Տեսիլք (կրոն)
From Wikipedia, the free encyclopedia
Տեսիլք, տեսիլ, երևում, արթմնի երազ, աստվածային հայտնության կերպ, անդենական իրողությունների դրսևորում։ Տեսիլքն իր բնույթով հայտնութենական է։ Աստվածային նախախնամությամբ, մարդկային տեսողությանը մատչելի աննյութեղեն պատկերների միջոցով տեսիլք հաղորդում կամ ակնարկելով մատնանշում է ճշմարտություններ, որոնք վերաբերում են թե՛ անցյալին, թե՛ ներկային և թե՛ ապագային, բայց այն գլխավորաբար միտված է վերջինին։ Այս իմաստով տեսիլք ունի մարգարեական ուղղվածություն։ Տեսիլքի վաղագույն օրինակներ առկա են Եսայու (6), Եզեկիելի (1), Դանիելի (8) մարգարեություններում, ինչպես նաև՝ Գործք առաքելոցում (10.10–20 և այլն)։
Տեսիլքներից է բաղկացած Զաքարիայի մարգարեությունը (Ձիերի տեսիլքը, Եղջյուրների տեսիլքը, Չափելու լարի տեսիլքը, Մեծ քահանայի տեսիլքը և այլն)։ Նորկտակարանային տեսիլքներից ուշագրավ են Պետրոս առաքյալի տեսիլք Հոպպեում (կենդանիներով ու թռչուններով լեցուն անոթ՝ ինչպես մի մեծ սփռոց, Գործք 10.1–16), որով Պետրոսին ծանուցվում էր, թե Ավետարանը պիտի քարոզվի նաև հեթանոսներին և նրանց վրա էլ պիտի իջնի Սուրբ Հոգին, ինչպես նաև Սողոսի՝ նույն ինքը Պողոս առաքյալի տեսիլք (Գործք 9.3–9)՝ Դամասկոսի ճանապարհին (երկնքից փայլատակող լույս և ձայն, որն ասում էր. «Սավու՜ղ, Սավու՜ղ, ինչու ես հալածում ինձ», Գործք 9.4)։
Հովհաննեսի Հայտնությունը ևս լեցուն է տեսիլքներով, որոնք ցույց են տալիս Քրիստոսի Երկրորդ գալուստը։ Տեսիլքներ առկա են ինչպես հինկտակարանային, այնպես էլ նորկտակարանային պարականոն գրվածքներում։ Հայրախոսական մատենագրության մեջ հայտնի են աստվածաշնչական տեսիլքների՝ Հովհան Ոսկեբերանի, Թեոդորետոս Կյուրացու (5-րդ դար, Մեկնութիւն Եզեկիէլի, 2000), Վարդան Անեցու (10-11-րդ դարեր, Անեցի Վարդան վարդապետի երգել ի կառս, 1971, էջ 276–291), Վարդան Արևելցու (Ճառք, ներբողեանք, 2000, էջ 122–134), Եսայի Նչեցու (Եզեկիելի՝ Մատենադարան, ձեռագիր 6573), Հովհաննես Երզընկացի Ծործորեցու (Դանիելի՝ Մատենադարան, ձեռագիր 1187, թվականներ 305–379) մեկնություններն ու ներբողական բացատրությունները։