Արտադրական հնարավորությունների կոր
From Wikipedia, the free encyclopedia
Արտադրական հնարավորությունների կոր (անգլ.՝ production–possibility frontier), հաստատուն ռեսուրսներով և տեխնոլոգիայով արտադրվող երկու տարբեր ապրանքների արտադրության հնարավոր համադրության գրաֆիկական ներկայացումը։
Սա մի որոշակի տնտեսության արտադրողականության գրաֆիկական ներկայացումն է, որտեղ ռեսուրսները ֆիքսված են։ Արտադրական հնարավորությունների կորը գրաֆիկորեն ներկայացնում է որևէ տնտեսության առավելագույն արտադրողականությունը երկու տարբեր ապրանքների համար` օգտագործելով ռեսուրսները ամբողջովին և ամենաարդյունավետ ձևով։
Միկրո- և մակրոէկոնոմիկայում այս գրաֆիկը ցույց է տալիս երկու տարբեր ապրանքների համադրություններ, որոնք կարող են արտադրվել մի տնտեսության կողմից` օգտագործելով ֆիքսված քանակով արտադրության գործոններ և արտադրության համար անհրաժեշտ տեխնոլոգիաներ։
Մակրոէկոնոմիկայում այն կարող է ներկայացնել երկու ոչ մրցակցային ապրանքների (ինչպիսիք են ֆիքսված կապիտալը և սպառողական ապրանքները) հարաբերակցություն։ Գրաֆիկորեն ներկայացնելով արտադրական հնարավորությունները տրված տեխնիկական և արտադրական ռեսուրսների դեպքում` արտադրական հնարավորությունների կորը ցույց է տալիս մի ապրանքի հնարավոր ամենամեծ քանակությունը` մեկ այլի որոշակի արտադրական մակարդակի դեպքում։
Արտադրական հնարավորություններ կորը սահմանում է արտադրության արդյունավետությունը տրված արտադրական պրոցեսում։ Համեմատվող օբյեկտները կարող են լինել ինչպես ծառայություններ, այնպես էլ ապրանքներ։ Կետը, որը գտնվում է կորի վրա, ցույց է տալիս ռեսուրսների արդյունավետ օգտագործում։ Կորի մակերևույթից ներքև ընկած կետը ցույց է տալիս ռեսուրսների անարդյունավետ օգտագործում։ Համադրությունը, որը կարող ենք տեսնել կորի վրա ցույց է տալիս որոշակի տնտեսության նախասիրությունները։ Որևէ տնտեսություն կարող է նախընտրել արտադրել ավելի մեծ քանակությամբ արտադրական ապրանքներ քան սպառողական, կամ հակառակը։
Արտադրական հնարավորությունների կորերը սովորաբար ունենում են ուռուցիկ դեպի վեր, ուռուցիկ դեպի վար կամ գծային ուղղվածություն ունեցող։ Տեսքը կախված է մի շարք հանգամանքներից։ Այն ցուցադրում է մի շարք տնտեսագիտական հասկացություններ ինչպիսիք են ռեսուրսների սահմանափակությունը (հիմնական տնտեսական խնդիր, որին բոլոր հասարակությունները կարող են առնչվել), հնարավորության ծախսը, արտադրական արդյունավետությունը և մասշտաբային տնտեսությունը։
Ուռուցիկ դեպի վեր ուղղված արտադրական հնարավորությունների կորը առաջանում է ներդրվող ռեսուրսների քանակի ավելացումից, աշխատուժի քանակի աճից կամ տեխնոլոգիական զարգացումից։ Նման փոփոխությունը նշանակում է տնտեսական աճ մի տնտեսության համար, որը արտադրում է իր հնարավորությունների առավելագույն չափով։ Տնտեսական աճը կհանգեցնի համեմատվող երկու ապրանքների արտադրական ծավալների մեծացմանը։ Համապատասխանորեն` դեպի ներքև ուղղված արտադրական հնարավորությունների կորը կարող է առաջանալ աշխատուժի կրճատման, հումքի քանակության կրճատման կամ որևէ բնական աղետի հետևանքով առաջացած վնասների դեպում։
Այնուամենայնիվ շատ տնտեսական վայրէջքներ կարող են ցույց տալ ոչ թե արտադրության կրճատում, այլ աշխատուժի և ֆիզիկական ռեսուրսի ոչ արդյունավետ օգտագործում։