From Wikipedia, the free encyclopedia
Բերթա Բենց (pronunciation , գերմ.՝ Bertha Benz, ծնյալ՝ Cäcilie Bertha Ringer, մայիսի 3, 1849[1], Պֆորցհայմ, Բադենի Մեծ Դքսություն, Գերմանական միություն[1] - մայիսի 5, 1944[1], Լադենբուրգ, Նացիստական Գերմանիա[1]), ավտոմոբիլային արդյունաբերության գերմանացի ռահվիրա, ավտոմեքենայի գյուտարար Կառլ Բենցի կինն ու բիզնես գործընկերը։ Առաջին անձնավորությունն էր, որ 1888 թվականի օգոստոսի 5-ին մեքենա է վարել երկար տարածության վրա՝ մանրակրկտորեն փորձարկելով Մոթորվագեն արտոնագիրը, ստեղծել է արգելակման բարձիկները, և այդ 65 մղոնանոց (105 կմ) ճամփորդության ընթացքում մի քանի գործնական հարցեր լուծել[3], որով համաշխարհային ուշադրություն է հրավիրել Բենցի արտոնագրված ավտոմեքենայի վրա ու նպաստել դրա առաջին նմուշների վաճառքին։
Բերթա Բենց գերմ.՝ Cäcilie Bertha Benz և անգլ.՝ Bertha Benz | |
---|---|
Ծնվել է | մայիսի 3, 1849[1] |
Ծննդավայր | Պֆորցհայմ, Բադենի Մեծ Դքսություն, Գերմանական միություն[1] |
Մահացել է | մայիսի 5, 1944[1] (95 տարեկան) |
Մահվան վայր | Լադենբուրգ, Նացիստական Գերմանիա[1] |
Քաղաքացիություն | Գերմանական ռայխ |
Մայրենի լեզու | գերմաներեն |
Երկեր | Car tourism? |
Մասնագիտություն | գործարար և ավտոարշավորդ |
Ամուսին | Կառլ Բենց[2] |
Երեխաներ | Ռիխարդ Բենց և Eugen Benz? |
Bertha Benz Վիքիպահեստում |
Սեսիլ Բերթա Ռինգերը ծնվել է հարուստի ընտանիքում 1849 թվականի մայիսի 3-ին Գերմանիայի Բադեն մեծ դքսության Պֆորցհայմ քաղաքում[4][5]։
Կառլ Բենցի հետ ամուսնությունից երկու տարի առաջ իր օժիտի ի մասն օգտագործել է՝ այն ներդնելով նրա երկաթե սարքավորումների գործարանում[6]։ Որպես դեռևս չամուսնացած կին նա դա կարող էր անել, սակայն ամուսնությունից հետո, ըստ գերմանական օրենքի, զրկվել է ներդրումներ կատարելու օրինական իրավունքից[7]։ 1872 թվականի հուլիսի 20-ին ամուսնացել է Բենցի հետ, որը նախաձեռնելով նոր արտադրական ձեռնարկություն, շարունակել է օգտագործել կնոջ օժիտը որպես ֆինանսական օգնություն։
Իր առաջին՝ առանց ձիու կառքը Բենցն ավարտել է 1885 թվականի դեկտեմբերին։ Բերթան այն փորձարկել է դաշտում, լրացումներ կատարել դրա դիզայնի վրա՝ մետաղամեկուսացում ավելացնելով և ստեղծելով կաշվե արգելակման բարձիկներ, որոնք պետք է փոխարինեին փայտե արգելակներին, եթե դրանք հանկարծ չաշխատեին։ Ավելին, նա հնարավորությունների մի քանի հիմնական ոլորտներ է առաջարկել, ինչպիսին է վառելանյութի տարայի դիզայնը, որը Բենցը հետագայում կատարեկագործել է։ Բացի մեքենայի դիզայնի վրա իր ներդրումները, Բերթան օգնել է ֆինանսավորել Մոթորվագենի կատարելագործումը։ Ըստ նոր օրենքի՝ նա կարող էր արտոնագրային իրավունքներ ունենալ, բայց որպես ամուսնացած կին իրավունք չի ունեցել որպես ներդրող հանդես գալ այդ արտոնագրի համար[8]։
Ունեցել են հինգ երեխա՝ Յուջինը (1873–1958), Ռիխարդը (1874–1955), Կլարան (1877–1968), Թիլդան (1882–1974) ու Էլենը (1890–1973)[փա՞ստ]։
1886 թվականին Բենցն աշխարհին է ներկայացրել իր առաջին արտոնագրված ավտոմեքենան՝ մոդել I Մոթորվագենը։ Մեկ տասնամյակի ընթացքում ստեղծվել են 25 նմուշներ, որոնք, ունենալով հեծանվի կառուցվածք, հանդիսացել են արտոնագրված ավտոմեքենաներ և եղել աշխարհի առաջին մեքենաները[9][10]։
Մոդել II-ը եղել է չորս ակնանի, որից այլևս չի արտադրվել[փա՞ստ]։
Փոքր թողարկումներով արտադրված առաջին արտոնագրված մեքենան եղել է մոդել III-ը, որն ունեցել է երկաթով ու կոշտ ռետինով կապված հետևի անիվներ ու ղեկով ղեկավարվող առջևի անիվ։ Գնորդներին առաջարկվել է նմուշների բազմազանություն, որից նրանք կարող էին ընտրություն կատարել, օրինակ՝ նստատեղի հարմարեցումներով ու ծալովի վերնամասով[11]։
1888 թվականի օգոստոսի 5-ին 39-ամյա Բերթան, առանց ամուսնուն զգուշացնելու և առանց իշխանությունների թույլտվության, իր տասնհինգամյա և տասներեքամյա որդիներ Յուջինի ու Ռիչարդի հետ Մանհայմից մեքենայով ուղևորվել է դեպի Պֆորցհայմ՝ դառնալով թեև ապօրինաբար, բայց մեքենայով երկար տարածություն հաղթահարած առաջին անձը[3]։ Նախքան այս պատմական ճամփորդությունը մեքենաների փորձարկումները եղել են կարճ ու մեկնարկի վայր են վերադարձվել մեխանիկների օգնությամբ։ Բերթայի ճամփորդությունը տարածվել է 106 կմ[12][13]։
Թեև այս ճամփորդության առերևույթ նպատակը իր մայրիկին այցելելն էր, Բերթան ունեցել է այլ նպատակներ ևս․ ապացուցել իր ամուսնուն, որ մեքենան, որի վրա նրանք այդքան շատ ներդրումներ էին կատարել, կարող էր ֆինանսական հաջողություն բերել, եթե համընդհանուր հասարակությանը ցույց տրվեր դրա օգտակարությունը և հավատ ներշնչել իր ամուսնուն, որ նրա ջանքերն անպտուղ չէին մնա ապագայում[14]։
Մանհայմից դուրս է եկել լուսաբացին ու ճանապարհին բազմաթիվ խնդիրներ լուծել[15], ճամփորդության ընթացքում ցուցադրել իր տեխնիկական կարողությունները[16]։ Չունենալով վառելիքի բաք ու կարբյուրատորում ընդամենը 4.5 լիտր բենզին՝ ստիպված է եղել լիգրոին կոչվող նավթային լուծույթ փնտրել, որն անհրաժեշտ էր մեքենայի աշխատանքի համար։ Դա հանդիպում էր միայն դեղավաճառների խանութներում, և Վիսլոխ քաղաքում նա կանգ է առել դեղատան մոտ վառելիքը գնելու համար[11]։ Այդ ժամանակ բենզինն ու այլ վառելիքները կարելի էր գնել միայն դեղատներում, ահա թե ինչու է Վիսլոխի դեղատունը դարձել աշխարհում առաջին բենզալցակայանը[16]։
Վառելիքի խցանված խողովակը մաքրել է իր գլխարկի քորոցով և իր ծնկակապն օգտագործել որպես մեկուսացուցիչ[16][17]։ Ճանապարհին մի դարբին օգնել է ամրացնել շղթան, իսկ երբ փայտե արգելակներն սկսել են չաշխատել, այցելել է կոշկակարի ու կաշի տեղադրել՝ ստեղծելով աշխարհում առաջին արգելակների բարձիկները[6]։ Շարժիչը հովացնելու համար օգտագործվել է ջրահովացման համակարգ, որն ամբողջ ճամփորդության ընթացքում ջրի պաշարի խնդիր է առաջացրել[18]։ Մայրն ու որդիներն ամեն անգամ կանգնելիս իրենց հետ ջուր են վերցրել[11]։ Մեքենայի երկու ատամնանիվները բավարար չէին բարձրությունները հաղթահարելու համար, և Յուջինն ու Ռիչարդը հաճախ են ստիպված եղել վեր բարձրացող ճանապարհներին հրել մեքենան[11]։ Պֆորցհայմ հասել են մթնշաղից հետո և Կառլին հաջող ճամփորդության մասին տեղեկացրել հեռագրով։ Մի քանի օր անց հետ են վերադարձել Մանհայմ։
Արտասովոր ճամփորդությունը մեծ հասարակական արձագանք է ստացել, ինչպես և ցանկանում էր Բերթան։ Այն ավտոմոբիլի տեխնիկական զարգացման մեջ առանցքային նշանակություն է ունեցել։ Բերթայի փարձարկումից հետո զույգը մի քանի բարելավում է մտցրել, քանի որ նա հայտնել է ճանապարհին կատարված յուրաքանչյուր մանրուքի մասին ու կարևոր առաջարկներ արել, ինչպիսիք են՝ լրացուցիչ ատամնանիվի ավելացումը բարձունքներ հաղթահարելու համար և արգելակներն ուժեղացնելու համար արգելակների գիծ ավելացնելը։ Նրա ճամփորդությունն ապացուցել է, որ ավտոմոբիլային արդյունաբերության մեջ թեսթ-դրայվներն էական դեր են խաղալու[6][11]։
Վախճանվել է Լադենբուրգի իրենց ամառանոցում, որտեղ 1906 թվականին տեղափոխվելուց հետո գործում էր Բենցի՝ «Բենց և որդիներ» ընտանեկան բիզնեսը։ 1925 թվականին Կառլ Բենցն իր հուշագրության մեջ գրել է․ «Միայն մեկ հոգի է ինձ հետ եղել կյանքի նավում, երբ թվացել է, թե այն խորտակվում է։ Դա իմ կինն էր։ Քաջաբար և վճռականորեն նա հույսի նոր առագասներ է բացել»[19]։
2008 թվականին Բերթա Բենցի հիշատակի երթուղին[20] պաշտոնապես ընդունվել է որպես մարդկության արդյունաբերական ժառանգություն։ Կարելի է նրա երթուղով անցնել Մանհայմից Հայդելբերգով դեպի Շվարցվալդ ու հետ։
2011 թվականի սեպտեմբերի 10-ին և 11-ին Բերթա Բենցի հիշատակի երթուղում կազմակերպվել է պաշտոնական մեծ արարողություն ու ծննդյան երեկույթ՝ նվիրված ավելի քան 131 տարի առաջ Կառլ Բենցի կողմից առաջին ավտոմոբիլի ստեղծմանը։ Բաց է եղել միայն ապագայամետ տրանսպորտային միջոցների համար, որոնք ունեն վարման այլընտրանքային համակարգեր, ինչպիսիք են՝ հիբրիդային և էլեկտրական, ջրածնային ու այլ չափազանց խնայողական միջոցներ։ Նշանաբանը եղել է՝ Bertha Benz Challenge – Sustainable Mobility on the World's Oldest Automobile Road![21][22]։
2011 թվականի հունվարի 25-ին Deutsche Welle մեդիաընկերությունը հեռուստատեսային վավերագրական կինոնկար է հեռարձակել Կառլ Բենցի կողմից ավտոմոբիլի ստեղծման մասին՝ ընդգծելով վերջինիս կնոջ՝ Բերթա Բենցի կարևորագույն դերն այդ հարցում[21]։
Ուլի Կամպելմանի «Մեքենան ստեղծվել է» վավերագրական կինոնկարը կենտրոնացած է Բերթա Բենցի առաջին ճամփորդության վրա[23]։
2011 թվականին նկարահանվել է «Կառլ և Բերթա» հեռուստատեսային կինոնկարը Կառլ և Բերթա Բենցերի կյանքի մասին, որի պրեմիերան տեղի է ունեցել մայիսի 11-ին[24] և հեռարձակվել գերմանական հանրային Das Erste հեռուստաալիքով մայիսի 23-ին[25][26]։ Ֆիլմի թրեյլերը[27] և նկարահանման ընթացքը առկա են YouTube կայքում[28]։
2019 թվականի Կանանց միջազգային օրվա կապակցությամբ ժամանկակից «Դայմլեր» ընկերության պատվերով նկարահանվել է չորս րոպե տևողությամբ գովազդ, որտեղ ներկայացված էին հատվածներ Բերթա Բենցի 1888 թվականի ճամփորդությունից։ Գովազդը նկարահանվել է Mercedes-Benz-ի եվրոպական գործակալ «Անտոնի» գովազդային ընկերության կողմից ռեժիսոր Սեբաստիան Շտրասերի ղեկավարությամբ[29][30]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.