Պարսկական երկրորդ ներխուժում Հունաստան
From Wikipedia, the free encyclopedia
Պարսկական երկրորդ ներխուժում Հունաստան (մ․թ․ա․ 480-479 թվականներ), Հույն-պարսկական պատերազմների մաս, որի ժամանակ Քսերքսես I-ը ձգտում էր գրավել ամբողջ Հունաստանը։ Ուշացած արշավանքը թերևս պարսկական առաջին ներխուժման (մ․թ․ա․ 492–490 թվականներ) ժամանակ Մարաթոնի ճակատամարտում կրած պարտության պատասխանն էր, որը ավարտվել էր Դարեհ I-ի՝ Հունաստանը հպատակեցնելու փորձերը։ Դարեհի մահից հետո նրա որդի Քսերքսեսը մի քանի տարի շարունակ պլանավորել է երկրորդ ներխուժումը Հունաստան՝ հավաքագրելով հսկայական բանակ և նավատորմ։ Հույների դիմադրության կազմակերպիչները աթենացիներն ու սպարտացիներն էին։ Հունական քաղաք-պետությունների շուրջ մեկ տասներորդ մասն էր միայն միացել դաշնակցային ուժերին, իսկ մեծամասնությունը կամ հայտարարել էր իր չեզոքության, կամ էլ Քսերքսեսին հպատակվելու մասին։
Պարսկական երկրորդ ներխուժում Հունաստան | |||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Հույն-պարսկական պատերազմներ | |||||||||||
Արշավանքի քարտեզը և ուղղությունները | |||||||||||
| |||||||||||
Հակառակորդներ | |||||||||||
Հունական քաղաք-պետություններ, հիմնականում Աթենք և Երետրիա |
Աքեմենյան պետություն | ||||||||||
Հրամանատարներ | |||||||||||
Թեմիստոկլես Եվրիբիադես Լեոնիդաս I Պավսանիաս Լևտիքիդես |
Քսերքսես I Արտեմիսիա I Կարիացի Մարդոնիոս Հիդարնես Բ (անմահներ) Արտյուփիոս (գանդարներ, դադիկներ) Ազանես (սոգդեր) Արտաբազոս (պարթևներ, խորեզմցիներ) | ||||||||||
Կողմերի ուժեր | |||||||||||
Ցամաքային ուժեր՝ 10,000 սպարտացիներ 9,000 աթենացիներ 5,000 կորինթոսցիներ 2,000 թեսպիացիներ 1,000 փոկայացիներ 30,000 հույներ այլ քաղաք-պետություններից՝ ներառյալ Արկադիան, Էգինան, Երետրիան, և Պլատեան Ծովային ուժեր։ 400 տրիերաներ 6,000 ծովային 68,000 թիավար Ընդհանուր։ 125,000 մարդ 400 նավ |
Ցամաքային ուժեր։ 80,000[1]–100,000 զինվորներ կամ ավելի քիչ (ժամանակակից հաշվումներ)
Ծովային ուժեր։ 600[1]–1200 նավեր (ժամանակակից հաշվումներ)
|
Արշավանքը սկսել է մ․թ․ա․ 480 թվականին, երբ պարսից բանակը անցել է Հելլեսպոնտոսը և Թրակիայի ու Մակեդոնիայի միջով ուղղություն վերցրել դեպի Թեսալիա։ Պարսից բանակի առաջխաղացմանը խոչընդոտել է Լեոնիդաս I-ը՝ Սպարտայի արքան, որը փոքրաթիվ ուժերով փակել էր Թերմոպիլեի կիրճի՝ պարսիկների անցման մուտքը, իսկ նույն ժամանակ պարսկական նավատորմը հույների կողմից արգելափակվել էր Արտեմիսիոնի նեղուցում։ Հանրահայտ Թերմոպիլեի ճակատամարտի արդյունքում հունական ուժերը պարսիկներին երեք օր շարունակ հետ են մղել, սակայն պարսիկները կարողացել են լեռնային ճանապարհով շրջանցել նրանց, ինչի արդյունքում հունական փոքրաթիվ զորքը հայտնվել է թակարդում և ամբողջովին ոչնչացվել։ Հունական նավատորմը Արտեմիսիոնի ճակատամարտում ևս կարողացել է երկու օր շարունակ դիմակայել պարսկական հարձակումներին, սակայն երբ լուր է ստացել Թերմոպիլեի ճակատամարտում կրած անհաջողության մասին, նահանջել է Սալամին։
Թերմոպիլեի ճակատամարտից հետո ամբողջ Եվբեան, Փոկիսը, Բեոտիա\ն և Ատտիկան ընկել է պարսիկների ձեռքը, որոնք գրավել և հրդեհել են Աթենքը։ Այնուամենայնիվ, մեծաքանակ հունական բանակը ամրացրել է Կորնթոսի պարանոցը՝ փորձելով պաշտպանել Պելոպոնեսը պարսիկների գրավումից։ Երկու կողմերն էլ ձգտում էին ծովային հաղթանակի, որը կարող էր վճռականորեն փոխել պատերազմի ընթացքը։ Աթենացի հրամանատար Թեմիստոկլեսը կարողացել է պարսից նավատորմին հաջողությամբ ներքաշել Սալամինի նեղուց, որտեղ պարսից մեծաքանակ նավերը դարձել են անկազմակերպ և պարտություն կրել հունական նավատորմի կողմից։ Այս հաղթանակի արդյունքում կանխվել է արշավանքի արագ եզրափակումը։ Քսերքսեսը, վախենալով, որ Եվրոպայում թակարդի մեջ կհայտնվի, զորքի ղեկավարությունը թողել է Մարդոնիոսին և հեռացել Ասիա։
Հաջորդ գարնանը հունական ուժերը հավաքագրել են հոպլիտներից կազմավորված հսկայական զորք և Կորնթոսի պարանոցից շարժել դեպի հյուսիս՝ դեմ առ դեմ ճակատամարտելու Մարդոնիոսի հետ։ Տեղի ունեցած Պլատեայի ճակատամարտում պարսկական բանակին ծանր պարտության մատնելով և ճակատամարտի ժամանակ սպանելով նաև Մարդոնիոսին՝ հույն հետևակայինները նորից ապացուցել են իրենց գերազանցությունը։ Նույն օրը Եգեյան ծովի մյուս ափին հունական ուժերը հաղթանակ են տարել նաև Միկալեի ճակատամարտում։ Այս երկու պարտությունների հետևանքով Պարսիկների երկրորդ արշավանքը դեպի Հունաստան ավարտվել է, իսկ պարսիկների ազդեցությունը Եգեյան ավազանում լուրջ անկում ապրել։ Այս ամենից հետո հույներն անցել են հակագրոհի և պարսիկներին դուրս մղել Եվրոպայից, Եգեյան կղզիներից, Հոնիայից։ Մ․թ․ա․ 479 թվականին պատերազմը վերջապես ավարտվել է։