From Wikipedia, the free encyclopedia
Գալա-հռոմեացիներ (ֆր.՝ Les Gallo-Romains, գերմ.՝ Welske), հռոմեական Գալիա գավառի հիմնական բնակչության պայմանական անվանումը։ Կազմավորվել են հատկապես գավառի հարավային մասում` Ակվիտանիայում և Պրովանսում, հին հռոմեական բնակչության` կելտերի, մասամբ նաև հունական և մավրիտանական տարրերով հռոմեացիների աճող ասիմիլյացիայի և անտիկ ռոմանիզացիայի հետևանքով[1]։ Քաղաքական ու տնտեսական կենտրոնը Լուտեցիա բնակավայրն էր։
Բազմատարր ռոմանալեզու բնակչությունը Գալիայում տիրապետող դարձավ 3-րդ դարում, իսկ 5-րդ դարի սկզբին կելտական բնակչությունը ամբողջությամբ ձուլվեց (բացառությամբ Բրետան թերակղզու բրետանացիների, ովքեր գերմանական ցեղերի կողմից արտաքսվել էին Բրիտանիայից 5-7-րդ դարերում)[2]։
Ուշ անտիկ ժամանակաշրջանի գալա-հռոմեացիները էթնոգենետիկ հիմք են հանդիսանում ժամանակակից ֆրանսիական ազգի, ինչպես նաև բելգիական վալոնների, ֆրանսա-շվեյցարացիների համար Սպեցիա-Ռիմինի գծից դեպի հյուսիս՝ Պրովանսում և Կատալոնիայում[3]։
Հին հռոմեական պետությունում «Գալիա» անվան տակ հասկանում էին կելտերով բնակեցված երկու տարածք՝ Նախաալպյան Գալիա և Անդրալպյան Գալիա։
Նախաալպյան Գալիան գտնվում էր Իտալիայի հյուսիսում։ Գալիական որոշ ցեղեր վտարվել էին այդտեղից, և տարածքը բնակեցրել էին հռոմեացիներով և իտալիկներով։ Նախաալպյան գալիական մյուս ցեղերը, մնալով Իտալիայի հյուսիսում, դարձել էին հռոմեացիների «դաշնակիցները», և շուտով ձուլվել հռոմեացիներին։
Անդրալպյան Գալիան մոտավորապես համընկնում էր ներկայիս Ֆրանսիայի հետ։ Նույնիսկ հռոմեացիների կողմից նվաճումից 100 տարի անց գալիացիներն այնտեղ կազմում էին բնակչության ճնշող մեծամասնությունը. միայն խոշոր քաղաքներում և հարավային ափին էին ապրում շատ հնատոհմ հռոմեացիներ։ Ժամանակի ընթացքում գալերի ժառանգները ոչ միայն սկսեցին իրենց հռոմեացի անվանել, այլև կորցրին իրենց լեզուն՝ ամբողջովին անցնելով «lingua romana»-ին։ Հենց Անդրալպյան Գալիայի բնակչությունն էլ կոչվում է գալա-հռոմեացիներ։
Գալա-հռոմեացիները «միատարր» չէին։ Պատմաբաններն առանձնացնում են Գալիայի հռոմեական բնակչության երկու ենթախումբ. մեկն ապրում էր Օքսիտանիայում, իսկ մյուսը` Նեյստրիայում։
Օքսիտանցիները՝ հռոմեական Աքվիտանիա և Պրովանս տարածաշրջանների նախկին բնակիչները, ամենաշատ ռոմանականացվածն էին և ամենաքիչն էին ենթարկվել գերմանական ազդեցությանը։ Նրանք ունեին իրենց պրովանսական լեզուն և մշակութային յուրահատկությունները։
Նեյստրիայի բնակչությունը՝ հռոմեական Բելգիկա և Լուգդունսկյան Գալիա տարածաշրջանների նախկին բնակիչները, ենթարկվելով ֆրանկների ազդեցությանը, ունեին ֆրանկ բնակիչների ստվար բազմություն, բայց միևնույն է, պահպանել էին իրենց ռոմանական մշակույթը։
Այսպիսի բաժանման կարելի է հանդիպել նաև այսօր, չնայած որ այդ տարբերությունը հետզհետե փոքրանում է։
Արդեն 4-րդ դարի վերջից սկսած՝ Գալիայի տարածքում՝ հատկապես հյուսիս-արևելքում, բնակություն են հաստատում նաև գերմանական ցեղեր (ֆրանկներ, ալեմաններ, վեստգոթեր)։ Ռասիզմի (այդ թվում՝ ինստիտուցիոնալ) ակնհայտ դրսևորման, ինչպես նաև մշակութային-լեզվական տարբերությունների պատճառով տիրապետող գալա-հռոմեական բնակչությունը (մոտավորապես 5-8 միլիոն մարդ) վաղ միջնադարի շրջանում ապրում է իխող դասակարգի հիմնական մասը կազմող գերմանացիների անբաժան իշխանության պայմաններում։ Այսպես, հասարակ գերմանացու կյանքը երկու անգամ թանկ էր գալա-հռոմեացու կյանքից։ Վերջիններս ստացել էին «ուելսկի» (Welske, այսինքն` վալախներ) ծաղրական անունը։ Դա գերմանական ծագմամբ էկզոէթնոնիմ էր բոլոր այն ազգերի համար, ովքեր խոսում էին ազգային լատիներենով։ Սակայն աստիճանաբար գալա-հռոմացիների գերակշռող թվի պատճառով (գերմանացիների թիվը հասնում էր կես միլիոնի, չնայած որոշ տարածաշրջաններում նրանց առկայությունը նշանակալի էր, և նույնիսկ գերակշռող, օրինակ` Դյունկերկ քաղաքում), գերմանացիները ձուլվում են գալա-հռոմեական միջավայրում։ Գալա-հռոմեացիները, ձուլվելով գերմանական և այլ ցեղերի հետ, հիմք են հանդիսանում ժամանակակից ֆրանսիացիների և Ֆրանսիայի համար։
Գալա-հռոմեացիների առաջին պետական կազմավորումը ընդունված է համարել Գալլական կայսրությունը, որը գոյություն է ունեցել 260-274 թվականներին հռոմեական Գալիա, Հռոմեական Իսպանիա և Հռոմեական Բրիտանիա տարածաշրջաններում։
5-րդ դարում գալա-հռոմեական ազգի դիմադրությունը գերմանական նվաճումներին իր արտացոլումը ստացավ վերջին ռոմանական պետականության կազմավորման գործընթացում` հռոմեական փոխարքա Սիագրիի կառավարության ժամանակ։ Վերջինս կազմավորել է Սուասոնի թագավորությունը և պաշտպանել հռոմեական բնակչության իրավունքները 464-486 թվականներին՝ մինչև ֆրանկյան առաջնորդ Քլոդվիգ I-ի զորքերի հարձակման հետևանքով նրա անկումը։
Անտիկ ռոմանիզացիայի համանման գործընթացի ընթացքում կայսրության այլ տարածաշրջաններում ևս ուշ անտիկ ժամանակաշրջանում կազմավորվել են ենթաէթնիկական ռոմանալեզու խմբեր՝ իբերո-հռոմեացիները Իբերիայում, դակո-հռոմեացիները Հռոմեական Դակիայում և Բալկաններում, իտալա-հռոմեացիների տարբեր խմբեր Իտալիայի նահանգներում և Սիցիլիայում։ Նրանք բոլորը ավելի ուշ սկիզբ դրեցին ռոմանական Եվրոպայի ժամանակակից ազգերի և ազգությունների համար՝ իսպանացիներ, պորտուգալացիներ, ռումինացիներ, մոլդովացիներ և այլն[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.