ՀՀ արդարադատության գեներալ-մայոր
From Wikipedia, the free encyclopedia
Արդարադատության գեներալ-մայոր՝ բարձրագույն սպայական հատուկ կոչում։ Այն պատկանում է բարձրագույն հատուկ կոչումների դասին և շնորհվում է ՀՀ Նախագահի կողմից ՀՀ քրեակատարողական ծառայությունում, ՀՀ Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում, իսկ 2014 թվականի հունիսի 28-ից՝ նաև Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի և Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության ծառայողներին։ Այն երկրորդ բարձրագույնն է ՀՀ քրեակատարողական ծառայությունում, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում և Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունում (ցածր է արդարադատության գեներալ-լեյտենանտի հատուկ կոչումից), ՀՀ Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում՝ բարձրագույնը։ Սահմանվել է «Քրեակատարողական ծառայության մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին», «Քննչական կոմիտեի մասին» և «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքներով։ Մինչև 2005 թվականը սահմանադրական փոփոխությունները շնորհվում էր նաև զինվորական դատախազությունում։
Այն ՀՀ քննչական կոմիտեի նախագահի, հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնին համապատասխանող կոչումի ստորին, իսկ քրեակատարողական վարչության պետի առաջին տեղակալի, քրեակատարողական վարչության պետի տեղակալի, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալի, հատուկ քննչական ծառայության պետի տեղակալի, ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի, ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալի պաշտոնին համապատասխանող կոչումի վերին սահմանն է։