Ռուսաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկ
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում 2017 թվականին Ռուսաստանի օբյեկտները թվով 28-ն են, որը կազմում է ընդհանուր թվի 2,7 %-ը (1073՝ 2017 թվականի դրությամբ)։ 17 օբյեկտ ընդգրկված է մշակութային չափանիշներով, այդ թվում՝ 6-ը համարվում են մարդկային ստեղծագործական գլուխգործոց, և 11 օբյեկտ՝ բնական չափանիշներով։ 2017 թվականին Ռուսաստանը գրավում էր աշխարհում 9-րդ տեղը՝ Համաշխարհային ժառանգության օբյեկտների ընդհանուր քանակով[1], իսկ բնական օբյեկտների թվով՝ 4-րդը (Չինաստանից, ԱՄՆ-ից և Ավստրալիայից հետո)[2]։
Ռուսաստանում Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում է գտնվում նաև Ղրիմի Խերսոնես Տավրիկյան պատմական քաղաքը, որն իր նկարագրությունում ներկայացված է որպես Ուկրաինայի տարածքում գտնվող օբյեկտ։ Ռուսական իշխանությունները դիտարկում են դա որպես Ռուսաստանի տարածքում գտնվող օբյեկտ[3]։ ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Էլեոնորա Միտրոֆանովան ընդգրկել է այն ռուսական օբյեկտների ցանկում[4]։
Բացի դրանից 2016 թվականի դրությամբ ևս 21 օբյեկտ ներկայացված է թեկնածու ցանկում[5]։ Խորհրդային Միությունը, որի իրավահաջորդը Ռուսաստանն է, վավերացրել է Համաշխարհային ժառանգության պաշտպանության կոնվենցիան 1988 թվականի հոկտեմբերի 12-ին[6]։ Ռուսաստանի առաջին օբյեկտներն ընդգրկվել են ցանկում 1990 թվականին, Համաշխարհային ժառանգության հանձնաժողովի 14-րդ նիստում։