Վինսենթ վան Գոգ
հոլանդացի նկարիչ / From Wikipedia, the free encyclopedia
Վինսենթ Ուիլլեմ վան Գոգ (հոլ.՝ Vincent Willem van Gogh, մարտի 30, 1853(1853-03-30)[1][2][3][…], Զունդերտ, Հյուսիսային Բրաբանդ, Նիդերլանդներ[4][5] - հուլիսի 29, 1890(1890-07-29)[1][2][3][…], Օվեր Սյուր Ուազ[6][4]), հոլանդացի նկարիչ, պոստիմպրեսիոնիզմի և էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչ։ Համարվում է արևմտյան արվեստի պատմության ամենանշանավոր ու ամենաազդեցիկ դեմքերից մեկը։ Ընդամենը տասը տարվա ընթացքում նա ստեղծել է արվեստի մոտ 2.100 գործ, այդ թվում` 860 նկար յուղաներկով. դրանց մեծ մասը նկարիչը ստեղծել է իր կյանքի վերջին երկու տարիներին։ Նկարները դիմանկարներ են, նատյուրմորտներ, ինքնադիմանկարներ, որոնք բնորոշվում են համարձակ գույներով, դրամատիզմով, արտահայտչականությամբ, ինչը նպաստել է ժամանակակից արվեստի սկզբունքների հաստատմանը։ Հոգեկան հիվանդության և աղքատության պատճառով Վան Գոգը 37 տարեկան հասակում ինքնասպան է եղել։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վան Գոգ (այլ կիրառումներ)
Ծնված լինելով միջին դասից բարձր ընտանիքում` Վան Գոգը նկարել սկսել է մանկությունից, եղել է լուրջ, հանգիստ ու մտածկոտ երեխա։ Երիտասարդ տարիքում աշխատել է արվեստի գործերի վաճառող, հաճախ ճամփորդել, սակայն դեպրեսիայի մեջ է հայտնվել, երբ նրան տեղափոխել են Լոնդոն։ Նա հետաքրքրություն է դրսևորել կրոնի հանդեպ` որպես բողոքական հոգևորական հանդես գալով Բելգիայի հարավում։ Նկարիչը եղել է միայնակ ու հիվանդ, նախքան կսկսեր գեղանկարչությամբ զբաղվել 1881 թվականին, երբ տուն է վերադարձել ծնողների մոտ։ Նրա կրտսեր եղբայրը` Թեո վան Գոգը, նրան աջակցել է ֆինանսապես. եղբայրները նամակագրական երկարատև կապ են պահպանել։ Վան Գոգի վաղ շրջանի նկարները, որոնք հիմնականում նատյուրմորտներ են և գյուղացիների պատկերներ, քիչ են աչքի ընկնում վառ գունավորմամբ, ինչն առավել բնորոշ է ուշ շրջանին։ 1886 թվականին նկարիչը տեղափոխվել է Փարիզ, որտեղ հանդիպել է ավանգարդի ներկայացուցիչների հետ, այդ թվում` Էմիլ Բեռնարի, Պոլ Գոգենի, որոնք անտարբեր չէին իմպրեսիոնիստների արտահայտչականության ու զգացմունքայնության հանդեպ։ Իր աշխատանքի ընթացքում Վան Գոգը նոր մոտեցում է ցուցաբերել նատյուրմորտի ու տեղի բնապատկերների նկատմամբ. նրա նկարները ձեռք են բերել վառ գույներ, քանի որ նա նոր ոճ է մշակել 1888 թվականին Ֆրանսիայի հարավում գտնվող Առլ քաղաքում հայտնվելով։ Այս շրջանում նա ընդաձակել է իրերը, որոնք իրենց դրսևորումն են գտել ձիթենիների, ցորենի դաշերի ու արևածաղիկների շարքերում։
Վան Գոգը տառապել է հոգեկան խնդիրներով և չնայած իր հոգեկան առողջության մասին մտահոգվելուն` պատշաճ կերպով չի սնվել և հաճախ հարբել է։ Նրա մտերմությունը Գոգենի հետ ավարտվել է զայրույթի պահին սեփական ձախ ականջը ածելիով կտրելով։ Նկարիչը որոշ ժամանակ բուժվել է հոգեբուժական հիվանդանոցում` ներառյալ Սեն Ռեմի դը Պրովանսում եղած ժամանակաշրջանը։ Այն բանից հետո, երբ դուրս է գրվել հիվանդանոցից և տեղափոխվել Փարիզի մերձակայքում գտնվող Օբերգ Ռավու` Օվեր սյուր Ուազ, նա հայտնվել է բժիշկ Պոլ Գաշեի հսկողության տակ։ Նրա ընկճախտը շարունակվել է, և 1890 թվականի հուլիսի 27-ին Վան Գոգն ինքնասպանություն է կատարել իր սնդուկում պահվող ռևոլվերի միջոցով։ Երկու օր անց նա մահացել է տրավմայից։
Վան Գոգն անհաջողակ է եղել իր կյանքի ընթացքում և համարվել խելագար անհաջողակ։ Նա մեծ ճանաչում է ստացել իր ինքնասպանությունից հետո. հասարակության գիտակցության մեջ մնացել է որպես ճիշտ չհասկացված հանճարի օրինակ, որտեղ համընկնում են «անմտությունն ու ստեղծագործական ներշնչանքը»[12]։ Վան Գոգի հեղինակությունն աճել է 20-րդ դարի սկզբին, երբ նկարելու նրա ոճից սկսել են ազդվել ֆովիստները և գերմանացի էքսպրեսիոնիստները։ Նկարչի ստեղծագործությունները հասել են առևտրական հաջողության հետագա տասնամյակներին, իսկ Վան Գոգն ընկալվել է որպես շատ կարևոր, բայց և ողբերգական նկարիչ, որի անհանգիստ անհատականությունը խորհրդանշել է տանջված նկարչի ռոմանտիկ իդեալները։
Վան Գոգի ստեղծագործությունները պահպանվում են աշխարհի ամենահեղինակավոր թանգարաններում (Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարան, Օգյուստ Ռոդենի տուն-թանգարան, Իմպրեսիոնիզմի թանգարան, Փարիզի Ժամանակակից արվեստի թանգարան, Մյունխենի Նոր պինակոտեկ)։ Ամենամեծ թվով ստեղծագործությունները ցուցադրվում են Ամստերդամի Վան Գոգի թանգարանում։