Գաբապենտին
քիմիական միացություն / From Wikipedia, the free encyclopedia
Գաբապենտին, վաճառքային անունը՝ Neurontin, հակացնցումային դեղորայք, որն օգտագործվում է պարցիալ ցնցումները, նեյրոպաթիկ ցավը և անհանգիստ ոտքերի համախտանիշը[2] բուժելու նպատակով։ Այն համարվում է առաջին ընտրության դեղորայք այն ցավերի բուժման համար, որոնք հետևանք են դիաբետիկ նեյրոպաթիայի, պոստհերպետիկ նևրալգիայի և կենտրոնական ծագման նեյրոպաթիկ ցավի[3]։ Դիաբետիկ նեյրոպաթիայի կամ պոստհերպետիկ ցավի բուժման համար այս դեղորայքը կիրառողների 15 %-ի մոտ գրանցվել է էական դրական արդյունք[4]։ Գաբապենտինը կիրառվում է ներքին ընդունման դեղաձևի տեսքով[5]։
Գաբապենտին | |
---|---|
Քիմիական բանաձև | C₉H₁₇NO₂ |
Մոլային զանգված | 2,8E−25 կիլոգրամ[1] գ/մոլ |
Քիմիական հատկություններ | |
Դասակարգում | |
CAS համար | 60142-96-3 |
PubChem | 3446, 6919078 |
EINECS համար | 262-076-3 |
SMILES | C1CCC(CC1)(CC(=O)O)CN |
ЕС | 262-076-3 |
ChEBI | 3328 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Հաճախակի հանդիպող կողմնակի ազդեցություններից են քնկոտությունը և գլխացավը[5]։ Ավելի լուրջ կողմնակի ազդեցություններից են՝ ինքնասպանության մտքերը, ագրեսիվ վարքը և դեղորայքային փոխազդեցությունները[5]։ Հղիության կամ կերակրման ընթացքում կիրառելիս դիտվող կողմնակի ազդեցությունների մասին տեղեկատվություն հասանելի չէ[6]։ Այն անձանց մոտ, ովքեր ունեն երիկամի որևէ հիվանդություն, որի դեպքում երիկամի ֆունկցիան խիստ նվազած է, խորհուրդ է տրվում կիրառել նվազագույն դեղաչափերով[5]։ Գաբապենտինը պատկանում է գաբապենտինոիդներին[7]։ Մոլեկուլյար կառուցվածքով շատ նման է նյարդամիջնորդանյութ գամմաամինակարագաթթվին(ԳԱԿԹ) և գործում է՝ արգելակելով հատուկ կալցիումական անցուղիները[7][8][9]։
Գաբապենտինը առաջին անգամ հաստատվել է կիրառման համար 1993 թվականին[10]։ Սկսած 2004 թվականից ԱՄՆ-ում արդեն հասանելի էին գեներիկ տարբերակները[5]։ 2016 թվականի տվյալներով՝ այն նյութ ԱՄՆ-ում ամենահաճախ նշանակվող դեղորայքների մեջ 11-րդ տեղում էր՝ ավելի քան 44 միլիոն դուրսգրում[11]։ 1990-ականների ընթացքում Պարկե-Դևիսը՝ Pfizer ընկերության ենթակառույցներից մեկը, սկսեց օգտագործել մի շարք իլեգալ մեթոդներ, որպեսզի բժիշկները ավելի շատ դուրս գրեն այս դեղը, և դրանով մեծացրեց ԱՄՆ-ում գաբապենտինի չհիմնավորված նշանակման դեպքերի թիվը[12]։ Այդ գործունեության համար նրանք մեծ տույժեր են վճարել հետագայում[13]։