Հայկական դրամ
ազգային արժույթ / From Wikipedia, the free encyclopedia
Հայկական դրամ, Հայաստանի ազգային արժույթը։ Դրամի արտադրյալը լուման է՝ «1 դրամ = 100 լումա» հարաբերակցությամբ։ Ազգային արժույթ թողարկելու բացառիկ իրավունքը պատկանում է Հայաստանի կենտրոնական բանկին, որը նաև կազմակերպում և կարգավորում է կանխիկ դրամաշրջանառությունը երկրի տարածքում[1][2]։ Շրջանառության մեջ գտնվող դրամանիշերը հանդիսանում են Կենտրոնական բանկի անվերապահ պարտավորությունը և ապահովված են նրա բոլոր միջոցներով[1]։ «Դրամ» բառը թարգմանաբար նշանակում է «փող» և ծագում է «դրախմա» բառից (հուն․՝ δραχμή)։ Հայկական դրամի գրանշանն է «» նշանը (֏ • U+058F Armenian Dram Sign[3][4])։
- Այս հոդվածը Հայաստանի արժույթի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք ԱՄԴ (այլ կիրառումներ)։
Տեսակ | տարադրամ |
---|---|
ISO 4217 կոդ | AMD |
Երկիր | Հայաստան և Արցախ |
Ներդրման ամսաթիվը | նոյեմբերի 22, 1993 |
Պաշտ օգտագործողներ | Հայաստան |
Կազմված է | Լումա |
Նշան | ֏ |
Նշանի նկարագրություն | Հայկական դրամի խորհրդանշան |
Մետաղադրամ | 10, 20, 50, 100, 200, 500 դրամ |
Թղթադրամ | 1000, 2000, 5000, 10 000, 20 000, 50 000, 100 000 դրամ |
Կենտրոնական բանկ | Հայաստանի Կենտրոնական բանկ |
Փոխարինել է | ԽՍՀՄ ռուբլի և ₽ |
Հայաստանի ազգային արժույթի ներդրումն իրականացվել է ՀՀ Գերագույն խորհրդի կողմից ստեղծված ՀՀ-ում դրամաշրջանառության կարգավորման պետական հանձնաժողովի 1993 թվականի նոյեմբերի 19-ի որոշմամբ, որի համաձայն՝ «1993 թվականի նոյեմբերի 22-ի ժամը 00:00-ից ՀՀ տարածքում օրինական վճարամիջոց են հանդիսանում ՀՀ ԿԲ 1993 թվականի նմուշի 10, 25, 50, 100, 200 և 500 դրամ անվանական արժեքներով բանկային տոմսերը»[5][6]։
Հայաստանում պետական դրամատպարանի և դրամահատարանի բացակայության պայմաններում ՀՀ Կենտրոնական բանկի կողմից թողարկված շրջանառու թղթադրամներն ու մետաղադրամները պատրաստվում են արտերկրում։ ՀՀ Կենտրոնական բանկը համագործակցել է հետևյալ ընկերությունների և դրամահատարանների հետ՝
- «OeBS» ընկերություն
- «Giesecke & Devrient» ընկերություն
- Լեհաստանի դրամահատարան
- «De La Rue» ընկերություն
- Մեծ Բրիտանիայի արքայական դրամահատարան
- «Joh. Enschede» ընկերություն
- Նիդերլանդների արքայական դրամահատարան
- Կրեմնիցայի դրամահատարան
- Ֆինլանդիայի դրամահատարան
ՀՀ շրջանառու դրամանիշերի էսքիզների հեղինակներն են՝ Աշոտ Մանուկյան, Հրաչյա Ասլանյան, Կարապետ Աբրահամյան, Ռուբեն Արուտչյան և Հարություն Սամուելյան։