Մասնակից:Anna Watson Holmes/Ավազարկղ
From Wikipedia, the free encyclopedia
Նացիստական Գերմանիա, Գերմանիայի անգլերեն համընդհանուր անվանում 1933-1945 թվականներին, երբ Ադոլֆ Հիտլերը և նրա Նացիոնալ-սոցիալիստական կուսակցությունը (Nationalsozialistische Deutsche Arbeiter Partei-NSDAP) ղեկավարում էր երկիրը բռնապետության միջոցով։ Հիտլերի կառավարության տարիներին Գերմանիան վերածվել էր ամբողջատիրական (տոտալիտար) պետության, որը վերահսկում էր կյանքի գրեթե բոլոր կողմերը Գլայխշալթունգ օրինական գործընթացի միջոցով: Պետության պաշտոնական անվանումը մինչև 1943 թվական Գերմանական Ռայխ (Deutsches Reich) է եղել, իսկ 1943-1945 թվականներին՝ Մեծ Գերմանական Ռայխ (Großdeutsches Reich): Նացիստական Գերմանիան նաև հայտնի է որպես Երրորդ Ռայխ (Drittes Reich), ինչը նշանակում է «Երրորդ տերություն» կամ «Երրորդ կայսրություն», մինչդեռ առաջին երկուսը Սրբազան hռոմեական կայսրությունն (800-1806) ու Գերմանական կայսրությունն (1871-1918) էին: Նացիստական վարչակարգն ավարտվեց 1945 թվականի մայիսին այն բանից հետո, երբ Հակահիտլերյան միությունը հաղթեց Գերմանիային՝ վերջ դնելով Երկրորդ համաշխարհային պատերազմին Եվրոպայում:
Հիտլերը նշանակվեց Գերմանիայի կանցլեր Վայմարյան հանրապետության ռայխսնախագահ Պաուլ ֆոն Հինդենբուրգի կողմից 1933 թվականի հունվարի 30-ին: Նացիոնալ-սոցիալիստական կուսակցությունն այդ ժամանակ սկսեց վերացնել քաղաքական բոլոր ընդդիմադիր ուժերը և ամրապնդել իր իշխանությունը: Հինդենբուրգը մահացավ 1934 թվականիի օգոստոսի 2-ին, և Հիտլերը դարձավ Գերմանիայի բռնապետ՝ միացնելով ռայխսկանցլերի և նախագահի պաշտոններն ու իշխանությունը: 1934 թվականի օգոստոսի 19-ին անցկացված համազգային հանրաքվեի արդյունքում Հիտլերը դարձավ Գերմանիայի բացարձակ ֆյուրեր (առաջնորդ): Ամբողջ իշխանությունը կենտրոնացվեց Հիտլերի ձեռքում, և նրա խոսքը գերագույն օրենքի ուժ ձեռք բերեց: Կառավարությունը ոչ թե համակարգված և համագործակցող մարմին էր, այլ իշխանության և Հիտլերի բարյացակամության համար պայքարող ֆրակցիաների մի խումբ: Մեծ ճգնաժամի բուռն շրջանում նացիստները վերականգնեցին տնտեսական կայունությունը և ռազմական մեծ ծախսերի ու խառը տնտեսության միջոցով վերջ դրեցին զանգվածային գործազրկությանը: Ձեռնարկվել էին հասարակական լայնածավալ աշխատանքներ, ինչպես օրինակ՝ ավտոմայրուղիների (Autobahnen) կառուցումը: Տնտեսական կայունության վերականգնման արդյունքում բարձրացավ վարչակարգի համբավը:
Ռասիզմը և հատկապես հակասեմականությունը այդ վարչակարգի բնորոշ գծերից մեկն էին: Նացիստները կարծում էին, որ գերմանական ժողովուրդները պատկանում են տիրակալների ռասային՝ արիական ռասայի ամենամաքուր ճյուղին: Հրեաների և գնչուների հանդեպ խտրականությունն ու հալածանքները մեծ թափ ստացան իշխանության նվաճումից հետո: Համակենտրոնացման առաջին ճամբարները հիմնվեցին 1933 թվականի մարտին: Հրեաները և անցանկալի համարվող այլ անձինք բանտարկվեցին, իսկ լիբերալները, սոցիալիստները և կոմունիստները սպանվեցին, բանտարկվեցին կամ աքսորվեցին: Քրիստոնեական եկեղեցիներն ու քաղաքացիները, որոնք դեմ էին Հիտլերի կառավարմանը, ենթարկվում էին ճնշումների, իսկ բազմաթիվ առաջնորդներ բանտարկվում էին: Կրթությունը կենտրոնացված էր ռասայական վարկածի, ժողովրդագրական քաղաքականության և զինվորական ծառայության համար պիտանի լինելու վրա: Կանայք ունեին կարիերայի և կրթություն ստանալու փոքր հնարավորություն: Հանգիստը և զբոսաշրջիկությունը կազմակերպվում էին «Ուժ ուրախության միջոցով» ծրագրի շրջանակներում, իսկ 1936 թվականին կայացած ամառային օլիմպիական խաղերը ներկայացրին Գերմանիան միջազգային հարթակի վրա: Քարոզչության նախարար Յոզեֆ Գեբելսը արդյունավետորեն օգտագործում էր ֆիլմերը, զանգվածային հավաքները և Հիտլերի հիպնոսային ճարտարախոսությունը հասարակական կարծիքի վրա ազդեցություն թողնելու նպատակով: Կառավարությունը վերահսկում էր ստեղծագործական ինքնարտահայտումը՝ գովազդելով արվեստի որոշակի տեսակները և արգելելով մյուսները կամ հետ կանգնեցնելով դրանցով զբաղվելու մտադրությունից:
Ռազմական սպառնալիքների միջոցով պատերազմին նախորդող տարիների ընթացքում նացիստական վարչակարգը գերիշխող դիրք էր զբաղեցրել հարևան երկրների նկատմամբ: Նացիստական Գերմանիան անընդհատ տարածքային ավելի ու ավելի ագրեսիվ պահանջներ էր ներկայացնում՝ դրանց չբավարարման դեպքում սպառնալով պատերազմով: Այն գրավեց Ավստրիան և Չեխոսլովակիան համապատասխանաբար 1938 և 1939 թվականներին: Հիտլերը կնքեց չհարձակման մասին պայմանագիր Իոսիֆ Ստալինի հետ և ներխուժեց Լեհաստանի տարածք 1939 թվականի սեպտեմբերին՝ սկիզբ դնելով Երկրորդ համաշխարհային պատերազմին Եվրոպայում: 1941 թվականի սկզբին Գերմանիայի վերահսկողության տակ էր գտնվում Եվրոպայի մեծ մասը: Նվաճված տարածքները վերափոխվեցին ռայխսկոմիսարիատների, և գերմանական նահանգապետություն հիմնվեց Լեհաստանի մնացած հատվածում: Գերմանիան շահագործում էր հումքն ու աշխատուժը ինչպես նվաճված, այնպես էլ իր դաշնակիցների տարածքներում: Հոլոքոստի ժամանակ միլիոնավոր հրեաներ և նացիստական կառավարության կողմից հետապնդվող շատ այլ մարդիկ, որոնց պետությունը համարում էր անցանկալի, բանտարկվեցին, սպանվեցին նացիստական համակենտրոնացման և մահվան ճամբարներում կամ գնդակահարվեցին:
1941 թվականին Գերմանիայի ներխուժումը Խորհրդային Միության տարածք սկզբնական շրջանում հաջող էր, սակայն Խորհրդային Միության վերականգնումը և ԱՄՆ-ի միանալը պատերազմին նշանակում էր, որ Վերմախտը (զինված ուժեր) կորցրել է գերակայությունը արևելյան ճակատում 1943 թվականին, և 1944 թվականի վերջին նրանց հետ մղեցին դեպի 1939 թվականից առաջ եղած սահմանագիծը: 1944 թվականին մեծ թափ ստացավ Գերմանիայի լայնածավալ օդային ռմբակոծությունը, և Առանցքի ուժերը հետ մղվեցին արևելյան և հարավային Եվրոպայում: Հակահիտլերյան միության Ֆրանսիա ներխուժումից հետո Խորհրդային Միությունը արևելքից և միության մյուս դաշնակիցները արևմուտքից պարտության մատնեցին Գերմանիան: Գերմանիան անձնատուր եղավ 1945 թվականի մայիսին: Հիտլերը չցանկացավ ընդունել իր պարտությունը, ինչը բերեց Գերմանիայի ենթակառուցվածքի քայքայմանը և պատերազմի վերջին ամիսներին՝ անիմաստ զոհերի: Հակահիտլերյան հաղթանակած միությունը սկիզբ դրեց ապանացիստականացման քաղաքականությանը և ողջ մնացած նացիստական շատ առաջնորդներին Նյուրեմբերգյան դատավարության ժամանակ կանգնեցրեց դատարանի առաջ պատերազմական ոճիրների համար: