Մասնակից:Շուշան Շահվերդյան/Էլթոն
From Wikipedia, the free encyclopedia
Սըր Է՛լթոն Հերկուլես Ջոն (անգլ.՝ Elton Hercules John), իսկական անունը՝ Ռե՛ջինալդ Քե՛ննեթ Դուայթ (անգլ.՝ Reginald Kenneth Dwight), ), բրիտանացի հանրահայտ երգիչ, երգահան և դաշնակահար։ Նկատելի ազդեցություն է թողել սոֆթ ռոքի զարգացման գործում։ Համարվում է 1970-ական թվականների շահութապես ամենահաջողակ և Մեծ Բրիտանիայի ամենաճանաչված ռոք-կատարողներից մեկը։ Իր ողջ կարիերայի ընթացքում ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում նա վաճառել է ավելի շատ ալբոմներ, քան մեկ այլ բրիտանացի կատարող[1]։
Շուշան Շահվերդյան/Էլթոն |
---|
1967 թվականից աշխատել է երգերի տեքստերի հեղինակ Բերնի Տոպինի հետ։ Նրանք համատեղ ստեղծել են ավելի քան 30 ալբոմ։ Մոտ կեսդարյա երաժշտական գործունեության ընթացքում Էլթոն Ջոնը վաճառել է ավելի քան 300 միլիոն ձայնասկավառակ, ինչը նրան դարձրել է ամենավաճառվող երաժշտական կատարողներից մեկը ողջ աշխարհում[2][3][4]։ Նա ավելի քան 40 հիթ ունի սինգլների բրիտանական պաշտոնական հիթ-շքերթում և Billboard Hot 100-ում՝ ներառյալ յոթը՝ Մեծ Բրիտանիայում և ինը՝ ԱՄՆ-ում, իսկ հաջորդական ալբոմներով գրավել է առաջին տեղը ԱՄՆ-ում[5][6]։ Նրա ալբոմներից յոթը գրավել են առաջին տեղը Billboard 200-ում[7], 23 սինգլներ եղել են ամերիկյան Թոփ-40-ում, 16-ը՝ առաջին տասնյակում, իսկ 6-ը բարձրացել են առաջին հորիզոնական[8]։ Էլթոն Ջոնի սինգլներից 52-ը տեղ են գրավել բրիտանական թոփ-40-ում[9]։ Դրանցից մեկը՝ «Candle in the Wind 1997 -ը» ( 1973 թվականի «Candle in the Wind» երգի նոր տարբերակը), որ հետագայում նվիրվել է արքայադուստր Դիանային, աշխարհում վաճառվել է ավելի քան 33 միլիոն օրինակով[10] և համարվում է ամենավաճառվող սինգլը Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի հիթ-շքերթների պատմության մեջ՝[11][12][13]։ Էլթոն Ջոնը նաև նաև զբաղվել է ձայնագրությունների պրոդյուսերությամբ և երբեմն նկարահանվել է ֆիլմերում։ 1976-ից 1987 և 1997-ից 2002 թվականներին եղել է «Ուոթֆորդ» անգլիական ֆուտբոլային ակումբի սեփականատերը և համարվում է ակումբի պատվավոր նախագահը ցմահ։
Մեծանալով Լոնդոնի Փիններ շրջանում՝ Էլթոն Ջոնը վաղ տարիքում սովորել է դաշնամուր նվագել, իսկ 1962 թվականին ստեղծել է Ռիթմ ընդ բլյուզ (R&B) ժանրի Bluesology խումբը, որի կազմում նվագել է մինչև 1967 թվականը։ 1967 թվականին նա հանդիպել է Բերնի Տոպինի հետ, և երկու տարի շարունակ նրանք երգեր են գրել այլ կատարողների համար, որոնց թվում նաև երգչուհի Լուլուն էր։ Ջոնը նաև իբրև երաժիշտ աշխատել է տարբեր արտիստների, այդ թվում՝ Հոլիզի և Սքաֆոլդի համար։ 1969 թվականին թողարկվել է Ջոնի դեբյուտային՝ «Empty Sky» ալբոմը։ 1970 թվականին նրա առաջին հիթային սինգլը՝ «Your Song»-ը՝ «Elton John» ալբոմից, մտել է Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի հիթ-շքերթների լավագույն տասնյակի մեջ։ Էլթոն Ջոնը նաև հաջողություն է ունեցել երաժշտական ֆիլմերում ու թատրոնում․ 1994 թվականին ստեղծել է «Առյուծ արքան» մուլտֆիլմի երաժշտական ադապտացիան[14], «Աիդա» և «Բիլի Էլիոթ» մյուզիքլները։
Էլթոն Ջոնն ունի հինգ «Գրեմմի», հինգ «Brit», երկու «Օսկար», երկու «Ոսկե գլոբուս», «Թոնի», «Դիսնեյի լեգենդներ» և «Քենեդի կենտրոնի» մրցանակներ[15]։ 2004 թվականին Rolling Stone ամսագրի կազմած աշխարհի 50 լավագույն կատարողների ցանկում նա զբաղեցրել է 49-րդ տեղը[16]։ 2013 թվականին Billboard ամսագիրը նրան համարել է ամենահաջողակ արտիստն ըստ Billboard Hot 100-ի և երրորդը The Beatles-ից ու Մադոննայից հետո[17]։ 1992 թվականին նրա անունը տեղ է գտել Երգերի հեղինակների փառքի սրահում, իսկ 1994 թվականին՝ նաև Ռոքնռոլի փառքի սրահում։ Հաբդիսանում է Երգահանների և հեղինակների բրիտանական ակադեմիայի անդամ։ «Երաժշտության և բարեգործության բնագավառում ունեցած ավանդի համար» 1998 թվականին Եղիսաբեթ II թագուհու կողմից արժանացել է ասպետ բակալավրի կոչման։
Էլթոն Ջոնը ելույթ է ունեցել մի քանի թագավորական միջոցառումների ժամանակ, այդ թվում՝ 1997 թվականին Վեստմինստերյան աբբայությունում արքայադուստր Դիանայի հուղարկավորության, 2002 թվականին [Եղիսաբեթ II-ի ոսկե հոբելյանի]] պատվին տրված բրիտանական երաժշտական համերգի և 2012 թվականին Բուքինգհեմյան պալատում թագուհու ադամանդե հոբելյանի առթիվ տրված համերգի ժամանակ։
Էլթոն Ջոնը հայտնի է նաև որպես հասարակական գործիչ, մասնավորապես՝ մեծ է նրա ներդրումը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակի դեմ պայքարում։ 1992 թվականին նա հիմնադրել է Էլթոն Ջոնի հիմնադրամը ՁԻԱՀ-ի դեմ պայքարում, իսկ մեկ տարի անց սկսել կազմակերպել ՁԻԱՀ-ի ֆոնդի ամենամյա երեկույթները։ Ստեղծման օրվանից հիմնադրամը հավաքել է ավելի քան 300 միլիոն ֆունտ ստերլինգ[18]։
1976 թվականին Էլթոն Ջոնը հայտարարել է իր երկսեռական լինելու մասին, իսկ 1988 թվականից նա բացահայտ գեյ է։ 2005 թվականի դեկտեմբերի 21-ից երգիչը քաղաքացիական ամուսնության մեջ է Դևիդ Ֆերնիշի հետ․ նրանք ամուսնացել են այն բանից հետո, երբ 2014 թվականից միասեռական ամուսնությունները դարձան օրինական Անգլիայում և Ուելսում։ 2019 թվականին Էլթոն Ջոնին հանձնելով Ֆրանսիայի բարձրագույն քաղաքացիական պարգևը՝ Պատվո լեգեոնի շքանշանը, նախագահ Էմանուել Մակրոնը նրան անվանել է «մեղեդու հանճար»՝ բարձր գնահատելով Ջոնի ջանքերը ԼԳԲՏ համայնքի շահերի պաշտպանության գործում։
2018 թվականին Էլթոն Ջոնը մեկնել է եռամյա հրաժեշտի շրջագայության[19]։