![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/4b/Benzodiazepine_a.svg/langhy-640px-Benzodiazepine_a.svg.png&w=640&q=50)
Բենզոդիազեպիններ
քիմիական միացություն / From Wikipedia, the free encyclopedia
Բենզոդիազեպինները ( BZD, BDZ, BZs ), հանդիսանում են հոգեակտիվ դեղամիջոցներ, որոնք կազմված են բենզոլային և դիազեպինային օղակներից։ Առաջին նման դեղը ՝ քլորդիազեպօքսիդը (Librium), պատահականորեն հայտնաբերվել է Լեո Սթերտենբախի կողմից 1955 թվականին[1]։ 1977 թվականին բենզոդիազեպինները աշխարհում ամենատարածված դեղամիջոցներն էին[2]։ Նրանք հանդիսանում են տրանկվիլիզատորներ[3]։
Բենզոդիազեպիններ | |
---|---|
![]() | |
Տեսակ | pharmacological class of chemical compounds? |
Բենզոդիազեպինները ուժեղացնում են գամմա-ամինոկարագաթթվի (ԳԱԿԹ/GABA) ազդեցությունը GABA A ընկալչի վրա, որի արդյունքում առաջանում է հանգստացնող, քնաբեր, հակաէպիլեպտիկ և մկանները թուլացնող ազդեցություն։ Կարճ ազդող բենզոդիազեպինների մեծ չափաբաժինները կարող են առաջացնել նաև անետերոգրադ ամնեզիա և դիսոցիացիա[4]։ Այս հատկությունների շնորհիվ բենզոդիազեպինները օգտագործվում են անհանգստության, անքնության, էպիլեպտիկ նոպաների, մկանային սպազմերի բուժման համար և որպես պրեմեդիկացիոն դեղամիջոցներ բժշկական կամ ատամնաբուժական մի շարք պրոցեդուրաների ժամանակ[5]։ Բենզոդիազեպինները ըստ ազդեցության տևողության բաժանվում են 3 խմբի՝ կարճ, միջին և երկար ազդեցության։ Կարճ և միջին ազդեցության բենզոդիազեպինները նախընտրելի են անքնության բուժման համար, իսկ երկար ազդեցության դեղերը խորհուրդ են տրվում անհանգստության բուժման համար[6]։
Բենզոդիազեպինները, ընդհանուր առմամբ, դիտարկվում են որպես անվտանգ և արդյունավետ դեղեր՝ կարճաժամկետ օգտագործման դեպքում, չնայած երբեմն կարող են առաջանալ ճանաչողական խանգարումներ և պարադոքսալ էֆեկտներ, ինչպիսիք են ագրեսիան կամ վարքագծային խանգարումները։ Կարող է առաջանալ նաև խուճապ[7]։ Երկարատև օգտագործումը վտանգավոր է, քանի որ կարող է առաջանալ ֆիզիկական կախյալություն, թուլամտություն և քաղցկեղ[8][9][10][11]։ Երկարաժամկետ օգտագործումից հետո բենզոդիազեպինների կիրառման դադարեցումը հաճախ հանգեցնում է ֆիզիկական և մտավոր ունակությունների բարելավման[12][13]։ Հղիության ընթացքում բենզոդիազեպինների կիրառման անվտանգության հետ կապված կան որոշ հակասություններ։ Այս դեղորայքային խումբը չի համարվում տերատոգեն, սակայն փոքր թվով երեխաներ ծնվում են նապաստակի շրթունքով: Հայտնի է, որ հղիության ընթացքում դեղորայքի օգտագործումը որոշ նորածինների մոտ կարող է առաջացնել նյարդահոգեկան խանգարումներ[14], ինչպիսին է՝ նորածինների մոտ աբսիստենցիայի ախտանիշների առաջացում։
Բենզոդիազեպինների մեծ դեղաչափերով կիրառումը կարող է հանգեցնել խորը կոմայի։ Այնուամենայնիվ, սրանք ավելի քիչ թունավոր են, քան իրենց նախորդները՝ բարբիտուրատները, և մահ հազվադեպ է գրանցվում, երբ կիրառվող միակ դեղամիջոցը բենզոդիազեպինն է։ Սակայն մահացության ռիսկը կտրուկ մեծանում է, երբ բենզոդիազեպինները կիրառվում են կենտրոնական նյարդային համակարգը (ԿՆՀ) ընկճող այլ դեղերի կամ նյութերի հետ՝ (օրինակ՝ ալկոհոլ և օփիոիդներ)[15][16]։