ամերիկացի դերասան From Wikipedia, the free encyclopedia
Բլեյք Ալեքսանդր Ջեներ (անգլ.՝ Blake Alexander Jenner, օգոստոսի 27, 1992[1], Մայամի, Ֆլորիդա), ամերիկացի դերասան, որն առավել հայտնի է «Glee» սերիալում խաղացած Ռայդեր Լինի դերով և «Բոլորն էլ մի քիչ ուզում են», «Տասնյոթ տարեկան» և «Ամերիկյան կենդանիներ» ֆիլմերով։
Բլեյք Ջեներ | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 27, 1992[1] (32 տարեկան) |
Ծննդավայր | Մայամի, Ֆլորիդա |
Կրթություն | Felix Varela High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | երգիչ, կինոդերասան, հեռուստատեսային դերասան և սցենարիստ |
Ամուսին(ներ) | Մելիսա Բենոիսթ |
Բլեյք Ջեները ծնվել է 1992 թվականի օգոստոսի 27-ին Ֆլորիդա նահանգի Մայամի քաղաքում՝ Ռիչարդ Վերնոն Ջեների (Richard Vernon Jenner) և Միթզի Սոթոյի (Mitzy Soto) ընտանիքում[2]։ Դպրոցական տարիներին հետաքրքրվել է դերասանությամբ, իսկ աշխատանքի առաջին փորձը դարձել է տեղական կահույքի խանութի գովազդում նկարահանումները[3]։
2010 թվականին Ջեները տեղափոխվել է Լոս Անջելես կինոյում պրոֆեսիոնալ կարիերա սկսելու հնարավորություն ունենալու համար ։ Աշխատելով վաճառող և մատուցող՝ ազատ ժամանակ հաճախել է դերասանական արվեստի դասընթացների։ Այդ ընթացքում նկարահանվել է մի քանի կարճամետրաժ ֆիլմերում և առաջին անգամ հայտնվել հեռուստատեսությունում՝ «Մելիսա և Ջոուի» սիթքոմի էպիզոդում[4][5][6]։
2012 թվականին մասնակցել է «The Glee Project» ստեղծագործական ռեալիթի-շոուի երկրորդ սեզունին և տարել հաղթանակ։ Որպես մրցանակ սկսնակ դերասանը դեր է ստացել Fox հեռուստաալիքի «Glee» երաժշտական սերիալում[7][8][9]։ Նրա Ռայդեր Լին կերպարը ցուցադրվել է չորրորդ սեզոնի հինգերորդ էպիզոդում, և հետագայում շոուում նկարահանվել է պարբերաբար[10][11]։ Հինգերորդ սեզոնում Ջեները դարձել է հիմնական դերասանական կազմի անդամներից մեկը[12], սակայն ավելի ուշ շոուի կոնցեպցիայի փոփոխությունների պատճառով մի քանի հերոսների սյուժետային գծեր սերիալից կրճատվել են[13], և վեցերորդ սեզոնում հրավիրվել է միայն մեկ էպիզոդում[14]։ «Glee»-ում իր աշխատանքի համար որպես հեռուստատեսության լավագույն նոր դերասան արժանացել է «Teen Choice Awards» մրցանակին[15]։
Մեծ էկրանի առաջնաելույթը Ջեների համար դարձել է Ռիչարդ Լինկլեյթերի առաջին կուրսի ուսանողի առաջին օրերի մասին պատմող 2016 թվականի «Բոլորն էլ մի քիչ ուզում են» կատակերգությունում խաղացած գլխավոր դերը[16][17]։ Ժապավենը ստացել է գերազանցապես դրական արձագանքներ[18] և անկախ կինոյի «Gotham Awards» մրցանակի «Լավագույն ֆիլմ» կատեգորիայի անվանակարգ[19]։ Հաջորդ տարվա ընթացքում թողարկվել է քննադատների կողմից բարձր գնահատված «Տասնյոթ տարեկան» անցումային տարիքի դժվարությունների մասին կատակերգական դրաման[20][21], «Ներսում» թրիլլերը[22] և «Սիդնի Հոլլ» դետեկտիվ ֆիլմը[23], որոնցում Ջեներին բաժին է ընկել երկրորդական պլանի նշանակալի դերեր։ Դիտարկվել է Հան Սոլոի դերի հավակնորդներից մեկը այդ հերոսին նվիրված «Աստղային պատերազմներ» շարքի ֆիլմում[24][25], բայց դերը զիջել է Օլդեն Էրենրայքին[26]։ 2017 թվականի հոկտեմբերին Սան Դիեգոի միջազգային կինոփառատոնում, որտեղ ցուցադրվել է «Անչափահասը» ֆիլմը, որում հանդես է եկել որպես սցենարիստ, պրոդյուսեր և գլխավոր դերակատար, Ջեները ստացել է «Բարձրացող աստղ» մրցանակը[27]։ Այս ժապավենը թողարկվել է 2018 թվականի հունիսին «Բիլի» անվամբ[28][29]։ Նույն ամսին վարձույթով թողարկվել է «Ամերիկյան կենդանիներ» քրեական դրաման[30]։ Դրանից շատ չանցած Ջեները ստացել է առաջին նշանակալի թատերական դերը. նա Փիթեր Դինքլեյջի հետ սկսելէ խաղալ Էդմոն Ռոստանի պիեսի հիման վրա բեմադրված «Սիրանո» ներկայացման գլխավոր հերոսի կերպարում[31][32]։
2019 թվականին Նեթֆլիքս ծրագրով թողարկվել է «Ինչ/եթե» բազմասերիանանոց թրիլլերը, որի գլխավոր դերերում խաղացել են Բլեյք Ջեները, Ջեյն Լևը և Ռենե Զելվեգերը[33]։ Հայտնի է դարձել նաև, որ նա կրկին կաշխատի Լինքլեյթերի հետ և կխաղա Սթիվեն Սոնհայիմի «Merrily We Roll Along» մյուզիքլի էկրանավորումում, որը ռեժիսորը մտադիր է նկարահանել 20 տարվա ընթացքում, որպեսզի իրատեսորեն պատկերացնի կերպարների տարիքային փոփոխությունները[34][35]։
«Glee»-ի նկարահանումների ընթացքում Բլեյք Ջեները սիրավեպ է ունեցել գործընկեր Մելիսա Բենոիսթի հետ. 2013 թվականին ԶԼՄ-ները հայտնել են նրանց նշանադրության[36][37], իսկ 2015 թվականին՝ ամուսնության մասին[38][39] (որոշ տվյալններով ամուսնությունը գրանցվել է նշանադրությունից անմիջապես հետո)[40]։ Հետո դերասանը նկարահանվել է «Սուպերգրլ» սերիալի երկու էպիզոդներում, որտեղ Բենոիսթը խաղացել է գլխավոր դերում[41][42]։ Նրանք միասին նկարահանվել են նաև Ջեների սցենարով նկարահանված «Բիլի» ֆիլմում[43]։ 2016 թվականի դեկտեմբերին հայտնի է դարձել, որ զույգը «անհաշտ հակասությունների» պատճառով բաժանվել է, և սկսվել է ապահարզանի գործընթացը[44][45], որն ավարտվել է մեկ տարի անց[46]։ 2019 թվականին Բենոիսթը հայտարարել է, որ նախկինում իր զուգընկերոջ կողմից եղել է ընտանեկան բռնության զոհ, սակայն նրա անունը չի տվել (դա կասկածներ է առաջացրել, որ դերասանուհին նկատի ուներ նախկին ամուսնու հետ հարաբերությունները)[47][48]։
Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր |
---|---|---|---|
2010 | Մահացու թարմություն | Fresh 2 Death | Կոնոր |
2011 | Մելիսա և Ջոուի | Melissa & Joey | Միլեր Քոլինզ |
2012 | Ճշմարտությունը ճիշտ լինելու մեջ է | The Truth in Being Right | Ջեֆրի |
2012-2015 | Glee | Glee | Ռայդեր Լին |
2014 | Սեր առաջին կայքից | Love at First Site | Սիդնի Ռեյնոլդս |
2016 | Սուպերգրլ | Supergirl | Ադամ Ֆոսթեր |
2016 | Բոլորն էլ մի քիչ ուզում են | Everybody Wants Some | Ջեյք Բրեդֆորդ |
2016 | Տասնյոթ տարեկան | The Edge of Seventeen | Դերիան Ֆրանկլի |
2017 | Սիդնի Հոլլ | The Vanishing of Sidney Hall | Բրեթ Նյուպորտ |
2017 | Անչափահաս/Բիլի | Juvenile / Billy Boy | Բիլի Ֆորսեթի |
2018 | Ամերիկյան կենդանիներ | American Animals | Չեզ Ալեն |
2018 | NBA 2K19 | NBA 2K19 | Հաուի Կարտեր |
2019 | Ինչ/եթե | What/If | Շոն Դոնովան |
Տարի | Մրցանակ | Անվանակարգ | Աշխատանք | Արդյունք |
---|---|---|---|---|
2013 | Teen Choice Awards | Հեռուստատեսությամբ տարվա առաջխաղացում | Glee | Հաղթանակ |
2017 | Սան Դիեգոի միջազգային կինոփառատոն | Բարձրացող աստղ | Հաղթանակ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.