Մահապատիժով Դիսնեյլենդ
From Wikipedia, the free encyclopedia
Մահապատիժով Դիսնեյլենդ (անգլ.՝ Disneyland with the Death Penalty), ամերիկացի գրող Ուիլյամ Գիբսոնի հոդվածը Սինգապուրի մասին, նրա առաջին նշանակալից հրապարակախոսական գործը։ Հրատարակվել է Wired ամսագրի` 1993 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերի ամիսների համարներում[1][2][3]։
Հոդվածում ներկայացված են հեղինակի դիտարկումները Սինգապուրի ճարատարապետության, մշակույթի, ֆենոմենոլոգիայի մասին։ Գիբսոնի` Սինգապուրում եղած ժամանակ երկրի մշակույթը նրա վրա թողել է մաքուր, ձանձրալի և հարմարվողական քաղաքի տպավորություն։ Հոդվածի վերնագիրը և գլխավոր փոխաբերությունը` «Մահապատիժով Դիսնեյլենդ», հեղինակի հղումն է Սինգապուրին` որպես ավտորիտար պետության։ Գիբսոնի կարծիքով Սինգապուրին պակասում են կրեատիվությունը, բնականությունը, պատմականության հետքերը։ Նա կառավարությունը համարում էր կորպորատիվ, տեխնոկրատ, իսկ դատական համակարգը` դրակոնյան և ոչ ճկուն։ Սինգապուրցիներին հոդվածագիրը բնորոշել է սպառողների հասարակություն` ճաշակի պակասով։ Իր դիտարկումներին դրամատիզմ ավելացնելու համար Գիբսոնը հոդվածը համեմել է տեղական նորություններից վերցրած հատվածներով, որոնք վերաբերում են քրեական գործերին, և հոդվածի սկզբում ու վերջում ներկայացրել է Հարավարևելյան Ասիայի տարբեր օդանավակայանների հակասական նկարագրություններ։
Չնայած այն բանին, որ հոդվածը Գիբսոնի առաջին նշանակալից հոդվածն էր հրապարակախոսության ասպարեզում, այն արժանացել է վայրկենական ու տևական արձագանքների։ Այս հոդվածի պատճառով սինգապուրյան կառավարությունն արգելել է Wired ամսագիրը, իսկ «մահապատիժով Դիսնեյլենդ» արտահայտությունը դարձել է Սինգապուրի փափուկ ավտորիտարիզմը բնութագրող անվանում, որից քաղաք-պետությունը երկար ժամանակ չի կարողանա ձերբազատվել։