Օջախ
From Wikipedia, the free encyclopedia
Ակութ, օջախ (ուզբ.՝ o'choq, ղրղզ.՝ очок, ղազ.՝ ошақ, ռուս.՝ очаг, անգլ.՝ hearth), պատմական և ժամանակակից գործածությամբ՝ աղյուսաշեն կամ քարաշեն կրակատեղի՝ վառարանով, կամ առանց դրա, որն օգտագործվել է տունը տաքացնելու կամ կերակուր պատրաստելու նպատակով։ Դարեր շարունակ օջախը հանդիսացել է տան անբաժանելի հատվածը՝ համարվելով դրա կենտրոնական և ամենակարևոր տեղը և ըստ այդմ, «օջախ» եզրը ընդհանրապես առնչվել է «տուն» հասկացության հետ, ինչպես օրինակ «օջախի ծուխը ծխալ», «օջախի կրակը վառ պահել» դարձվածքներում կամ «օջախդ շեն մնա» օրհնանքում։ Միջնադարյան տների նախագծերում օջախին հատկացվում էր սրահի կենտրոնական մասը՝ որտեղից ծուխը վեր բարձրանալով, դուրս էր գալիս երդիկից (տանիքի վրա բացված ծխատար անցք)։ Հետագայում օջախը տեղափոխեցին սենյակի մի անկյունը, իսկ երդիկը փոխարինվեց ծխնելույզով։ Բուխարու հետ համատեղելիս, օջախը բուխարու կենտրոնական մասն է, որտեղ վառվում է կրակը, սովորաբար հատակի բարձրությամբ կամ քիչ բարձր՝ բուխարու երեսպատված մասի ներքևում։