Աստծո գառ
From Wikipedia, the free encyclopedia
Աստծո գառ (հուն․՝ Ἀμνὸς τοῦ Θεοῦ, Amnòs toû Theoû; լատին․՝ Agnus Deī), Հովհաննեսի ավետարանում հանդիպող Հիսուսին տրված անուն։ Օգտագործվել է Հովհաննես 1։29 հատվածում, երբ Հովհաննես Մկրտիչը տեսնում է Հիսուսին և բացականչում․ «Ահա Աստծո գառը, որը վերցնելու է աշխարհի մեղքը»[1]։ Հանդիպում է նաև Հովհաննես 1։36 հատվածում։
Քրիստոնեական վարդապետության համաձայն՝ Որդի Աստվածը նախընտրել է խաչվել Գողգոթայում՝ ի նշան հնազանդության Հայր Աստծո կամքին, որպես «Աստծո ներկայացուցիչ ու ծառա», որն իր վրա է վերցրել աշխարհի մեղքերը[2][3]։ Քրիստոնեական աստվածաբանության մեջ «Աստծո գառը» համարվում է քրիստոնեության ուղերձի հիմնարար և անբաժանելի մասը[4][5]։
Հայտնություն Հովհաննեսի գրքում մի քանի անգամ հանդիպում է մորթվելուց հետո կենդանացող առյուծանման մի գառ, որը հաղթանակ է բերում[6]։ Դրա մասին նշվել է նաև Նոր Կտակարանի «Կորնթացիներ» հատվածում, երբ Պողոս առաքյալը Հիսուսի մահվան մասին խոսելիս օգտագործում է Հովհաննես առաքյալի գրվածքներում նշված խոսքերը[7]։ Գառան փոխաբերությունը համապատասխանում է 23-րդ սաղմոսին, որտեղ Աստված նկարագրվում է որպես իր հոտին (մարդկությանը) առաջնորդող հովիվ։
«Աստծո գառը» լայնորեն օգտագործվում է քրիստոնեական աղոթքներում։ Լատիներեն Agnus Dei արտահայտությունն ու դրա թարգմանությունները կաթոլիկ պատարագի, ինչպես նաև Անգլիկան և Լյութերական եկեղեցիների դասական պատարագների ստանդարտ մասն են կազմում։ Այն նաև օգտագործվում է պատարագային երգեցողության ընթացքում ու որպես աղոթքի ձև[8][9]։
«Աստծո գառը» սկսել են պատկերել Միջին դարերում՝ որպես լուսապսակով կանգնած գառ, որի առջևի ոտքը ծալված է ու պահում է սպիտակ ֆոնին պատկերված կարմիր խաչով դրոշ, թեև կիրառվել են պատկերման շատ այլ տարբերակներ։