Գործք առաքելոց
From Wikipedia, the free encyclopedia
Գործք առաքելոց (հունարեն՝ Πραξεις Αποστολων (Praxeis Apostolon), լատիներեն՝ Actus Apostolorum կամ Acta apostolorum, կրճատ՝ Գործք), Նոր Կտակարանի գիրք, որտեղ պատմվում է Հիսուս Քրիստոսի խաչելությունից և հարությունից հետո մինչև Պողոս առաքյալի մ.թ. 60-ական թթ. սկզբներին Հռոմ ժամանելը տեղի ունեցած դեպքերի մասին։ Ավանդապես համարվում է, որ «Գործք»-ի հեղինակը Ղուկաս ավետարանիչն է, որը նաև համանուն ավետարանի հեղինակն է։
Գործքը Նոր Կտակարանի միակ գիրքն է, որն ունի պատմական տարեգրության բնույթ։ Այլ նորկտակարանյան գրքերի մեջ այն նաև առանձնանում է անհամեմատ լայն աշխարհագրական ընդգրկմամբ՝ գրքում նկարագրված իրադարձություններն ընդգրկում են Հրեաստանը, Ասորիքը, Փոքր Ասիան, Կիպրոսը, Հունաստանը, Միջերկրական ծովն իր Մալտա կղզիով և Հռոմ քաղաքը։ Մեծ թիվ են կազմում և գործող անձինք, որոնցից շատերը հիշատակվում են նաև անտիկ այլ պատմական աղբյուրներում։