Ֆենիքս (տիեզերական սարքավորում)
From Wikipedia, the free encyclopedia
Ֆենիքս (անգլ.՝ Phoenix,հայ․՝ Փյունիկ), Մարս մոլորակն ուսումնասիրելու համար նախատեսված ՆԱՍԱ-ի վայրէջքային մոդուլ, աշխատել է 2008 թվականին։ Ֆենիքսը դարձել է առաջին սարքը, որն արձակվել է Mars Scout ծրագրով։ Նա ունեցել է սարքերի հավաքածու, որոնք թույլ էին տալիս ուսումնասիրել ջրի երկրաբանական պատմությունը, ինչպես նաև ուսումնասիրել շրջապատը՝ միկրոօրգանիզմների կյանքի համար բարենպաստ պայմաններ գտնելու նպատակով[1][2]։
«Ֆենիքսը» վեցերորդ սարքն է, որը հաջողությամբ իջել է Մարսի մակերևույթին։ Ինչպես նաև «Ֆենիքսն» առաջին սարքն էր, որը հաջողությամբ վայրէջք է կատարել Մարսի բևեռային գլխարկի վրա։
«Ֆենիքս» ծրագրի տեխնիկական և գիտական կառավարումը կատարել են Ռեակտիվ շարժման լաբորատորիան՝ Արիզոնայի համալսարանի հետ միասին, սարքի պատրաստմամբ զբաղվել է Lockheed Martin Space System ընկերությունը, Կանադական տիեզերական գործակալությունը օդերևույթաբանական համալիրով զոնդն է մատակարարել։ Բացի դրանից, ծրագիրն անցկացվել է ԱՄՆ-ի, Կանադայի, Շվեյցարիայի, Դանիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի համալսարանների հետ համագործակցությամբ[3][4]։
Սարքի արձակումը կատարվել է 2007 թվականի օգոստոսի 4-ին, հաջող վայրէջքը տեղի է ունեցել 2008 թվականի մայիսի 25-ին։ Սարքի հետ վերջին կապի սեանսը եղել է 2008 թվականի նոյեմբերի 2-ին, իսկ նույն թվականի նոյեմբերի 10-ին հայտարարվել է առաջադրանքի ավարտի մասին[5][6]։