Սասնա ծռեր
հայ ժողովրդի ազգային էպոս կամ դյուցազնավեպ / From Wikipedia, the free encyclopedia
«Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ», հայ ժողովրդի ազգային էպոս կամ դյուցազնավեպ, որը ստեղծվել է ժողովրդական բանահյուսության հիման վրա։ Վիպասացների և բանահավաքների կողմից այն կոչվել է նաև «Սասնա փահլևաններ», «Սասնա տուն», «Ջոջանց տուն», «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ», «Դավիթ և Մհեր», «Դավթի պատմություն», «Դավթի հեքիաթ» և այլն։ Էպոսի գաղափարական ոգին հայ ժողովրդի հերոսական մաքառումն է թշնամիների դեմ՝ հանուն ժողովրդի ազատության և անկախության, հայրենիքի և պետականության պահպանման։ Հայոց դյուցազնավեպը գաղափարական առումով արտացոլում է նաև իրականությունից ունեցած դժգոհությունն ու կառուցվելիք արդար աշխարհի նկատմամբ ունեցած փափագը՝ բոլոր դեպքերում գովաբանելով օտարի լծի դեմ ելած ժողովրդի հերոսական պայքարը։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սասնա ծռեր (այլ կիրառումներ)
Սասնա ծռեր | |
---|---|
Հայոց էպոսի գլխավոր հերոս Սասնա Դավիթը՝ ըստ Հակոբ Կոջոյանի | |
Տեսակ | էպոս |
Ժանր | ազգային էպոս |
Հեղինակ | հայ ժողովրդական բանահյուսություն |
Երկիր | Հայաստան |
Բնագիր լեզու | հայերեն (բարբառներ՝ մոկաց, մշո, սասնա, արարատյան) |
Գրվել է | հստակեցված չէ (արաբական արշավանքների ժամանակահատվածում) |
Կերպարներ | Սասունցի Դավիթ և Մեծ Մհեր |
Հրատարակչություն | |
Հրատարակվել է | 1874 |
Թվային տարբերակ | թվային տարբերակի հղում |
Վիքիքաղվածք | Սասնա ծռեր |
David of Sassun |
Էպոսը համահավաք տարբերակով կոչվում է «Սասնա ծռեր»։ «Ծուռ» բառն այս պարագայում ունի իմաստային մի քանի նշանակություններ՝ դիվահար, խենթավուն, խելահեղ քաջ և այլն։ Տվյալ հատկանիշներից յուրաքանչյուրն էպոսի հերոսների համար բնորոշ է այս կամ այն պարագայում։ «Սասնա ծռեր» էպոսը կառուցվածքային առումով կազմված է վիպական չորս մասերից կամ ճյուղերից, որոնցից յուրաքանչյուրը կոչվել է տվյալ ճյուղի գլխավոր հերոսի անունով՝ «Սանասար և Բաղդասար», «Մեծ Մհեր», «Սասունցի Դավիթ», «Փոքր Մհեր»։ Հերոսների այս չորս սերունդը միմյանց հետ կապված են ազգակցական կապերով։ «Սասնա ծռերի» ամենաբնորոշ գիծը հերոսական անպարտելի ոգին է՝ պայմանավորված նրա նախահիմքում ընկած առասպելական դյուցազունների սխրանքներով և հայ ժողովրդի՝ իր ոսոխների, հատկապես արաբական բռնակալության դեմ մղած դարավոր պայքարով։ Էպոսի ստեղծման հստակ թվականը մեզ հայտնի չէ, քանի որ վերջինս գալիս է ժամանակի խորքից և ունի պատմական խոր ակունքներ։ Էպոսի ասացողները էպոսը պատմել են հայկական տարբեր բարբառներով, մեծ մասամբ մոկաց, մշո, սասնա, ինչպես նաև արարատյան։
Էպոսի պատումներից մեկը 1874 թվականին գրի է առել Գարեգին Սրվանձտյանցը՝ հրատարակելով «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ» վերնագրով։ 1889 թվականին էպոսի մի տարբերակ գրի է առել Մանուկ Աբեղյանը, իսկ արդեն 1939 թվականին Հովսեփ Օրբելին՝ էպոսագետների խմբի հետ մեկտեղ, ստեղծում է 60 պատումներից բաղկացած համահավաք բնագիր։ Համահավաք բնագիրը թարգմանվել է ֆրանսերեն, չինարեն, անգլերեն (թարգմանիչ՝ Լևոն Զավեն Սյուրմելյան), հունարեն, ռուսերեն, գերմաներեն, վրացերեն, թուրքերեն, ադրբեջաներեն և այլ լեզուներով։ «Սասնա ծռերն» ամբողջական կամ մասնակի մշակել են նաև Ավետիք Իսահակյանը, Եղիշե Չարենցը, Սողոմոն Տարոնցին, Վիգեն Խեչումյանը, Հմայակ Սիրասը, Մկրտիչ Խերանյանը, Նաիրի Զարյանը և ուրիշներ։ Էպոսին բազմիցս անդրադարձել են կերպարվեստում (Հակոբ Կոջոյան, Երվանդ Քոչար, Մհեր Աբեղյան, Էդուարդ Իսաբեկյան, Արտաշես Հովսեփյան և ուրիշներ), երաժշտության մեջ (Գևորգ Բուդաղյանի «Խանդութ» երաժշտական կոմպոզիցիան՝ ըստ Ալեքսանդր Սպենդիարյանի երաժշտության, Էդգար Հովհաննիսյանի «Սասունցի Դավիթ» բալետ-օպերան և այլն), կինոարվեստում («Սասնա ծռեր», ռեժիսոր՝ Արման Մանարյան, 2010 թվական, մուլտֆիլմ), թատրոնում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին սփյուռքահայերի հանգանականությամբ ստեղծվել է «Սասունցի Դավիթ» տանկային շարասյունը, իսկ Արցախյան պատերազմի տարիներին կազմավորվել են «Սասնա ծռեր» և «Սասունցի Դավիթ» կամավորական ջոկատները։ Հայաստանի անկախ Հանրապետությունում էպոսի հերոսների անուններով կոչվել են տեղանուններ, ինչպես նաև «Սասունցի Դավիթ» անունով մետրոպոլիտենի կայարան։
«Սասնա ծռեր» էպոսն ընդգրկված է Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում[1]։ Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության կոնվենցիայի Միջկառավարական կոմիտեի 7-րդ նստաշրջանը 2012 թվականի դեկտեմբերի 5-ին «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ էպոսի կատարողական դրսևորումները» հայտն ընդգրկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում։