Գրոհիչ
From Wikipedia, the free encyclopedia
Գրոհիչ, մարտական թռչող սարք (ինքնաթիռ կամ ուղղաթիռ), որը նախատեսված է Ցամաքային զորքերի անմիջական օժանդակության ապահովման համար մարտի դաշտի վրայից, ինչպես նաև հակառակորդի վերգետնյա և վերջրյա նշանակետերի թիրախային խոցման համար։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/23/Il2_sturmovik.jpg/640px-Il2_sturmovik.jpg)
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/1a/A10Thunderbolt2_990422-F-7910D-517.jpg/640px-A10Thunderbolt2_990422-F-7910D-517.jpg)
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ամենաշատ կիրառվող (ինչպես նաև ամենաշատ կիրառված մարտական ինքնաթիռը ավիացիայի պատմության մեջ) գրոհիչն էր Իլյուշինի նախագծած Իլ-2 ինքնաթիռը։ Լյուֆտվաֆեն նույնպես կիրառում էր մասնագիտացված գրոհիչ՝ Henschel Hs 129, սակայն այն արտադրվել է քիչ քանակով և չի ունեցել զգալի դեր պատերազմի ընթացքում։ Գերմանական ավիացիայում տանկերի դեմ պայքարի գրոհիչի դերը կատարում էր Junkers Ju 87 ինքնաթիռը, որի զինատեսակներին ավելացվել էին երկու թևատակի հրանոթներ և հզորացվել էր ինքնաթիռի զրահը։
Գրոհիչ դասը խիստ սահմաններ չունի։ Մոտ են այս դասին կործանիչ-ռմբակոծիչները և գահավիժող ռմբակոծիչները։ Կործանիչներից առավել հաջող էին կիրառվում Hawker Typhoon-ները և Republic P-47 Thunderbolt-ները, ինչպես նաև մի փոքր փոփոխված Focke-Wulf Fw 190F ինքնաթիռները։
Գրոհիչները հետպատերազմյան տարիներին կորցրեցին իրենց դերը, քանի որ մարտական ինքնաթիռների արագությունը մեծացավ և այս պարագայում, խոցման ճշտությունը նվազեց, ինչպես նաև փոքր բարձրությունների վրա թռիչքը բարդացավ։ Մյուս կողմից հայտնվեցին գրոհիչ ուղղաթիռներ։ Այս պայմանների հետ կապված հետպատերազմյան տարիներին ավելի քիչ գրոհիչ ինքնաթիռներ էին նախագծվում, դրանց օրինակներ են՝ Blackburn Buccaneer, A-6 Intruder և A-7 Corsair II ինքնաթիռները։ Որպես գրոհիչ էին օգտագործվում նաև վերազինված մարզական ինքնաթիռները՝ BAC Strikemaster, BAE Hawk և Cessna A-37։
1960-ական թվականներին խորհրդային և ամերիկյան զինվորականները վերադարձան մասնագիտացված գրոհիչների գաղափարին, երկու երկրներում էլ հանգեցին նման մարտական կառուցվածքներին՝ հզոր զրահապատում, բարձր մանևրականություն մինչ-ձայնային արագություններում, հզոր հրետանային և հրթիռային սպառազինությամբ։ ԽՍՀՄ-ում ընտրվեց Սու-25-ը, իսկ ԱՄՆ-ում ավելի ծանր Republic A-10 Thunderbolt II-ը։
Այժմ գրոհիչ են անվանում նաև գրոհային ուղղաթիռները։
ՆԱՏՕ-ի երկրներում այս դասի թռչող սարքերը անվանում են «A-» տառով (անգլ.՝ Attack[1] բառից) որին հաջորդում է թվային նշանակումը (պետք է նշել, որ մինչև 1946 թվականը «A-» տառով էին նշվում նաև թեթև ռմբակոծիչները[1])։