From Wikipedia, the free encyclopedia
Ասատա Օլուգբալա Շաքուր (անգլ.՝ Assata Olugbala Shakur, ի ծնե անունը՝ Ջոան Դեբորա Բայրոն (անգլ.՝ JoAnne Deborah Byron), ամուսնական անունը՝ Չեսիմերդ (անգլ.՝ Chesimard), հուլիսի 16, 1947[1], Ջամեյկա, Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական և հասարակական գործիչ և հետախուզվող դատապարտված հանցագործ, ազգայնական աֆրոամերիկյան «Սև հովազների կուսակցություն» և «Սև ազատագրական բանակ» խմբավորումների անդամ։ Մի շարք պետությունների հատուկ ծառայությունների կողմից հետախուզվել է սպանություններ կատարելու մեղադրանքով (1971-1973)։
Ասատա Շաքուր | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 16, 1947[1] (77 տարեկան) |
Ծննդավայր | Ջամեյկա, Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Նյու Յորք քաղաքի քոլեջ |
Մասնագիտություն | ակտիվիստ, քաղաքական ակտիվիստ, ահաբեկիչ, գրող, բանաստեղծուհի և խմբագիր |
Assata Shakur Վիքիպահեստում |
Թուփաք Շաքուրի խորթ հորաքույրն է և կնքամայրը[2]։
Ասատա Շաքուրը ծնվել է Նյու Յորքում՝ աֆրոամերիկյան աղքատ ընտանիքում։ 1950 թվականին ծնողներն ամուսնալուծվել են, և մանկության մեծ մասն անցկացրել է Ուիլմինգթոնում (Հյուսիսային Կարոլինա նահանգ)՝ տատիկի հետ։ Շուտով փախել է տնից և թափառաշրջիկություն արել, ապա նրան դաստիարակել է մորաքույրը՝ Էվելին Ուիլյամսը, որն ավելի ուշ դատարանում պաշտպանել է նրան։ Մորաքրոջ օգնությամբ Շաքուրը հեռակա ավարտել է դպրոցը։ Սովորել է նախ Մանհեթենի քոլեջում, ապա՝ Նյու Յորքի քաղաքային քոլեջում, որտեղ 1960-ականների կեսերից սկսել է ակտիվորեն մասնակցել աֆրոամերիկյան բողոքի շարժմանը։ 1967 թվականին առաջին անգամ ձերբակալվել է, նույն տարվա ապրիլին ամուսնացել է իր համակուրսեցի ակտիվիստի հետ, բայց 1970 թվականի դեկտեմբերին ամուսնալուծվել են։ Քոլեջն ավարտելուց հետո անդամագրվել է «Սև հովազներ» կուսակցությանը՝ շուտով դառնալով նրանց ականավոր գործիչը։ 1970 թվականին փոխել է անունը։
1973 թվականի մայիսին Շաքուրը մասնակցել է Նյու Ջերսիի վճարովի ավտոճանապարհին տեղի ունեցած փոխհրաձգությանը, որի ընթացքում, ինչպես ենթադրվում է, գնդակահարել Է Նյու Ջերսիի պարեկային ոստիկան Վերներ Ֆերշթերին և ծանր վիրավորել ոստիկան Ջեյմս Հարփերին։ Սև ազատագրական բանակի անդամ Զեյն Մալիք Շաքուրը նույնպես սպանվել է այս միջադեպի ժամանակ, իսկ Շաքուրը վիրավորվել է։ 1973-1977 թվականներին Շաքուրին մեղադրանք է առաջադրվել վեց այլ ենթադրյալ հանցավոր միջադեպերի՝ սպանության, սպանության փորձի, զինված կողոպուտի, բանկի կողոպուտի և առևանգման համար։ Դրանցից երեքով նա արդարացվել է, մյուս երեք մեղադրանքի համար բավարար ապացույցներ չեն եղել։ 1977 թվականին Շաքուրը դատապարտվել է Ֆերշթերի կանխամտածված սպանության և փոխհրաձգության հետ կապված 7 այլ քրեական հանցագործությունների համար և դատապարտվել ցմահ ազատազրկման։
1970-ական թվականներին Շաքուրն ազատազրկված է եղել մի քանի բանտում։ 1979 թվականին Սև ազատագրական բանակի երեք անդամների օգնությամբ փախել է բանտից։ Վերջիններս պատանդ էին վերցրել երկու թիկնապահի։
1984 թվականից ապրում է Կուբայում, որտեղ նրան քաղաքական ապաստան են տրամադրել։ 2005 թվականի մայիսի 2-ից Հետաքննությունների դաշնային բյուրոն նրան դասակարգել է որպես ներքին ահաբեկիչ և առաջարկել 1 միլիոն դոլարի պարգև՝ նրան հայտնաբերելու հարցում օգնություն ցուցաբերելու համար։ 2013 թվականի մայիսի 2-ին ՀԴԲ-ն նրան ավելացրել է առավել հետախուզվող ահաբեկիչների ցուցակում։ Ընդ որում, ՀԴԲ-ի հայտարարությամբ՝ Շաքուրն առաջին տեղն է գրավել առավել հետախուզվող կին ահաբեկիչների ցուցակում[3]։ Նույն օրը Նյու Ջերսիի գլխավոր դատախազն առաջարկել է ավելացնել ՀԴԲ-ի խոստացված պարգևը՝ Շաքուրին բերման ենթարկելու համար հանրագումարային վարձատրությունը հասցնելով 2 միլիոն դոլարի։
Շաքուրի արտահանձնմանը հասնելու փորձերը հանգեցրել են Հռոմի Պապի նամակներին և ԱՄՆ Կոնգրեսի բանաձևերին։ Նրա կյանքը դարձել է գրական ստեղծագործությունների, ֆիլմերի և երգերի թեմա։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.