From Wikipedia, the free encyclopedia
Բարտոլոմե Էստեբան Մուրիլյո (դեկտեմբեր 1617[1], Սևիլյա, Կաստիլիա և Լեոն[2] - ապրիլի 3, 1682[3][4][2], Սևիլյա, Կաստիլիա և Լեոն և Կադիս, Անդալուզիա, Իսպանիա[2]), բարոկկոյի դարաշրջանի իսպանացի հանրահայտ նկարիչ։
Բարտոլոմե Էստեբան Մուրիլյո իսպ.՝ Bartolomé Esteban Murillo | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբեր 1617[1] |
Ծննդավայր | Սևիլյա, Կաստիլիա և Լեոն[2] |
Վախճանվել է | ապրիլի 3, 1682[3][4][2] (64 տարեկան) |
Մահվան վայր | Սևիլյա, Կաստիլիա և Լեոն և Կադիս, Անդալուզիա, Իսպանիա[2] |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | բարոկկո նկարչություն[5] |
Ժանր | կրոնական նկարչություն[1] և ժանրային նկարչություն[1] |
Թեմաներ | գեղանկարչություն[6] |
Ուսուցիչ | Juan del Castillo? |
Աշակերտներ | Pedro Nuñez de Villavicencio? և Fernando Marquez Joya? |
Ներշնչվել է | Դիեգո Վելասկես[7] և Ֆրանսիսկո Սուրբարան[7] |
Ամուսին | Beatriz Cabrera y Villalobos? |
Bartolomé Esteban Murillo Վիքիպահեստում |
Սովորել և ստեղծագործել է Սևիլյայում, եղել է տեղի գեղարվեստի ակադեմիայի հիմնադիրներից (1660) և առաջին նախագահը։ Մուրիլյոյի սկզբնական շրջանի աշխատանքներում կրոնական տեսարանները պատկերված են որպես ժողովրդի կյանքից վերցված իրադարձություններ և կրում են Կարավաջոյի ազդեցության կնիքը։ Դիմելով ոսկեգույն լուսաստվերների, առավել գեղանկարչական հնարանքների, ստեղծել է կրոնական, այդ թվում՝ Աստվածամոր կյանքի թեմաներով գործեր («Հանգիստ Եգիպտոսի ճանապարհին», 1665-1670 թվականներ, Էրմիտաժ, Լենինգրադ), որոնք սրտահույզ քնարականությամբ ներկայացնում են իսպանացի կնոջ ազգային կերպարը, ոչ սակավ՝ իդեալականացված և սենտիմենտալ։ Մուրիլյոյի ստեղծագործություններում ռեալիստական գծերը ի հայտ են եկել նրա նորարարական-ժանրային կտավներում, ինչպես, օրինակ, Սևիլյայի ցնցոտիավոր երեխաների կյանքը պատկերող նկարաշարում («Մրգերով տղաները», 1645-1654 թվականներ, Հին պինակոտոկ, Մյունխեն)։
Մուրիլյոն վարսավիր ու բժիշկ Գասպար Էստեբանի և Մարիա Պերեսի մեկ տասնյակից ավելի երեխաներից կրտսերն էր[8]։ Ենթադրվում է, որ ծնվել է Սևիլյայում կամ Պիլասում, որ ոչ մեծ մի քաղաք է Անդալուզիայում[9]։ Մկրտվել է Սևիլյայում, 1618 թվականին։ Ապագա նկարիչը 10-11 տարեկան հասակում զրկվել է ծնողներից և դարձել իր քրոջ ամուսնու՝ Խուան Ագուստին Լագարեսի խնամարկյալը[8]։ Հետագայում հրաժարվել է հայրական ազգանունից և վերցրել մորական տատի՝ Էլվիրա Մուրիլյոյի ազգանունը[8]։
Սկզբում աշակերտել է Խուան դել Կաստիլյոյին, որը նրա մոր բարեկամներից էր (Մուրիլյոյի հորեղբայրը՝ Անտոնիո Պերեսը, նույնպես նկարիչ էր)[8]։ Պատանի նկարչի առաջին աշխատանքներում զգացվում է ռեալիստական (իրապաշտական) կերպարվեստի ներկայացուցիչներ Սուրբարանի, Խուսեպե դե Ռիբերայի և Ալոնսո Կանոյի ազդեցությունը:Այդ տարիներին Սևիլյան բռնել էր առևտրի, արհեստների ու արվեստների կենտրոնի վերածվելու ուղին, դարձել խոշոր ու նշանավոր մի քաղաք, ուր այցելում էին նաև բազմաթիվ արտասահմացիներ, և դրա շնորհիվ Մուրիլյոն ծանոթացել էր նաև ֆլամանդական կերպարվեստին, ինչպես և Իվան վան դեր Մոլանոյի «Տրակտատ սրբապատկերների մասին» աշխատությանը։ Արվեստի մեջ խորանալուն զուգընթաց՝ Մուրիլյոն ուշադրությունը կենտրոնացրել է փայլ ունեցող գործեր ստեղծելու վրա, որոնք հաճո էին իր ժամանակակից բուրժուաների ու արիստոկրատների ճաշակին (այդ փայլը նկատելի է հատկապես կաթոլիկ եկեղեցու պատվերով ստեղծած գործերում)։
1642 թվականին Մուրիլյոն մեկնել է Մադրիդ, որտեղ ծանոթացել է Դիեգո Վելասկեսի աշխատանքներին, վենետիկցի ու ֆլամանդացի վարպետների՝ իսպանական արքունիքի հավաքածուներում տեղ գտած գործերին և օգտակար դասեր է քաղել նաև դրանցից[10]։ 1645 թվականին վերադարձել է Սևիլյա, ամուսնացել Բեատրիս Կաբրերա ի Վիլյալոբոսի հետ (ի դեպ, նրանք ունեցել են տասնմեկ երեխա)[8]։
Այդ տարվա ընթացքում նկարիչը տասնմեկ ստեղծագործություն է արարել Սևիլյայի St. Francisco el Grande վանքի միաբանության համար՝ պատկերելով ֆրանցիսկյան սրբերի հրաշագործություններ։ Արվեստաբանների կարծիքով՝ այդ գործերը կարելի է զետեղել սուրբարանյան «Սուրբ Ֆրանցիսկոսի էքստազը» ստեղծագործությանը բնորոշ տենեբրիզմի և Մուրիլյոյի հասուն շրջանի աշխատանքներին հատուկ, մեղմ լուսավորվածությամբ բնորոշվող ոճի միջև[8]։ Ըստ արվեստի պատմաբան Մանուելա Բ. Մենա Մարկեսի՝ «Հրեշտակներ խոհանոցը» և «Սուրբ Կլերի մահը» կտավներում արդեն իսկ ակնհահայտ երևում են Մուրիլյոյի աշխատանքների բնութագրական տարրերը՝ կանացի ֆիգուրների ու հրեշտակների չքնաղությունը, վայելչագեղությունը, նատյուրմորտային դետալների ռեալիզմը և հոգևոր աշխարհի ու իրականության միախառնումը, միահյուսումը, որ արտակարգ լավ դրսևորվել է նրա մի շարք նկարներում»"[8]:
Ենթադրվում է, որ մոտավորապես 1645 թվականին է Մուրիլյոն ստեղծել մանուկների բազմաթիվ նկարներից առաջինները, այդ թվում՝ Փոքրիկ մուրացկանը (Լուվր), որտեղ ակնհայտ երևում է Վելասկեսի ազդեցությունը[8]։ Սևիլյայի մայր տաճարի համար մի քանի աշխատանք արարելուց հետո նա վարպետացել է Նոր կտակարանի թեմաներով կտավներ նկարելու գործում, որոնք մեծ հաջողություն ու փառք են բերել նրան։ Խոսքը վերաբերում է առաջին հերթին «Սուրբ Կույսն ու Մանուկը» և «Անարատ հղիացում» նկարներին[11]։
1658-ից 1660 թվականներին Մադրիդում ևս մեկ կարճատև շրջան անցկացնելուց հետո Մուրիլյոն վերստին վերադարձել է Սևիլյա։ Այստեղ նա դարձել է արվեստի ակադեմիայի՝ Academia de Bellas Artes (Seville)|Academia de Bellas Artes-ի հիմնադիրներից մեկը և հենց 1660 թվականից, ճարտարապետ Ֆրանսիսկո Էռերա Կրտսերի հետ համատեղ, ղեկավարել է այն։ Դա եղել է քանքարավոր նկարչի ստեղծագործական կյանքի վերջին, բայց և ամենաեռուն ու ամենաբեղուն շրջանը. նա բազմաթիվ պատվերներ է ստացել ու իրականացրել, այդ թվում՝ ավգուստինյան վանքի խորանի նկարազարդումները, նկարներ Santa María la Blanca-ի համար, որոնք ավարտել է 1665 թվականին), և այլ գործեր։
Մուրիլյոն վախճանվել է Սևիլյայում, 1682 թվականին՝ 64 տարեկան հասակում։ Երկար տարիներ այն կարծիքն էր տիրապետում, որ նրա մահվան պատճառը եղել է Կադիսի Santa María la Blanca վանքի որմնանկարների վրա աշխատելիս բարձր փայտամածից գահավիժելու պատճառով ստացած վերքերն ու ճողվածքը[12], սակայն վերջին հետազոտությունները վկայում են, որ նշված ժամանակամիջոցում նա գտնվել է Սևիլյայում և ոչ թե Կադիսում (այդպիսով՝ վերոհիշյալ կարծիքը կասկածի տակ է դրվել)։
Մուրիլյոն բազմաթիվ աշակերտներ ու հետևորդներ է ունեցել. տաղանդավոր արվեստագետի նկարների նմանակումների, ընդօրինակումների առատությունը վկայում է, որ նրա գործերը լայնորեն հայտնի էին ոչ միայն Իսպանիայում, այլև եվրոպական բազմաթիվ երկրներում, և նա ավելի մեծ հեղինակություն ուներ, քան իսպանացի որևէ այլ նկարիչ[10]։ Մուրիլյոյի ազդեցությունը կրած հանրաճանաչ նկարիչներից են Թոմաս Գեյնսբորոն, Ժան-Բատիստ Գրյոզը[8] Գուգլը նշել է Մուրիլյոյի ծննդյան 400-ամյակը 2018 թվականի նոյեմբերի 29-ին՝ հատուկ պատկերանիշով[13]։
Մադրիդի Պրադո թանգարանը, Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժը, լոնդոնյան հայտնի Wallace Collection-ը այն հանրաճանաչ մշակութային օջախներից են, որ իրենց պատերի ներսում պահում ու ցուցադրում են Մուրիլյոյի մեծարժեք ստեղծագործություններից։ Նրա լավագույն գործերից մեկը՝ «Խաչված Քրիստոսը», գտնվում է Սան Դիեգոյի Timken Museum of Art արվեստի թանգարանում[14], Քրիստոսը գանահարումից հետո-ն՝ Իլինոյս նահանգի Krannert Art Museum-ում[15]։ Իսպանացի մեծահամբավ նկարչի գործերից կան նաև Օկլահոմայի նահանգի Mabee-Gerrer Museum of Art-ում, Տեխաս նահանգի Դալլաս քաղաքի Southern Methodist University համալսարանի Meadows Museum թանգարանում[16]
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.