Արդյունաբերություն
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Արդյունաբերություն, աշխատանքի գործիքների, էներգիայի արտադրությամբ, հումքի, վառելիքի, նյութերի հանույթով, գյուղատնտեսության մեջ և այլ բնագավառներում ստեղծված արտադրանքի մշակմամբ ու վերամշակմամբ զբաղվող ձեռնարկությունների (գործարաններ, ֆաբրիկաներ, կոմբինատներ, հանքավայրեր, էլեկտրակայաններ և այլն) ամբողջությունը[1]։ Արդյունաբերությունը ժողովրդական տնտեսության կարևորագույն ճյուղն է և վճռորոշ ազդեցություն է գործում հասարակության արտադրողական ուժերի զարգացման մակարդակի վրա։
Ձեռնարկությունների որևէ խմբի կամ արտադրական որևէ ընկերության եկամուտների հիմնական աղբյուրը ընկալվում է որպես արդյունաբերական համապատասխան ճյուղի հայտացուցիչ[2]։ Եթե մեծ խումբը եկամուտների մի քանի աղբյուր ունի, համարվում է, որ նա գործում է արդյունաբերության մի քանի ճյուղերում։ Արդյունաբերական հեղափոխությունից հետո եվրոպական և հյուսիսամերիկյան երկրներում արդյունաբերությունը դարձել է արտադրության և աշխատանքի առանցքային ճյուղը՝ հետին պլան մղելով առևտրային և ֆեոդալական նախկին տնտեսությունը։ Դա տեղի է ունեցել այն բանի շնորհիվ, որ արդյունաբերական հեղափոխությանը շատ արագ հաջորդել են տեխնոլոգիական բազմաթիվ նվաճումներ, այդ թվում՝ ածխի ու պողպատի արտադրությունը։
Արդյունաբերական հեղափոխությունից հետո տնտեսության արտադրանքի թերևս մեկ երրորդը բաժին է ընկնում վերամշակող արդյունաբերությանը։ Զարգացած և զարգացող կամ կիսազարգացած բազմաթիվ երկրներ նշանակալի չափով կախում ունեն վերամշակող արդյունաբերությունից։
Հիմնական հոդված՝ «Ստրկություն»
Ստրկությունը՝ ապրանքների արտադրության և ծառայությունների մատուցման համար հարկադրական աշխատանքի կիրառումը[3], ողջ աշխարհում ծագել է հնագույն ժամանակներում՝ իբրև ցածր ինքնարժեքով արտադրության միջոց։ Որպես կանոն՝ այստեղ շահույթի մեծությունը կախված է տնտեսման մասշտաբներից։ Ստրկական աշխատանքը հիմնականում կիրառվում էր այն բնագավառներում, որոնցում հսկողություն սահմանելը համեմատաբար հեշտ էր[4]։ Միջազգային իրավունքի համաձայն՝ ստրկական աշխատանքը հայտարարված է ապօրինություն[5]։
Հիմնական հոդված՝ «Գիլդիաներ
Գիլդիաները՝ արհեստավորների և առևտրականների ընկերակցությունները, վերահսկում էին որոշակի ապրանքների արտադրությունն ու տարածումը։ Դրանք սկիզբ են առել դեռևս Հռոմեական կայսրության ժամանակներում, կոլեգիաներ անվանումով, և դրանց անդամացելը կամավոր էր։ Կայսրության վերացման հետ դրանք էլ վերացան[6]։ Վաղ միջնադարում գիլդիաները վերստին սկսեցին ի հայտ գալ Եվրոպայում և հասունացման որոշակի աստիճանի հասան 14-րդ դարի սկզբներին[7]։ Թեև այսօր արդեն սակավաթիվ գիլդիաներ են մնացել, այդուհանդերձ՝ աշխատանքային որոշ կառուցվածքներ դեռևս հիշեցնում են ավանդական գիլդիաները[8]։ Կան նաև այնպիսիները , ինչպես, օրինակ, SAG-AFTRA-ն, որոնք գործում են ավելի շատ՝ դասական արհմիությունների, քան՝ դասական գիլդիաների նմանությամբ։ Պրոֆեսոր Շեյլա Օգիլվիի պնդմամբ՝ գիլդիաները, որտեղ գործել են, բացասական ազդեցություն են թողել որակի, հմտությունների, նորարարությունների վրա[9]։
Հիմնական հոդված՝ «Արդյունաբերական հեղափոխություն»
18-րդ դարի կեսերից մինչև 19-րդ դարի կեսերը տեղի ունեցած արդյունաբերական հեղափոխության գլխավոր հայտանիշը եղել է ձեռքի աշխատանքին փոխարինելու եկած արտադրության մեքենայական միջոցների ստեղծումը, կիրառումը, զարգացումը, տարածումը[10]։ Արդյունաբերական հեղափոխությունը որոշակի դեր է խաղացել Եվրոպայում ու Հյուսիսային Ամերիկայում ստրկության վերացման գործում[11]։
Արդյունաբերական հեղափոխությունը հանգեցրել է մեծ գործարանների ստեղծմանն ու մեծածավալ արտադրության կազմակերպմանը, որոնց հաջորդել են հասարակության կյանքում տեղի ունեցած հսկայական փոփոխությունները[12]։ Արդյունաբերական ձեռնարկությունները սկզբնական շրջանում աշխատում էին շոգու / գոլորշու/ ուժի կիրառմամբ, հետագայում անցան էլեկտրական էներգիայի օգտագործմանը։ Արտադրությունում ներմուծվեց հավաքման մեքենայացված գիծ, աշխատողներից ամեն մեկն սկսեց իրականացնել ընդհանուր գործընթացի կոնկրետ մի քայլ, դրանով իսկ նկատելիորեն բարձրացավ արդյունավետությունը, նվազեց ինքնարժեքը։ Հետագայում ներդրվեց ավտոմատացումը, ավելի ուշ՝ համակարգիչներ, ռոբոտներ, որի շնորհիվ արտադրության արդյունավետության ցուցանիշն է՛լ ավելի բարձր բնագծերի հասավ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.