Մարտին Լյութեր Քինգ
From Wikipedia, the free encyclopedia
Մարտին Լյութեր Քինգ (անգլ.՝ Martin Luther King, հունվարի 15, 1929(1929-01-15)[1][2][3][…], Ատլանտա[1] - ապրիլի 4, 1968(1968-04-04)[1][2][3][…], Մեմֆիս, Թենեսի, ԱՄՆ[1]), ամերիկացի բապտիստ (բողոքական եկեղեցու հետևորդ), հոգևորական և ակտիվիստ, որը դարձել է քաղաքացիական իրավունքների շարժման ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկը՝ սկսած 1954 թվականից մինչև 1968 թվականը՝ իր մահը։ Քինգը ավելի շատ հայտնի է քաղաքացիական իրավունքների պաշտպանությամբ, որը պետք է իրականացվի ոչ բռնի և քաղաքացիական անհնազանդության միջոցով՝ ոգևշնչվելով իր քրիստոնեական գաղափարներով և Մահաթմա Գանդիի ծավալած ոչ բռնի գործունեությամբ։
Քինգն առաջնորդում էր 1955 թվականի Մոնտգոմերիի ավտոբուսային բոյկոտը և 1957 թվականին դարձավ Հարավային քրիստոնեության առաջնորդության կոնֆերանսի առաջին նախագահը։ Այս կոնֆերանսի շրջանակներում նա առաջնորդեց 1962 թվականի ձախողված պայքարը սեգրեգացիայի (խտրականություն, զատում) դեմ Օլբանիում (Ջորջիա) և օժանդակեց 1963 թվականի ոչ բռնի բողոքի ցույցերի կազմակերպմանը Բիրմինգհեմում, Ալաբամայում։ Նա նաև օժանդակել է 1963 թվականի դեպի Վաշինգտոն երթի կազմակերպմանը, որի ժամանակ էլ հնչեցրել է իր հայտնի «Ես երազանք ունեմ» ելույթը։
1964 թվականի հոկտեմբերի 14-ին Քինգը Նոբելյան խաղաղության մրցանակ է ստացել ռասայական խտրականության դեմ ոչ բռնի դիմադրություն ցույց տալու համար[8]։ 1965 թվականին նա օգնել է Սելմայից Մոնտգոմերի ցույցերի կազմակերպմանը։ Հաջորդ տարում նա և Հարավային քրիստոնեության առաջնորդության կոնֆերանսը շարժում սկսեցին Չիկագոյի հյուսիսում։ Կյանքի վերջին տարիներին նա իր ուշադրությունը կենտրոնացրեց նաև աղքատության և Վիետնամական պատերազմի վրա։ Նա իր լիբերալ դաշնակիցներին հեռացրեց իրենից 1967 թվականի ելույթով, որը վերնագրված է «Վիետնամից անդին»։ Էդգար Հուվերը Քինգին համարում էր արմատական և 1963 թվականից սկսած նրան դարձրեց Հետաքննությունների դաշնային բյուրոյի Քօինտելպրոյի (COINTELPRO-counter intelligence program) հետաքննության օբյեկտ։ Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալները նրան կասկածում էին կոմունիստների հետ կապերի մեջ, բացահայտում էին նրա արտամուսնական կապերը և դրանց մասին զեկուցում կառավարական պաշտոնյաներին։ Եղել է դեպք, երբ նրան սպառնալիքներով անանուն նամակ են ուղարկել, որը Քինգի կողմից մեկնաբանվում էր որպես իրեն ինքնասպանության մղելու փորձ։
1968 թվականին Քինգը նախապատրաստում էր Վաշինգտոնի ազգային օկուպացիան, որը կոչվելու էր աղքատ մարդկանց արշավ, երբ սպանվեց Մեմֆիսում (Թենեսի) ապրիլի 14-ին։ Նրա մահը խռովություններ հրահրեց ԱՄՆ մի շարք քաղաքներում։ Պնդումները, որ Ջեյմս Ըրլ Ռեյը՝ Քինգի սպանության մեջ մեղադրվողը, գործել է կառավարության գործակալների հետ, ի հայտ եկան սպանությունից տասնամյակներ անց։
Քինգը հետմահու պարգևատրվել է Ազատության նախագահական շքանշանով և Կոնգրեսի ոսկե շքանշանով։ Մարտին Լյութեր Քինգի օրը 1971 թվականից սկսած տոն է հայտարարվել մի շարք քաղաքներում և նահանգներում, իսկ արդեն 1986 թվականից սկսած այն համարվում է ԱՄՆ դաշնային տոն։ ԱՄՆ շատ փողոցներ վերանվանվել են Քինգի անունով, Վաշինգտոն նահանգի վարչական շրջաններից մեկը նույնպես կապվում է նրա անվան հետ։ 2011 թվականին Վաշինգտոնի Ազգային ծառուղում բացվել է Մարտին Լյութեր Քինգի հուշարձանը