Օրալ սեքս
From Wikipedia, the free encyclopedia
Օրալ սեքս, բերանային սեքս կամ օրալ սեռական հարաբերություն, սեռական հարաբերության եղանակ, երբ մի անձը բերանով (այդ թվում՝ շուրթերով, լեզվով և ատամներով) և կոկորդով գրգռում է մյուս անձի սեռական օրգանները։ Կունիլինգուսը վուլվայի (ամոթույքի) կամ հեշտոցի բերանային սեքսն է։ Ֆելյացիան (մինետը) առնանդամի գրգռումն է բերանով[1][2]։ Անիլինգուսը բերանային սեքսի տարատեսակ է, երբ բերանով գրգռվում է հետանցքը[1]։ Մարմնի այլ հատվածների բերանային գրգռումը, օրինակ՝ համբուրելը կամ լիզելը, չեն համարվում բերանային սեքսի տարատեսակներ։
Բերանային սեքսը կարող է լինել նախախաղի մի մաս, որը իրականացվում է սեռական գրգռման հասնելու համար և նախորդի սեռական գործողությունների այլ եղանակներին (հեշտոցային կամ հետանցքային սեքսին)։ Այն կարող է նաև արտահայտվել ինքնուրույն՝ որպես էրոտիկ կամ ֆիզիկական մտերմության մի մաս[1][3]։ Ինչպես սեռական գործողությունների այլ տեսակների դեպքում, այնպես էլ բերանային սեքսի ժամանակ կարող են փոխանցվել սեռական ճանապարհով փոխանցվող վարակներ (ՍՃՓՎ)։ Բայց որոշ վարակների, հատկապես՝ ՄԻԱՎ-ի դեպքում, փոխանցման ռիսկը զգալիորեն ցածր է հեշտոցային կամ հետանցքային սեքսի համեմատ[4][5][6]։
Օրալ սեքսը հաճախ տաբու է[1], չնայած որ շատ պետություններ չունեն սեռական այս գործողությունն արգելող օրենքներ։ Մարդիկ հիմնականում համարում են, որ բերանային սեռական հարաբերությունը չի ազդում զուգընկերներից և ոչ մեկի կուսության վրա։ Այս առումով, կարծիքները կարող են, սակայն, տարբեր լինել[7][8][9][10]։ Օրալ սեքսով զբաղվելու (անելու կամ ստանալու) հանդեպ մարդիկ կարող են ունենալ բացասական զգացումներ կամ արգելքներ, որի պատճառով կարող են խուսափել կամ մերժել այս սեռական գործողությամբ զբաղվելուց[1]։