From Wikipedia, the free encyclopedia
Գրիգոր Նազիանզացի (հուն․՝ Γρηγόριος Ναζιανζηνός, հայտնի է նաև որպես Գրիգոր Աստվածաբան, 329[1][2] կամ 330[3], Arianzos, Կապադովկիա, Հռոմեական կայսրություն և Nazianzus, Կապադովկիա, Հռոմեական կայսրություն - հունվարի 25, 389 կամ 390[3], Arianzos, Կապադովկիա, Հռոմեական կայսրություն և Nazianzus, Կապադովկիա, Հռոմեական կայսրություն), քրիստոնյա աստվածաբան, Եկեղեցու հայրերից մեկը, Բարսեղ Կեսարացու ընկերն ու գործակիցը։ Ընդհանրական և Հայ Առաքելական Եկեղեցու սուրբ։ Բարսեղ Կեսարացու և Գրիգոր Նյուսացու հետ կազմում է «երեք մեծ կապադովկիացիների» եռյակը։ Համառ պայքար է մղել արիոսականների դեմ։ Թողել է հարուստ գրական ժառանգություն, որի մեծ մասը հայերեն է թարգմանվել V-VIII դարերի ընթացքում։
Գրիգոր Նազիանզացի | |
---|---|
Ժամանակաշրջան | Հռոմեական կայսրություն |
Ծնունդ | 329[1][2] կամ 330[3] |
Ծննդավայր | Arianzos, Կապադովկիա, Հռոմեական կայսրություն կամ Nazianzus, Կապադովկիա, Հռոմեական կայսրություն |
Վախճան | հունվարի 25, 389 կամ 390[3] |
Վախճան վայր | Arianzos, Կապադովկիա, Հռոմեական կայսրություն կամ Nazianzus, Կապադովկիա, Հռոմեական կայսրություն |
Թաղման վայր | Կոստանդնուպոլիս |
Եկեղեցի | քրիստոնեություն[4] |
Սրբացված կարգ | սուրբ |
Հիշատակության օր | Հունվարի 2[5] և Հունվարի 25 |
Աշխատանք | կաթոլիկ քահանա, եպիսկոպոս, քարոզիչ, աստվածաբան, բանաստեղծ և էպիգրամաների հեղինակ |
Պաշտոն | Կոստանդնուպոլսի պատրիարք և թեմի հովվապետ |
Ապրելաձև | միստիցիզմ |
Երկիր | Հին Հռոմ |
Կրթություն | Պլատոնական ակադեմիա |
Ուսուցիչ | Himerius?, Բարսեղ Կեսարացի, Amphilochius of Iconium? և Պարույր Հայկազն |
Ստեղծագործություն | The Spirit and the Resurrection? |
Մայր | Nonna of Nazianzus?[6][7] |
Հայր | Gregory of Nazianzus the Elder? |
Քույր/եղբայր | Caesarius of Nazianzus? և Gorgonia? |
Գրել է 45 ճառ, 237 նամակ, բազմաթիվ պոեմներ և բանաստեղծություններ։ Ճառերի մեծ մասը հակաճառական, դավանաբանական բնույթի է, 5-ը՝ ներբողական, 9-ը՝ տոնախոսական։ Առավել նշանավոր են նրա աստվածաբանական հինգ ճառերը, որոնք արտասանել է աղանդավորների դեմ Կ. Պոլսում 380-ին։ Այդ ճառերի համար Գրիգոր Նազիանզացուն կոչել են «Աստվածաբան»։ Առաջին ճառը, ըստ էության, Աստծո և Սուրբ Երրորդության վերաբերյալ վարդապետության ներածությունն է։ Երկրորդում խոսվում է Աստծո գոյության և բնության, նրա ստորոգելիների մասին։ Երրորդ ճառը բացատրում է Երրորդության երեք աստվածային անձերի միությունը և Լոգոսի (Բանի) աստվածությունն ու համագոյությունը Հայր Աստծո հետ։ Չորրորդ ճառը հակաճառությունն ու հերքումն է արիոսականության, հինգերորդը նվիրված է Սուրբ Հոգու աստվածության պաշտպանությանը՝ ընդդեմ Մակեդոնի հոգեմարտ վարդապետության։ Գրիգոր Նազիանզացին պատվիրել է չքննել Որդու ծննդյան և Սուրբ Հոգու բխման խորհուրդը, քանզի դրանք վեր են մարդկային կարողությունից։ «Հերոնի մասին» ճառում սովորեցրել է եռանձնյա Աստվածությանը չվերագրել 3 սկիզբ, որպեսզի որևէ հեթանոսական կամ բազմաստվածության գաղափար տեղ չգտնի ուղղափառ դավանության մեջ։
Գրիգոր Նազիանզացու ներբողական և վարքագրական բնույթի մի քանի ճառեր ունեն պաշտամունքային-տոնական քարոզների նկարագիր և նվիրված են Սուրբ Ծննդյան, Աստվածահայտնության, Նոր կիրակիի և Հոգեգալստյան օրերին։ Հատկանշական են նրա «Յաւուր պատշաճ»-ի արտասանած ճառերը, որոնցից ամենանշանավորը «Փախուստի ջատագովություն» կամ հայկ. մատենագրության մեջ հայտնի «Փախուստ ի Պոնտոս» ճառն է։ Այն նվիրված է քահանայական կոչման վեհությանը և լրջությանը, պատասխանատվության խոր գիտակցության կոչ է հոգևոր պաշտոն ստանձնողներին։ Գրիգոր Նազիանզացու չափածո գրվածքները (բանաստեղծություններ, պոեմներ) լեցուն են աստվածապաշտությամբ լուսավորված ճշմարիտ բնական ձգտումով, փիլ. խոր մտքերով։ Նրա դավանաբանական չափածո երկերը նվիրված են Ս. Երրորդությանը, Արարչագործության բացատրությանը, աստվածային նախախնամությանը, մարդու ստեղծմանն ու անկմանը, Մարդեղության խորհրդին, Հիսուս Քրիստոսի հրաշագործություններին ու առակներին, Աստվածաշնչի կանոնական գրքերին։ Պոեմների մեծ մասը պատմական և ինքնակենսագրական բնույթի ստեղծագործություններ են։
Գրիգոր Նազիանզացու աստվածաբանությունը բնորոշվում է երեք հիմն. հատկանիշներով.
Գրիգոր Նազիանզացու մատենագրական վաստակի մի մասը (նաև նրա նշանավոր «Պատարագամատույցը») հայերեն է թարգմանվել V դ.։ Հայտնի են «Քրիստոս ծնեալ» (12 ճառ), «Յաղթեցայ» (8 ճառ), «Առ որս» (15 ճառ), «Որք Եգիպտոսէն են» (11 ճառ) ճառաշարերը։ Միջնադարյան Հայաստանում Գրիգոր Նազիանզացու երկերի տեսական առավել օգտաշատ հատվածներ խմբագրվել և օգտագործվել են որպես աստվածաբանական բարձրագույն ուսումնական ձեռնարկներ («Առ որս» ճառաշարը, «Հարցումն Բարսեղի եւ սուրբ Գրիգորի Աստուածաբանին» ևն), գրվել լուծմունքներ։ Նրա աշխատությունների աստվածաբանական հայեցակետից առավել կարևոր հատվածներ վկայաբերվել են հայ դավանաբանական մատենագրության մեջ։ Գրիգոր Նազիանզացու գործերից հայերեն թարգմանությամբ (մեկ ճառ) առաջին անգամ տպագրվել է «Գիրք և ճառ հոգեշահ» ժողովածուում (1722), ճառերից բազմաթիվ հատվածներ են վկայակոչվել «Կնիք հաւատոյ» ժողովածուում, Տիմոթեոս Կուզի «Հակաճառութիւն» (1908) երկում, Անանիա Սանահնեցու, Վարդան Այգեկցու երկերում և այլուր։
Հայ եկեղեցին ս. Գրիգոր Նազիանզացու հիշատակը տոնում է տարին 2 անգամ՝ Սուրբ Ծննդյան երրորդ կիրակիին նախորդող շաբաթ օրը և հոկտեմբերի վերջին շաμաթ օրը՝ «երկոտասան վարդապետաց» հետ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.