ դաշտանադադարը դիտվում է մինչև 40 տարեկանը։ Պատճառները դեռևս անհայտ են։ Երկվորյակների միջև ձվարանային հյուսվածքի փոխպատվաստումը, վերարտադրողականության ֆունկցիայի վերականգնման ուղությամբ, հաջող արդյունքներ է ցույց տվել։
Դաշտանադադար կդիտվի նաև երկկողմանի օօֆորէկտոմիայից հետո(ձվարանների հեռացում), այս վիրահատության ժամանակ հաճախ, բայց ոչ միշտ հեռացվում են նաև Ֆալլոպյան փողերը և արգանդը[44]։ Վիրահատական մենոպաուզայից հետո դիտվում է հորմոնների կտրուկ անկում, ինչի արդյունքում մենոպաուզայի ախտանիշները կարող են լինել ավելի արտահայտված[32]։
Եթե հեռացվում է արգանդն առանց հավելումների, ապա դաշտանադադար չի դիտվում, քանի որ ձվարանները շարունակում են կատարել իրենց էնդոկրին ֆունկցիան։ Այնուամենայնիվ, դաշտանադադարը կարող է դիտվել ժամանակից ավելի շուտ՝ կապված ձվարանների արյունամատակարարման խանգարման հետ[32]։
Դաշտանադադարն առավել հաճախ բնական փոփոխություն է, ոչ թե հիվանդություն կամ ախտաբանություն։ Բնական փոփոխության հիմնական պատճառը ձվաբջիջների քանակի նվազումն է։ Ձվաբջիջների քանակի նվազման հետ բարձրանում է լյուտեինացնող հորմոնի(ԼՀ) և ֆոլիկուլ խթանող հորմոնի(ՖԽՀ) արտադրությունը։
Փոփոխությունը կարող է դրսևորվել ախտանիշների տարբեր աստիճանի դրսևորմամբ[45]։ Աստիճանը դասակարգվում է ըստ ՖԽՀ հորմոնի քանակի փոփոխության[46]։
Երիտասարդ կանանց մոտ մենստրուալ ցիկլի ընթացքում ձվարաններն արտադրում են էստրադիոլ, տեստոստերոն և պրոգեստերոն։ Այս հորմոնների արտադրությունը վերահսկվում է հիպոֆիզի կողմից արտադրվող լյուտեյնացնող հորմոնով և ֆոլիկուլ խթանող հորմոնով։ Մենոպաուզայի ընթացքում էստրադիոլի քանակները գնալով պակասում են և դաշտանային ցիկլը դառնում է անկանոն կամ ավելի կարճ[47]։ Երբեմն էստրոգենի քանակը կարող է բարձրանալ ի պատասխան ՖԽՀ-ի, որը բարձրանում է հետադարձ բացասական կապի միջոցով՝ ինհիբինի նվազման պատճառով[48][49][50]։ Ենթադրվում է, որ հիստերէկտոմիայից հետո, նույն մեխանիզմով պարբերաբար խթանվում են ձվարանները, ինչն էլ հանգեցնում է վաղաժամ մենոպաուզայի։
Մենոպաուզայից հետո էստրադիոլի և պրոգեստերոնի արտադրությունը ձվարաններում դադարում է։ Էստրոգենը շարունակում է արտադրվել ճարպային հյուսվածքում, ինչպես նաև քիչ քանակներով այլ հյուսվածքներում(oր.՝ ուղեղ, անոթներ), որտեղ ազդեցությունը միայն տեղային է[51]։ Արյան մեջ շրջանառող էստրադիոլի քանակները զգալի նվազում են, ինչն ազդում է գրեթե բոլոր հյուսվածքների վրա՝ ուղեղից մինչև մաշկ։
Ի տարբերություն էստրադիոլի քանակների կտրուկ անկման, տեստոստերոնի. դիհիդրոէպիանդրոստերոն սուլֆատի և անդրոստենդիոնի քանակները կյանքի ընթացքում նվազում են աստիճանաբար։ Մենոպաուզայից հետո շրջանառող անդրոգենների քանակի կտրուկ նվազում չի դիտվում[52][53]։
Տաք հորդանքները և այլ վազոմոտոր ախտանիշները դիտվում են դաշտանադադարային փոփոխության ժամանակ։ Այս ախտանիշների հավանական պատճառը հորմոնների քանակի փոփոխություններն են, որոնք կարող են հանգեցնել հիպոթալամուսի կարգավորման խանգարման։ Ընդ որում վազոմոտոր ախտանիշները վաղ և ուշ պերիմենոպաուզալ շրջաններում տարբերվում են և հավանաբար զարգանում են տարբեր մեխանիզմներով[47]։
Մենոպաուզայի երկարաժամկետ էֆեկտներն են օստոպորոզը, հեշտոցային ատրոֆիան, մետաբոլիկ պրոֆիլի փոփոխությունը։
Հիստերէկտոմիայից հետո ձվարանները պարբերաբար խթանվում են, ինչը հանգեցնում է վաղաժամ դաշտանադադարի։ Էնդոմետրիալ աբլացիայից հետո նկատվում է ձվարանների ծերացման պրոցեսի արագացում։ Դժվար է հաստատապես ասել, որ այս վիրահատությունները հանդիսանում են գլխավոր պատճառ, սակայն ենթադրվում է, որ էնդոմետրիումի կողմից արտադրվում են էնդոկրին գործոններ, որոնք կարգավորում են հորմոնների հետադարձ կապը։ Այս գործոնների բացակայությունը արագացնում է ձվարանների ծերացման գործընթացը։ Արգանդային զարկերակի էմբոլիզացիայի և հիստերէկտոմիայի հետևանքով ձվարանների արյունամատակարարումը խանգարվում է, ինչը նույնպես ռիսկի գործոն է[48][50]։
ԴՆԹ ռեպարացիոն մեխանիզմների խանգարումները նույնպես կարող են հանգեցնել ձվարանների վաղաժամ ծերացման[54]։ Ձվարանների ֆերմենտային համակարգը հեշտությամբ վերականգնում է ԴՆԹ-ի երկշղթա վնասումները։ Այս համակարգը կոչվում է հոմոլոգիական ռեկոմբինացիոն ռեպարացիա և էֆեկտիվ է հատկապես մեյոզի ժամանակ։ ԴՆԹ ռեպարացիայի 4 հիմնական գեների (BRCA1, MRE11, Rad51, and ATM) էքսպրեսիան տարիքին զուգընթաց նվազում է[54]։ Հետևաբար տարիքի հետ նվազում է նաև երկշղթա վնասումները վերականգնելու ունակությունը։
Դաշտանադադարի երևույթների գնահատման համար կիրառվում են Գրինի կլիմակտերիկ սանդղակը[55], Սերվանտեսի սանդղակը[56] և դաշտանդադարի գնահատման սանդղակը[19]։
Պրեկլիմաքս տերմինն օգտագործվում է այն ժամանակահատվածի համար, երբ վերարտադրողական հորմոնների քանակը նվազում է և դառնում փոփոխական[44]։ Պրեկլիմաքսը սկսում է ավելի վաղ, քան դաշտանային ցիկլը դառնում է անկանոն[57]։
Պերիկլիմաքսը նկարագրում է բուն փոփոխության պրոցեսը, կարող է տևել մի քանի տարի, մինչև դաշտանային արյունահոսության վերջին էպիզոդը[1][8][58][59]։ Համաձայն Հյուսիսային Ամերիկայի դաշտանադադարի ասոցիացիայի տվյալների՝ այս ժամանակահատվածը կարող է տևել 4-8 տարի[60]։ Ըստ Դաշտանային ցիկլի և օվուլյացիայի հետազոտման կենտրոնի տվյալների՝ այս ժամանակահատվածը տևում է 6-10 տարի և ավարտվում է վերջին դաշտանային ցիկլից 12 ամիս հետո[61]։
Պերիկլիմաքսի ժամանակ էստրոգենի քանակը 20-30%-ով ավելի բարձր է, քան պրեկլիմաքսի ժամանակ[61]։ էստրոգենի քանակի փոփոխությունները հանգեցնում են մի շարք ֆիզիոլոգիական փոփոխությունների, որոնք առավել արտայատված են պերիկլիմաքսի վերջին 1-2 տարվա ընթացքում[58][62]։ Փոփոխություններն արտահայտվում են հետևյալ ախտանիշներով. ջերմահորդանքներ, տրամադրության փոփոխություն, հեշտոցի չորություն, քնի խանգարումներ, գիշերային քրտնարտադրություն, անմիզապահություն, սիրտ-անոթային համակարգի խնդիրներ և օստեոպորոզ[61]։
Այս ընթացքում պտղաբերությունը նվազում է, սակայն զրոյական մակարդակի չի հասնում։ Զրոյական մակարդակ դիտվում է վերջին դաշտանային արյունահոսքից 12 ամիս հետո։
Պերիկլիմաքսը սովորաբար սկսում է 40-50 տարեկանում (միջինը 47.5տ)[63][64]։ Կանանց մոտ սովորաբար, բայց ոչ միշտ, պերիկլիմակտերիկ փոփոխությունները սկսվում են գրեթե նույն տարիքում, որում սկսվել են իրենց մոր մոտ[65]։
Որոշ կանայք ունենում են կորստի զգացողություն՝ կապված պստղաբերության ավարտի հետ։ Սովորաբար դաշտանադադարի փոփոխությունները զուգակցվում են այլ սթրեսային վիճակների հետ.
Որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ կանանց մոտ մելատոնինի արտադրությունը պերիկլիմաքսի ժամանակ բարելավում է վահանագեղձի ֆունկցիան և նվազեցնում է դաշտանադադարի հետ ասոցացված դեպրեսիան[66]։
Պոստկլիմաքս տերմինը նկարագրում է կանանց, ովքեր չեն ունեցել դաշտանային արյունահոսք առնվազն 12 ամիս, չեն տարել հիստերէկտոմիա, հղի չեն և կրծքով չեն կերակրում[44]։ Արգանդի հեռացումից հետո դաշտանադադար կամ պոստկլիմաքս կարելի է ախտորոշել միայն արյան մեջ ՖԽՀ-ի քանակը որոշելուց հետո։ Հետդաշտանադադարը այն ժամանակահատվածն է, երբ ձվարանները դառնում են ինակտիվ[67]։
Հորմոնների քանակը շարունակում է նվազել նույնիսկ հետդաշտանադադարային ժամանակահատվածում, ինչի արդյունքում կարող են դիտվել ջերմահորդանքներ, որոնք դադարում են դաշտանադադարից մի քանի տարի հետո։
Հետդաշտանադադարի ժամանակ ցանկացած արտադրություն, առավել հաճախ արյունային, կարող է լինել էնդոմետրիումի քաղցկեղի նշան։
Դաշտանադադարը կյանքի բնականոն փուլ է, այն հիվանդություն կամ ախտաբանություն չէ։ Հետևաբար այն չի պահանջում յուրահատուկ բուժում։ Այնուամենայնիվ, եթե դիտվող ֆիզիոլոգիական փոփոխություններն այնքան ուժգին են, որ ազդում են կնոջ կյանքի որակի վրա, ապա կարելի է իրականացնել ամոքիչ թերապիա։
Դաշտանադադարի կոնտեքստում փոխարինող հորմոնալ թերապիան վերաբերում է էստրոգենի օգտագործմանը հիստերէկտոմիայից հետո և էստրոգեն+պրոգեստինի օգտագործմանը ինտակտ արգանդի դեպքում[68]։
ՓՀԹ-ն կարող է կիրառվել դաշտանադադարի սիմպտոմները թեթևացնելու համար, օրինակ՝ ջերմահորդանքները[69]։ Մաշկային սպեղանու ձևով օգտագործման դեպքում այն շատ էֆեկտիվ է[70][71]։ Ցավոք դրա օգտագործումը բարձրացնում է թրոբմագոյացման և ինսուլտի ռիսկը[72]։ Խորհուրդ է տրվում օգտագործել կարճ ժամանակով և ցածր դեղաչափերով[72]։ Երկարաժամկետ օգտագործման դրական էֆեկտների մասին հավաստի հետազատություններ դեռևս չկան[70]։
ՓՀԹ-ն նվազեցնում է նաև օստեոպորոզի և ոսկրերի կոտրվածքների առաջացման ռիսկը[73]։ Այնուամենայնիվ, այս եղանակը խորհուրդ է տրվում կիրառել այն դեպքում, երբ մնացած բուժական մեթոդները էֆեկտիվ չեն կամ հակացուցված են[74]։
ՓՀԹ-ն ցանկալի չէ կիրառել սիրտ-անոթային, թրոմբէմբոլիկ և քաղցկեղային հիվանդությունների զարգացման բարձր ռիսկ ունեցող կանանց մոտ[74]։ Կան մտավախություններ, որ բուժման այս մեթոդը բարձրացնում է կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը[75]։
Հետկլիմաքսային շրջանում հորմոնալ թերապիայի մեջ տեստոստերոնի ավելացումը բարելավում է կանանց սեռական ֆունկցիան, սակայն այն կարող է խթանել մազերի աճը, ակնեի առաջացումը և նվազեցնել արյան մեջ բարձր խտության լիպոպրոտեինների(ԲԽԼՊ) քանակը[76]։ Կողմնակի էֆեկտները դեղաչափ կախյալ են և կարող են կորեկցվել[76]։
Սինթետիկ պրեպարատների խումբ է, որոնք ազդում են, որպես ագոնիստներ կամ անտագոնիստներ, խթանելով էստրոգենային ընկալիչները։ Ամենահաճախը օգտագործվում են Ռալոքսիֆեն և Թամոքսիֆեն պրեպարատները։ Ռալոքսիֆենը ոսկրային և ճարպային հյուսվածքների էստրոգենային ընկալիչների վրա ցուցաբերում է ագոնիստ ազդեցություն, իսկ կրծքագեղձի և էնդոմետրիումի ընկալիչների վրա՝ անտագոնիստ[77]։ Թամոքսիֆենը լայնորեն կիրառվում է կրծքագեղձի հորմոն զգայուն քաղցկեղի բուժման սխեմաներում։ Ռալոքսիֆենի օգտագործումը պոստկլիմակտերիկ շրջանում նվազեցնում է կրծքագեղձի քաղցկեղի առաջացման, իսկ օստեոպորոզով տառապող կանանց մոտ կոտրվածքների առաջացման ռիսկը[78]։
Որոշ սերոտոնինի և նորադրենալինի հետզավթման ընտրողական արգելակիչներ կարող են կիրառվել որոշ վազոմոտոր ախտանիշների բուժման համար[14]։ Պարոքսեթինը միակ ոչ հորմոնալ պրեպարատն է, որը կիրառվում է միջին և ծանր աստիճանի վազոմոտոր ախտանիշների համար[79][80]։
Գաբապենտինը կամ Կլոնիդինը կարող են կիրառվել որոշ ախտանիշների մեղմացման համար, բայց հորմոնալ թերապիային չեն գերազանցում[14]։ Գաբապենտինը նվազեցնում է ջերմահորդանքները։ Կողմնակի էֆեկտները դրսևորվում են գլխացավերի և քնկոտության ձևով։ Կլոնիդինը օգտագործվում է վազոմոտոր ախտանիշների մեղմացման համար, կողմնակի էֆեկտներն են փորկապությունը, գլխապտույտը, սրտխառնոցը և քնի խանգարումները[14][81]։
Կան կարծիքներ որ վարքագծային կոգնիտիվ թերապիան նվազեցնում է ջերմահորդանքներից բացասական էմոցիաների հոսքը և կանանց տանելիությունը լավանում է[82]։ Ցավոք հավաստի հետազոտություններ չկան, որոնք թույլ կտան կատարել եզրահանգումներ[83]։
Ֆիզիկական վարժությունները բարձրացնում են էնդորֆինի քանակը և նվազեցնում են պոստկլիմաքսի ախտանիշները[84]։ Բարձր մարմնի զանգվածի ինդեքսը(ՄԶԻ) հանդիսանում է վազոմոտոր ախտանիշների առաջացման ռիսկ։ Ցավոք չկան հավաստի տվյալներ, որ քաշի նվազեցումը կբերի ախտանիշների լիարժեք բուժման[85]։ Այնուամենայնիվ ֆիզիկական ակտիվությունը նվազեցնում է մի շարք հիվանդությունների առաջացման ռիսկը, բարձրացնում տրամադրությունը, բարելավում արյան շրջանառությունը, նվազեցնում կոտրվածքների առաջացման ռիսկը և բարելավում կոգնիտիվ ֆունկցիաները[86]։ Պոստկլիմակտերիկ տարիքի կանանց խորհուրդ է տրվում զբաղվել հատկապես յոգայով[87]։
Չնայած որոշ մեթոդների տարածվածությանը, այլընտրանքային մեթոդները չունեն ապացուցված ստաբիլ էֆեկտ[88]։
Լայնորեն կիրառվում են սոյայի իզոֆլավոնները, որոնք նվազեցնում են ջերմահորդանքները և հեշտոցի չորությունը[15][89]։ Չնայած կիրառմանը, չկան գիտական տվյալներ նաև ֆիտոէստրոգենների(օր.՝ կումեստերոլ[90]. ֆեմարել[91]) և ոչ-ֆիտոէստրոգենների(օր.՝ սև կոհոշ)[15][92][93]։
Հիպնոզը կարող է նվազեցնել ջերմահորդանքների ծանրությունը։ Կարելի է կատարել ռելաքսիացիա համակցված շնչառական վարժություններով, որոնք նվազեցնում են սթրեսը և նպաստում են մկանների թուլացմանը[94]։
Չկան նաև հավաստի տվյալներ Չինական բժշկության(ասեղնաբուժության) կիրառման էֆեկտիվության մասին[88][95]։ Համաձայն 2016 թվականի հետազոտությունների՝ այն ունի պլացեբո ազդեցություն[96]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.