Մասնակից:Narek JA/Ավազարկղ
From Wikipedia, the free encyclopedia
Ռոբոտ, համակարգչով ծրագրավորվող մեքենա, որն ընդունակ է ավտոմատ կերպով կատարել բարդ գործողությունների հաջորդականություն։ Ռոբոտները կարող են կառավարվել արտաքին կամ ներդրված կառավարման սարքերով [2]։ Ռոբոտները կարող են լինել մարդանման (հումանոիդ), բայց դրանց մեծ մասը նախատեսված է որևէ գործողություն կատարելու համար՝ առանց ուշադրություն դարձնելու արտաքին տեսքին։
Ռոբոտները ըստ կառավարման լինում են ավտոմատ կամ կիսաավտոմատ, ըստ արտաքին տեսքի և նշանակության՝ մարդանման (օր․՝ ճապոնական Հոնդա ընկերության քայլող ASIMO և TOSY ընկերության պինգ պոնգ խաղացող ռոբոտները (TOPIO)), արդյունաբերական, բժշկական, հիվանդների օժանդակ, շների թերապիայի, համատեղ ծրագրավորված կոլեկտիվ ռոբոտներ, անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) կամ դրոններ (General Atomics MQ-1 Predator), և նույնիսկ շատ փոքր նանո ռոբոտներ։ Նմանակելով մարդու իրական արտաքին տեսքը և շարժումները ռոբոտները կարող են հաղորդակցվել[3]։ Սպասվում է, որ առաջիկա տասնամյակում ավտոմատացումը մեծ տարածում կգտնի։ Կստեղծվեն տնային օգնական ռոբոտներ, մեքենաներ առանց վարորդների և այլն[4]։
Տեխնիկայի այն բնագավառը, որը զբաղվում է ռոբոտների նախագծմամբ, պատրաստմամբ և կիրառմամբ, ինչպես նաև դրանց կառավարման կոմպյուտերային համակարգերի, տվիչային հետադարձ կապի և ինֆորմացիայի մշակմամբ անվանում են ռոբոտատեխնիկա[5]։ Այն գործ ունի ավտոմատ մեքենաների հետ, որոնք կարող են փոխարինել մարդկանց վտանգավոր միջավայրերում աշխատելիս, արտադրական գործընթացներում, նմանակել մարդկանց տեսքը, վարքը և խոսքը։ Ժամանակակից շատ ռոբոտների նախագծերի հիմքում ընկած են կենդանի օրգանիզմները։ Արդյունքում ձևավորվեց ռոբոտատեխնիկայի նոր ճյուղ՝ այսպես կոչված «փափուկ» ռոբոտներ։
Դեռ հին քաղաքակրթությունների ժամանակաշրջանից կան կարգավորվող ավտոմատ սարքերի մասին հիշատակություններ և նույնիսկ կենդանիների կամ մարդու նմանությամբ սարքեր՝ նախատեսված հիմնականում զվարճանքի համար։ Արդի զարգացած արդյունաբերական դարաշրջանում առաջացան ավելի գործնական կիրառություններ՝ ավտոմատ մեքենաներ, անլար կամ լարային հեռակառավարմամբ ռոբոտներ։
Տերմինը վերցվել է չեխերեն robota`«հարկադիր աշխատող» բառից, որն առաջին անգամ օգտագործել է չեխ գրող Կարել Չապեկը «R. U .R. (Rossum's Universal Robots)» (Ռոսսումի Ունիվերսալ Ռոբոտները) պիեսում (1920 թվական), բայց բառի իսկական հեղինակը նրա եղբայրն է՝ Ժոսեֆ Չապեկը[6][7][8]։ Վիլյամ Գրեյ Ուոլտերի (Բրիստոլ, Անգլիա 1948 թվական), Ջոն Թ․ Փարսոնսի և Ֆրենկ Լ․ Ստուլենի (համակարգչային թվային կառավարման միջոցներ (CNC)) ստեղծած առաջին էլեկտրոնային ռոբոտների ի հայտ գալուց հետո Էլեկտրոնիկան վերածվեց տեխնիկայի զարգացման շարժիչ ուժի։ Առաջին կոմերցիոն, թվային և ծրագրավորվող ռոբոտը պատրաստել է Ջորջ Դեվոլը 1954 թվականին և անվանվել է Unimate։ Այն վաճառվել է General Motors-ին 1961 թվականին, որտեղ այն օգտագործվեց բարձրացնելու համար մետաղի տաք ձուլակտորներ (Inland Fisher Guide Plant ընկերություն, արևմտյան Տրենտոն, Էվինգ ավան, Նյու Ջերսի)[9]։
Ռոբոտները փոխարինում են մարդկանց[10] կրկնվող և վտանգավոր գործողություններ կատարելիս, որոնք մարդիկ նախընտրում են չանել կամ ի վիճակի չեն անելու՝ չափերի սահմանափակումների պատճառով կամ որոնք պետք է կատարվեն էքստրեմալ միջավայրերում՝ տիեզերք, ծովի հատակ և այլն։ Կան մտահոգություններ կապված ռոբոտների կիրառման աճող տեմպերի և հասարակությունում դրանց դերի հետ[11]։ Ռոբոտներին մեղադրում են տեխնոլոգիական գործազրկության աճի համար, քանի որ դրանք փոխարինում են աշխատողներին ֆունկցիոնալության բարձրացման նպատակով։