Չարորակ նեյրոլեպտիկ համախտանիշ
From Wikipedia, the free encyclopedia
Չարորակ նեյրոլեպտիկ համախտանիշ (ՉՆՀ), նեյրոլեպտիկ կամ հակափսիխոտիկ դեղորայքի կիրառումից առաջացող, կյանքին սպառնացող վիճակ[1]։ Ախտանիշներն են բարձր ջերմությունը, շշմածությունը, մկանների ռիգիդությունը, արյան ճնշման տատանումները, առատ քրտնարտադրությունը և հաճախասրտությունը[1]։ Բարդություններն են՝ ռաբդոմիոլիզ (մկանային հյուսվածքի քայքայում), արյան մեջ կալիումի բարձր քանակություն, երիկամային անբավարարություն, կամ ցնցումներ[1][3]։
Չարորակ նեյրոլեպտիկ համախտանիշ | |
---|---|
Հալոպերիդոլ, ՉՆՀ-ի պատճառը | |
Տեսակ | առողջական խնդիր և հիվանդության կարգ |
Պատճառ | Նեյրոլեպտիկ կամ հակափսիխոտիկ դեղամիջոցներ[1] |
Հիվանդության ախտանշաններ | Բարձր ջերմություն, շշմածություն, մկանների ռիգիդություն, արյան ճնշման տատանումներ, առատ քրտնարտադրությունը[1] |
Բժշկական մասնագիտություն | Նյարդաբանություն, Հոգեբուժություն |
ՀՄԴ-10 | G21.0 |
Ռիսկի գործոններ | Ջրազրկում, հոգեշարժական գրգռվածություն, կատատոնիա[2] |
Ախտորոշում | Հիմնված այն անձանց ախտանիշների վրա, ովքեր վերջին ամսվա ընթացքում սկսել են նեյրոլեպտիկ դեղամիջոցներով բուժումը[3] |
Տարբերակիչ ախտորոշում | Ջերմային հարված, չարորակ հիպերթերմիա, սերոտոնինային համախտանիշ, մահացու կատատոնիա[3] |
Բուժում | Դադարեցնել պատճառային դեղորայքը, արագորեն իջեցնել հիվանդի ջերմաստիճանը, սկսել այլ դեղամիջոցների կիրառումը[3] |
Բարդություններ | Ռամբդոմիոլիզ, արյան մեջ կալիումի բարձր քանակություն, երիկամային անբավարարություն, ցնցումներ[1][3] |
Սկիզբը | Մի քանի շաբաթվա ընթացքում[4] |
Կանխատեսում | մահվան վտանգը կազմում է 10%[2] |
Նեյրոլեպտիկների ընտանիքին պատկանող ցանկացած դեղորայք կարող է առաջացնել այս վիճակը, չնայած, տիպիկ նեյրոլեպտիկները ունեն այս համախտանիշը առաջացնելու ավելի մեծ հավանականություն քան ատիպիկ նեյրոլեպտիկները[1]։ Համախտանիշը սովորաբար առաջանում է դեղամիջոցների կիրառումը սկսելուց մի քանի շաբաթ անց, սակայն տեսականորեն կարող է առաջանալ ցանկացած պահի[1][4]։ Ռիսկի գործոններն են ջրազրկումը, ագիտացիան և կատատոնիան[2]։ Լեվոդոպայի կիրառման կտրուկ դադարեցումը նույնպես կարող է նպաստել ՉՆՀ-ի առաջացմանը[1]։ Դրա հիմքում ընկած մեխանիզմը դոպամինային ընկալիչների պաշարումն է[1]։ Ախտորոշումը հիմնված է ախտանիշների վրա[3]։
Հիվանդի վարումը ներառում է պատճառային դեղորայքի դադարեցում, արագորեն հիվանդի մարմնի ջերմաստիճանի իջեցում, և այլ դեղամիջոցների կիրառում[3]։ Օգտագործվող դեղորայքներից են դենտրոլենը, բրոմոկրիպտինը և դիազեպամը[3]։ ՉՆՀ-ով հիվանդների մոտ մահվան ռիսկը կազմում է 10%[2]։ Վերջնական արդյունքը բարելավելու համար պետք է շատ շուտ կայացնել ճիշտ ախտորոշում և սկսել բուժումը[1]։ Հիվանդների մեծ մասը բուժումից հետո կարող են շարունակել հակափսիխոտիկների ցածր դեղաչափերի կիրառումը[3][4]։
2011 թվականի տվյալներով հոգեբուժարաններում նեյրոլեպտիկային դեղամիջոցներով բուժում ստացող 100,000 հիվանդից տարեկան 5-ի մոտ զարգանում էր չարորակ նեյրոլեպտիկ համախտանիշ[1]։ 20-րդ դարի երկրորդ կեսին այս ցուցանիշը ավելի բարձր էր՝ 2% (100,000-ից 2000-ի մոտ)[1]։ Տղամարդիկ ավելի հաճախ են ախտահարվում քան կանայք[1]։ Այս վիճակը առաջին անգամ նկարագրվել է 1956 թվականին[1]։