Բոուլինգ
From Wikipedia, the free encyclopedia
Բոուլինգ (անգլ.՝ to bowl - գլորել), գնդակներով սպորտային խաղ, առաջացել է կեգլի խաղից։ Խաղի նպատակն է ձեռքով նետած հնարավորինս քիչ գնդակներով գցել կեգլիները, որոնք հատուկ ձևով շարված են առանց կողային հատվածների ուղու վերջում։
Բոուլինգ | |
---|---|
Տեսակ | bowling? |
Տարբերվում է | bowling? |
Bowling Վիքիպահեստում |
Աշխարհում կան բոուլինգի բազմաթիվ տեսակներ․ 5 կեգլիանոց բոուլինգ, որը տարբերվում է 10 կեգլիանոցից ոչ միայն կեգլիների քանակով, այլև յուրաքանչյուր ֆրեյմում թույլատրելի նետումների թվով[1], ինչպես նաև կեգլիների տարբեր խաղային արժեքներով, քենդլփին-բոուլինգ, որի կեգլիների տեսքը նման է մոմի, դաքփին-բոուլինգ, որը ևս տարբերվում է կեգլիների տեսքով․ դրանք նման են բադի, ավելի փոքր են և դիմացկուն, նաև թեթև, սկիթլզ և այլ տեսակներ։
Աշխարհում ամենատարածված տարբերակը 10 կեգլիանոց բոուլինգն է (անգլ.՝ Tenpin), որի դեպքում կեգլիները դասավորվում են եռանկյունաձև՝ 1895 թվականին խաղացողների առաջին պրոֆեսիոնալ միության՝ «Բոուլինգի ամերիկյան կոնգրեսի» կողմից ընդունված կանոնների համաձայն[2]։
Խաղը շատ տարածված է ԱՄՆ-ում, այս երկիրն առաջատար է մեկ բնակչին բաժին ընկնող բոուլինգի ուղիների քանակով (1/2 250)։ Այս ցուցանիշով ԱՄՆ-ին հաջորդում են Ազգերի համագործակցության և Սկանդինավիայի երկրները, Ճապոնիան։ Ընդհանուր առմամբ, ըստ 2007 թվականի տվյալների՝ աշխարհի 120 երկրում հաշվարկվել է բոուլինգի շուրջ 10 միլիոն մշտական խաղացող[3]։ Խաղացողները միավորվում են ակումբներում, ակումբները՝ տարբեր ասոցիացիաներում, որոնք էլ իրենց հերթին կազմակերպում են ազգային և միջազգային մրցաշարեր։
Ամենախոշոր և հեղինակավոր ասոցիացիան Բոուլինգի համաշխարհային ֆեդերացիան է (անգլ.՝ World Bowling, WB), որն իր մեջ ներառում է 134 երկրի ֆեդերացիները։ Ֆեդերացիան ճանաչվել է որպես պաշտոնական կարգավորող և սահմանում է ամբողջ աշխարհում 10 և 9 կեգլիանոց բոուլինգի կանոններն ու չափանիշները[4]։ Բոուլինգի համաշխարհային ֆեդերացիայի առաջնություններն անցկացվում են երկու տարին մեկ անգամ։