Ռոբոտ
From Wikipedia, the free encyclopedia
Ռոբոտ, համակարգչով ծրագրավորվող մեքենա, որն ընդունակ է ավտոմատ կերպով կատարել բարդ գործողությունների հաջորդականություն։ Ռոբոտները կարող են կառավարվել արտաքին կամ ներդրված կառավարման սարքերով[2]։ Ռոբոտները կարող են լինել մարդանման (հումանոիդ), բայց դրանց մեծ մասը նախատեսված է որևէ գործողություն կատարելու համար՝ առանց կարևորելու արտաքին տեսքը։
Ռոբոտներն ըստ կառավարման լինում են ավտոմատ կամ կիսաավտոմատ, ըստ արտաքին տեսքի և նշանակության՝ մարդանման (օր․՝ ճապոնական Հոնդա ընկերության քայլող ASIMO և TOSY ընկերության պինգ պոնգ խաղացող ռոբոտները (TOPIO)), արդյունաբերական, բժշկական, հիվանդների օժանդակ, շների թերապիայի, համատեղ ծրագրավորված կոլեկտիվ ռոբոտներ, անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) կամ դրոններ (General Atomics MQ-1 Predator), և նույնիսկ շատ փոքր նանո ռոբոտներ։ Նմանակելով մարդու իրական արտաքին տեսքը և շարժումները ռոբոտները կարող են հաղորդակցվել[3]։ Սպասվում է, որ առաջիկա տասնամյակում ավտոմատացումը մեծ տարածում կգտնի։ Կստեղծվեն տնային օգնական ռոբոտներ, մեքենաներ առանց վարորդների և այլն[4]։
Տեխնիկայի այն բնագավառը, որը զբաղվում է ռոբոտների նախագծմամբ, պատրաստմամբ և կիրառմամբ, ինչպես նաև դրանց կառավարման կոմպյուտերային համակարգերի, տվիչային հետադարձ կապի և ինֆորմացիայի մշակմամբ անվանում են ռոբոտատեխնիկա[5]։ Այն գործ ունի ավտոմատ մեքենաների հետ, որոնք կարող են փոխարինել մարդկանց վտանգավոր միջավայրերում աշխատելիս, արտադրական գործընթացներում, նմանակել մարդկանց տեսքը, վարքը և խոսքը։ Ժամանակակից շատ ռոբոտների նախագծերի հիմքում ընկած են կենդանի օրգանիզմները։ Արդյունքում ձևավորվեց ռոբոտատեխնիկայի նոր ճյուղ՝ այսպես կոչված «փափուկ» ռոբոտներ։
Դեռ հին քաղաքակրթությունների ժամանակաշրջանից կան կարգավորվող ավտոմատ սարքերի մասին հիշատակություններ և նույնիսկ կենդանիների կամ մարդու նմանությամբ սարքեր՝ նախատեսված հիմնականում զվարճանքի համար։ Արդի զարգացած արդյունաբերական դարաշրջանում առաջացան ավելի գործնական կիրառություններ՝ ավտոմատ մեքենաներ, անլար կամ լարային հեռակառավարմամբ ռոբոտներ։
Տերմինը վերցվել է չեխերեն robota`«հարկադիր աշխատող» բառից, որն առաջին անգամ օգտագործել է չեխ գրող Կարել Չապեկը «R. U .R. (Rossum's Universal Robots)» (Ռոսսումի Ունիվերսալ Ռոբոտները) պիեսում (1920 թվական), բայց բառի իսկական հեղինակը նրա եղբայրն է՝ Ժոսեֆ Չապեկը[6][7][8]։ Վիլյամ Գրեյ Ուոլտերի (Բրիստոլ, Անգլիա 1948 թվական), Ջոն Թ․ Փարսոնսի և Ֆրենկ Լ․ Ստուլենի (համակարգչային թվային կառավարման միջոցներ (CNC)) ստեղծած առաջին էլեկտրոնային ռոբոտների ի հայտ գալուց հետո Էլեկտրոնիկան վերածվեց տեխնիկայի զարգացման շարժիչ ուժի։ Առաջին կոմերցիոն, թվային և ծրագրավորվող ռոբոտը պատրաստել է Ջորջ Դեվոլը 1954 թվականին և անվանվել է Unimate։ Այն վաճառվել է General Motors-ին 1961 թվականին, որտեղ այն օգտագործվեց բարձրացնելու համար մետաղի տաք ձուլակտորներ (Inland Fisher Guide Plant ընկերություն, արևմտյան Տրենտոն, Էվինգ ավան, Նյու Ջերսի)[9]։
Ռոբոտները փոխարինում են մարդկանց[10] կրկնվող և վտանգավոր գործողություններ կատարելիս, որոնք մարդիկ նախընտրում են չանել կամ ի վիճակի չեն անելու՝ չափերի սահմանափակումների պատճառով կամ որոնք պետք է կատարվեն էքստրեմալ միջավայրերում՝ տիեզերք, ծովի հատակ և այլն։ Կան մտահոգություններ կապված ռոբոտների կիրառման աճող տեմպերի և հասարակությունում դրանց դերի հետ[11]։ Ռոբոտներին մեղադրում են տեխնոլոգիական գործազրկության աճի համար, քանի որ դրանք փոխարինում են աշխատողներին ֆունկցիոնալության բարձրացման նպատակով։
Վարկածներ կան, որ ռոբոտները գրավելու են աշխարը։ 2023թ․ միջազգային ժողովներից մեկում ռոբոտին հարց են տվել, ինչ են պատրասվում անել ռոբոտները․ նա պատասխանել է․
-ոչնչացնել աշխարհը
Հետագայում այս ռոբոտին ոչնչացրին։