From Wikipedia, the free encyclopedia
Բերան (հայտնի է որպես բերանի խոռոչ, լատին․՝ cavum oris[1]), կենդանինեի անատոմիայում անցք է, որի միջոցով կենդանիները սնունդ են ընդունում և արձակում են վոկալ ձայներ։ Անցքին հաջորդում է բերանի խոռոչը, որը գտնվում է աղեստամոքսային տրակտի վերին ծայրում, որը դրսից սահմանափակվում է շրթունքներով, իսկ ներսից՝ ըմպանով և բարձրակարգ կենդանիների մոտ պարունակում է լեզու և ատամներ[2]։ Այդ խոռոչը հայտնի է նաև որպես այտային խոռոչ (լատիներեն bucca «այտ» բառից)[3]։ Արտաքինից բերանը կարող է ունենալ տարբեր ձևեր։ Մարդու մոտ այն շրջափակված է շրթունքներով, թռչունների մոտ ունի կտուցի ձև։ Բերանը մասնակցում է ոչ միայն մարսողության, այլև շնչառության գործընթացին։ Բերանի շարժումներն իրականացվում են մկանների միջոցով, ինչը թույլ է տալիս իրականացնել բերանի խոռոչի բոլոր կարևոր գործառույթները։
Կենդանիների որոշ տիպեր, այդ թվում նաև ողնաշարավորները, ունեն լիարժեք մարսողական համակարգ, որը սկսվում է բերանով և ավարտվում հետանցքով։ Օրգանիզմի սաղմնային փուլում բերանի հայտնվելը չափանիշ է, որն օգտագործվում է կենդանիներին առաջնաբերանայինների ու երկրորդաբերանայինների դասակարգման համար։
Բերանի խոռոչում սննդի մեխանիկական մշակումը ապահովում է ծամելու միջոցով, որի հիմքում ընկած է ստորին ծնոտի պարբերական շարժումները վերինի նկատմամբ։ Ծամման գործընթացի համար պատասխանատու է ծամող ապարատը, որը կազմված է ծնոտներից, որտեղ դասավորված են ատամները և մկանները, որոնք շարժում են ստորին ծնոտը։ Այս գործընթացում ակտիվ դեր է խաղում նաև լեզուն։
Արևադարձային գոտիներում բնակվող կոկորդիլոսները կարող են հատուկ բացել բերանը, որպեսզի հովացնեն այն բերանի լորձաթաղանթից գոլորշիացման շնորհիվ[4]։ Որոշ կաթնասուններ բերանով կատարվող շնչառությունն օգտագործում են ջերմակարգավորման համար, որովհետև դա մեծացնում է ջրի գոլորշիացումը թոքերի, լեզվի ու բերանի խոնավ մակերևույթներից։ Թռչունները նույնպես գերտաքացումից խուսափում են երախը շարժելու միջոցով՝ թևերը թափահարելով երախի կոկորդի մոտ, կաթնասունների շնչառության նման[5]։ Որո կենդանիներ իրենց բերանն օգտագործում են սպառնալիքի ցուցադրման համար։ Նրանք կարող են լայն բացել իրենց երախը՝ ցուցադրելով իրենց ատամներն ու բերանի լորձաթաղանթի գույնը։ Այդ «նշանը» պոտենցիալ հակառակորդին հնարավորություն է տալիս գնահատել վտանգի աստիճանն ու կրճատել ուղղակի բախման հավանականությունը[6]։
Թռչունների շատ տեսակներ բաց կտուցն օգտագործում են որպես վախի կամ վտանգի դրսևորում։ Որոշ թռչուններ այդ էֆեկտն ուժեղացնում են ֆշշոցով կամ խորը շնչառությամբ, մյուսները՝ կտուցով կափկափում[7]։
Կենդանիները բերանը կարող են օգտագործել նաև որպես հաղորդակցման համար ձայների արտաբերման գործիք։ Ձայներ արտաբերելու համար թոքերից դուրս եկող օդն անցնում է ձայնալարերի միջով կոկորդում։ Մարդկանց մոտ կոկորդը, փափուկ և կոշտ քիմքերը, ալվեոլային ելունդը, լեզուն, ատամներն ու շրթունքները կոչվում են արտիկուլյատորներ և որոշակի դեր են կատարում խոսքի ձևավորման մեջ։ Մյուս ալտիկուլյատորների նկատմամբ լեզվի դիրքի փոփոխությունը կամ շրթունքների շարժումը տարբեր կերպ սահմանափակում են թոքերից դուրս եկող օդի հոսանքը՝ առաջացնելով տարբեր ձայներ[8]։ Գորտերի ձայնային ապարատը թույլ է տալիս ուժեղացնել ձայնը՝ օգտագործելով կոկորդի մոտ տեղակայված պարկիկները։ Գորտերի ձայնային պարկերը կարող են հանդես գալ որպես ռեզոնատոր ձայնն արտաքին միջավայր փոխանցելու համար[9]։ Թռչունների երգեցողությունն ստեղծվում է շնչափողի հիմքի մոտ տեղակայված ձանային օրգանի՝ սիրինքսի վրայով անցնող օդի հոսանքով։ Յուրաքանչյուր դայլայլի համար թռչունը բացում և փակում է կտուցը, որը կարող է շարժվել և նպաստել ռեզոնանսին[10]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.