![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/60/Chase_William_Merritt_Idle_Hours_1894.jpg/640px-Chase_William_Merritt_Idle_Hours_1894.jpg&w=640&q=50)
Ազատ ժամանակ
From Wikipedia, the free encyclopedia
Ազատ ժամանակ, ոչ աշխատանքային և ոչ ուսումնական ժամանակի մաս, որը մարդու մոտ մնում է տարբեր տեսակի պարտականությունների կատարումից հետո, այնպիսիք, ինչպիսիք են՝ աշխատանքը, առօրյա-կենցաղային գործերը, ինքնասպասարկումը։ Ազատ ժամանակը հասկացվում է որպես անձի կողմից օգտագործվող ժամանակ իր ֆիզիկական և հոգևոր համակողմանի զարգացման համար, որը ներառում է հասարակական գործունեությունը, կրթական մակարդակի բարձրացումը, մշակութային հաղորդակցումը, օգտակար հանգիստը, ստեղծագործական գործունեությունը[1]։ Այս կերպ, ազատ ժամանակը ներկայանում է որպես անձի ինքնարժեք վարքի տարածություն։ Ազատ ժամանակի ընթացքում հնարավոր է սեփական Ես-ի, ներքին ազատության զգալի իրացում։ Ազատ ժամանակի ընթացքում մարդն իրացնում է իր ընդունակությունը՝ կազմակերպելու իր սոցիալական տարածությունն իր անհատականությանը համապատասխան։ Ժամանակն իրապես ազատ է այն դեպքում, երբ թույլ է տալիս մարդուն՝ մտածելու և ստեղծելու իր անհատականության համաձայն, այլ ոչ թե արտաքին անհրաժեշտությունից ելնելով[2]։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/60/Chase_William_Merritt_Idle_Hours_1894.jpg/640px-Chase_William_Merritt_Idle_Hours_1894.jpg)
Ազատ ժամանակը հանդես է գալիս որպես միջբնագավառային ուսումնասիրության առարկա՝ հետաքրքրություն առաջացնելով սոցիալական-հումանիտար տարբեր գիտությունների ներկայացուցիչների մոտ, մյուս կողմից՝ ազատ ժամանակը տարբեր սոցիալական հանրույթների և անձանց կենսագործունեության կարևորագույն ոլորտներից մեկն է, քանի որ հենց կենսագործունեության այս ոլորտին է բնորոշ անձի ազատությունը՝ դրսևորվելով ազատ ժամանակի անցկացման ձևերի, վայրի և ժամանակի ընտրության մեջ։ Ազատ ժամանակի ուսումնասիրությունը հետաքրքիր է, քանի որ ժամանակակից տեխնոլոգիական միջավայրն առաջարկում է ազատ ժամանակի անցկացման լայն հնարավորություններ[3]։
Ազատ ժամանակի ճանաչողության մեթոդաբանությունը ներառում է նրա կառուցվածքի, տևականության և գործունեության տարրերի հաջորդականության առանձնահատկությունը։ Ազատ ժամանակը հանդես է գալիս որպես անսահմանափակ հնարավորությունների տարածություն, որոնց ընտրությունն ու իրացումը ազատվում է ժամանակի առարկայանցման ինստիտուցիոնալ ձևերի ճնշումից՝ զուգակցվելով մարդու կամքի ազատ արտահայտման հետ։