From Wikipedia, the free encyclopedia
Ադրբեջանի Սահմանադրությունը Ադրբեջանի իրավական համակարգի հիմքն է՝ երկրի հիմնական օրենքը, որին պետք է համապատասխանեն մյուս բոլոր օրենքներն ու իրավական ակտերը։ Սահմանադրությունը նաև արժեքաբանական-գաղափարական փաստաթուղթ է, որը սահմանում է հասարակության կազմակերպման ամենահիմնական սկզբունքները, որոնց գործնական կիրառմանը և ամրապնդմանը պետք է ձգտի պետությունը[1]։
Ադրբեջանի Սահմանադրություն | |
---|---|
Տեսակ | սահմանադրություն |
Երկիր | Ադրբեջան |
Իրավասությունը տարածվում է | Ադրբեջան |
Ստեղծված | նոյեմբերի 12, 1995 |
Մասն է | Law of Azerbaijan? |
Հրատարակված | նոյեմբերի 27, 1995 |
Ժամանակակից իմաստով սահմանադրությունները՝ որպես պետության գրված հիմնական օրենք, նոր ժամանակաշրջանի երևույթ են։ Այդպիսի առաջին սահմանադրությունն Ամերիկայի Միացյալ Նահանգների 1787 թ. Սահմանադրությունն է, որը գործում է մինչ օրս՝ իհարկե, ավելի քան 200 տարվա ընթացքում կատարված էական փոփոխություններով։
Եվրոպայում առաջին սահմանադրություններն ընդունվել են 1791 թ.՝ նախ՝ այդ տարվա մայիսի 3-ին, Լեհաստանում, այնուհետև՝ նույն տարվա սեպտեմբերի 3-ին, Ֆրանսիայում։
Սակայն «սահմանադրություն» տերմինը շատ ավելի հին պատմություն ունի։ Ընդունված է ասել, որ տերմինը ծագում է լատինական «constitution» բառից, որը նշանակում է «սահմանում», «կառուցվածք»։ Իսկ դեռևս Ք.ա. 4-րդ դարում անտիկ հույն մտածող Արիստոտելը «սահմանադրություն» հասկացությունն օգտագործում էր պետության կառուցվածքի, պետական իշխանության արդյունավետ կազմակերպման, նրա՝ ժողովրդավարական և արդարացի լինելու մասին խոսելիս։ Հին Հունաստանում և Հին Հռոմում երկար ժամանակ սահմանադրություն էին կոչվում նաև կայսրերի, միապետների ընդունած իրավական ակտերը։
1995 թ. ընդունված սահմանադրությունը հանդիսանում է անկախ Ադրբեջանի առաջին սահմանադրությունը և ընդհանուր հաշվով հանրապետության չորրորդ սահմանադրությունը։ Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետությունը, որը գոյություն է ունեցել 1918 թվականից մինչև 1920 թվականը՝ չի կարողացել ընդունել իր հիմնական օրենքը։ Ադրբեջանի Սահմանադրության ստեղծման պատմությունը բաժին է ընկնում խորհրդային ժամանակահատվածին[2]։
1920 թ. Ադրբեջանի խորհրդայնացումից, ապա նաև՝ 1922 թ. Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության ստեղծումից հետո ադրբեջանական իրավական համակարգն ամբողջությամբ դարձավ Խորհրդային Միության իրավական համակարգի անբաժան մասը։ Խորհրդային շուրջ 70-ամյա պատմության ընթացքում Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունն ունեցավ երեք սահմանադրություն։ Առաջինն ընդունվեց 1921 թ. մայիսի 19-ին Ադրբեջանի ԽՍՀ բանվորների, գյուղացիների և կարմիրբանակայանինների դեպուտատների խորհուրդների առաջին համագումարում։ ԽՍՀՄ-ի և Անդրֆեդերացիայի կազմավորումից հետո Ադրբեջանի ԽՍՀ սահմանադրությունը փոփոխվեց և լրացվեց, և 1925 թ.-ին Ադրբեջանի ԽՍՀ խորհուրդների 4-րդ համագումարը վավերացրեց այդ փոփոխություններն ու լրացումները։ Ադրբեջանի ԽՍՀ երկրորդ սահմանադրությունն ընդունվեց 1937 թ. մարտի 14-ին Ադրբեջանի ԽՍՀ խորհուրդների 9-րդ արտակարգ համագումարում, իսկ երրորդը՝ 1978 թ. Ադրբեջանի ԽՍՀ 9-րդ գումարման Գերագույն խորհուրդի արտահերթ նստաշրջանում։ Այնուամենայնիվ, ԱԽՍՀ սահմանադրությունները դժվար է գնահատել որպես Ադրբեջանի իրավական համակարգը բնորոշող երևույթներ, քանի որ դրանք ընդունվել էին համապատասխանաբար՝ Ռուսաստանի ԽՖՍՀ 1918 թ. սահմանադրության, ԽՍՀՄ 1924 թ., 1936 թ. և 1977 թ. սահմանադրությունների հիման վրա[3]։
Ադրբեջանի Հանրապետության կողմից անկախություն ձեռք բերելուց հետո, առաջացել է նոր Սահմանադրության Արխիվացված 2021-12-18 Wayback Machine նախապատրաստման անհրաժեշտություն։ Դրա համար նախագահ Հեյդար Ալիևի ղեկավարության ներքո ստեղծվել է հատուկ հանձնաժողով, Սահմանադրության նախագիծը դրվել է համաժողովրդական քննարկման։ 1995 թ. նոյեմբերի 12-ին՝ համաժողովրդական հանրաքվեի որոշմամբ ընդունվել է անկախ Ադրբեջանի առաջին Սահմանադրությունը։
Սահմանադրությունն ամրագրեց Ադրբեջանի Հանրապետության բնույթը՝ որպես ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետության, հռչակեց մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները, սահմանեց հանրապետության կառավարման ձևը՝ հիմնված օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատման սկզբունքի վրա։ Սահմանադրությամբ ձևավորվեց նախագահական կառավարման ձև՝ պետության գլխին՝ Հանրապետության Նախագահին վերապահված լայն լիազորություններով։
Անկախ Ադրբեջանի առաջին Սահմանադրությունը, որն իրենից ներկայացնում է պետական շինարարության հիմքը՝ կազմված է 5 բաժնից, 12 գլուլխներից և 158 հոդվածներից։ 2002 թ. օգոստոսին համաժողովրդական հանրաքվեի որոշմամբ Սահմանադրության մեջ ներմուծվել են լրացումներ ու փոփոխություններ։
Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրական դատարանը, որը հանդիսանում է Ադրբեջանում սահմանադրական վերահսկողության առաջին մարմինը՝ ստեղծվել է 1998 թ. հուլիսի 14-ին։
Սահմանադրության ընդունումից հետո նոյեմբերի 12-ը դարձավ պետական տոն՝ Սահմանադրության օր[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.