Գավեյն
From Wikipedia, the free encyclopedia
Գավեյն (/ɡəˈweɪn/, Արթուր արքայի զարմիկ և արթուրյան լեգենդի Կլոր սեղանի ասպետ։ Որոշ ուելսական աղբյուրներում Գվալչմեյ անունով հանդիպում է լեգենդի վաղ զարգացումներում։ Գավեյն անունով հանդիպում է լատիներեն, ֆրանսերեն, անգլերեն, հոլանդերեն, գերմաներեն ու իտալերեն գրականության մեջ, մասնավորապես որպես «Սըր Գավեյնն ու Կանաչ Ասպետը» պատմվածքի գլխավոր հերոս։ Գավեյնի մասին այլ պատմություններից են՝ Historia Regum Britanniae («Բրիտանիայի թագավորների պատմություն»), Roman de Brut («Վեպ Բրուտի մասին»), De Ortu Waluuanii («Գավեյնի ծագումը»), Diu Crône («Թագը»), The Awntyrs off Arthure («Արթուրի արկածները»), L'âtre périlleux («Վտանգավոր գերեզմանոցը»), Le Chevalier à l'épée («Սրով ասպետը»), The Weddynge of Syr Gawen and Dame Ragnell («Սըր գավեյնի և լեդի Ռագնելի ամուսնությունը»), ինչպես նաև Կրետյեն դե Տրուացու աշխատանքներն ու Լանսելոթ-Գրեյլի արձակ ցիկլը։
Գավեյն | |
---|---|
Մասնագիտություն | ասպետ |
Ծնողներ | հայր՝ Լոթ արքա, մայր՝ Մորգաուզա |
Անդամություն | Կլոր սեղանի ասպետներ |
Երեխաներ | Վիգալուա[1] |
Gawain Վիքիպահեստում |
Գավեյնը Կլոր սեղանի ընտրյալ ասպետներից է, որը համարվում է Արթուր արքայի լավագույն ասպետներից ու ամենամտերիմ ուղեկիցներից մեկը։ Նա Արթուրի քրոջ՝ Մորգաուզայի (կամ Աննա) և Օրքնեյի ու Լոթիանի թագավոր Լոթի որդին է․ եղբայրներն ու խորթ եղբայրներն են՝ Ագրավեյնը, Գահերիսը, Գարետն ու Մորդրեդը։ Հաճախ նկարագրվում է որպես ահարկու, բարեկիրթ ու կարեկից մարտիկ, որն անմնացորդ նվիրված է իր թագավորին ու ընտանիքին։ Որպես այսպիսին՝ նա երիտասարդ ասպետների խորհրդատուն է, աղքատների պաշտպանն ու «օրիորդների ասպետը»՝ վտանգի մեջ հայտնված կանանց փրկիչը։ Գրինգոլեթ անունով ձի ունի, օգտագրծում է Էքսքալիբուր անունով կախարդական թուրը, որդիների թվում կարող էր լինել նաև «Գեղեցկադեմ անծանոթը»՝ Գինգալենը։ Գավեյնի մասին լեգենդի վերջին տարբերակներում նա ընկերություն է անում սըր Լանսելոթի հետ, որն ի վերջո դառնում է նրա ոխերիմ թշնամին։ Սովորաբար Գավեյնը պատկերվել է դրական լույսի ներքո, որը սակայն նվազեցվել է Լանսելոթ-Գրեյլի ցիկլում հօգուտ Լանսելոթի ու հատկապես Գալահադի, ու նա որպես հերոս զգալիորեն անտեսվել է հետ-լանսելոթյան արձակում։