Բժշկական տեսակավորում
From Wikipedia, the free encyclopedia
Բժշկական տեսակավորում կամ տրիաժ (ֆր.՝ triage), հիվանդների բուժման գերակայության որոշման գործընթացն է՝ ելնելով նրանց վիճակի ծանրությունից։ Հիվանդների բուժման արդյունավետ ձև է, երբ միջոցները անբավարար են բոլորին անհապաղ բուժելու համար։ Տուժածները և հիվանդները բաժանվում են խմբերի ելնելով կոնկրետ իրավիճակի առաջնահերթ միջոցառումների (բժշկական, կանխարգելիչ, տարհանման) անհրաժեշտությունից։
Նույնիսկ միաժամանակ ժամանած երկու տուժածների համար էլ բժշկական տեսակավորում է պահանջվում։ Բժշկական տեսակավորման ժամանակ թույլատրվում է հիպերդիագնոստիկա։ Տեսակավորման հիմքը ախտորոշման, բուժման միջոցառումների և բուժման արդյունքների կանխատեսումների մասին ընդհանուր գաղափարն է։ Տեսակավորման նպատակն է առավելագույն ծավալի տուժածներին ժամանակին առավելագույն բժշկական օգնություն տրամադրելը։ Տուժած երեխաների և հղի կանանց վիճակը, առանց տեսանելի վնասի, միշտ գնահատվում է որպես ծանր, տարհանումն ու օգնությունն իրականացվում է առաջին հերթին։