Արյան խումբ
From Wikipedia, the free encyclopedia
Արյան խումբ, արյան ժառանգաբար փոխանցվող իմունային առանձնահատկություններ, որոնց հիման վրա և ըստ պարունակվող նյութերի (խմբային հակածիններ կամ իզոհակածիններ) նմանության արյունը դասվում է որևէ խմբի։ Մարդու պատկանելությունն արյան այս կամ այն խմբին անհատական կենսաբանական առանձնահատկություն է, որը ձևավորվում է սաղմնային զարգացման վաղ շրջանում և չի փոխվում ամբողջ կյանքի ընթացքում։ Առավել գործնական նշանակություն ունեն արյան կարմիր մարմնիկների (էրիթրոցիտներ) A և B իզոհակածինները, ինչպես նաև բնականոն պայմաններում արյան շիճուկում պարունակվող α և β իզոհակամարմինները։ Մարդու արյան մեջ միասին կարող են գտնվել միայն տարասեռ իզոհակածիններ և իզոհակամարմիններ, քանի որ միասեռի դեպքում տեղի է ունենում արյան կարմիր մարմնիկների միակպչում՝ սոսնձում (հեմագլուտինացում)։ Անկախ ռասայից, տարիքից, սեռից, ինչպես նաև արյան մեջ A, B իզոհակածինների և α, β իզոհակամարմինների առկայությունից՝ մարդու արյունը բաժանում են 4 խմբի։