Ալեքսանդրապոլի պայմանագիր
From Wikipedia, the free encyclopedia
Ալեքսանդրապոլի պայմանագիր (թուրքերեն՝ Gümrü Antlaşması), 1920 թվականի դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Հայաստանի Հանրապետության կառավարության և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության միջև ստորագրված հաշտության պայմանագիր։ Կնքվել է 1920 թվականի թուրք-հայկական պատերազմում հայկական կողմի կրած պարտության արդյունքում։ Թուրքիայի կողմից այն ստորագրել է թուրքական բանակի հրամանատար Քյազիմ Կարաբեքիրը, հայկական կողմից՝ Ալեքսանդր Խատիսյանը։ Բաղկացած է 18 հոդվածից։ Ալեքսանդրապոլի պայմանագիրը կազմված էր երկու օրինակից՝ ֆրանսերեն և թուրքերեն։
Ալեքսանդրապոլի պայմանագիր | |
---|---|
Պայմանագրի տիպ | ապօրինի պայմանագիր |
Ստորագրվել է — վայր |
դեկտեմբերի 3, 1920 թվական Ալեքսանդրապոլ |
Ստորագրել են | Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության անունից՝ Քյազիմ Կարաբեքիր
Հայաստանի Առաջին Հանրապետության կառավարության անունից՝ Ալեքսանդր Խատիսյան |
Կողմեր | Թուրքիայի ազգային մեծ ժողով
|
Լեզուներ | Ֆրանսերեն, թուրքերեն |
Վիքիդարան պարունակում է տեքստը. hy:Ալեքսանդրապոլի պայմանագիր |
Պայմանագրով Թուրքիային էր անցնում Կարսի մարզն ու Սուրմալուի գավառը, իսկ Նախիջևանը, Շարուրի, Շահթախթիի շրջանները հայտարարվում էին ժամանակավորապես Թուրքիայի հովանավորության ներքո գտնվող տարածքներ, որոնց հետագա ճակատագիրը պետք է որոշվեր հանրաքվեի միջոցով։ Հայաստանը զրկվում էր զինապարտության հիմունքով բանակ պահելու իրավունքից, հայկական բանակի թիվն ամրագրվում էր 1500 զինվորի, 8 թնդանոթի և 20 գնդացրի չափով։ Թուրքիան պարտավորվում էր զինված օգնություն ցույց տալ Հայաստանին ներքին և արտաքին վտանգի դեպքում՝ ըստ հայկական կառավարության դիմումի։
Ալեքսանդրապոլի պայմանագիրը պետք է վավերացվեր կնքումից մեկ ամիս հետո, սակայն Հայաստանի խորհրդային կառավարությունը, որն անցել էր իշխանության գլուխ, պայմանագրի կնքումից 7 ժամ առաջ՝ 1920 թվականի դեկտեմբերի 2-ին՝ ժ. 18.00-ին, այն չճանաչեց։ Այս փաստաթուղթը փոխարինվեց 1921 թվականի մարտի 16-ին Մոսկվայի պայմանագրով, իսկ հետո՝ 1921 թվականի հոկտեմբերի 13-ին Կարսում կնքված պայմանագրով։
Ալեքսանդրապոլի պայմանագիրն ապօրինի է[1]։