Հողատիրություն
From Wikipedia, the free encyclopedia
Հողատիրություն, որոշակի հողամասի նկատմամբ տվյալ անձի (ֆիզիկական և իրավական) իրավունքի ճանաչում՝ պատմականորեն ձևավորված հիմունքներով (սեփականության, օգտագործման, տնօրինման իրավունք), որոնք պայմանավորում են նրա տիրոջ համապատասխան իրավունքներն ու պարտականությունները։ Այն դեպքում, երբ հողը տնօրինողը և սեփականատերը միևնույն անձն Է, հողատիրություն հասկացությունը նույնանում Է հողասեփականության հետ։ Հողասեփականության որոշակի ձևի սահմաններում սովորաբար առաջանում են մանր, միջին և խոշոր հողատիրության տարատեսակներ, որոնց համար բնորոշ են իրավական տարբեր ռեժիմներ։ Ռուսաստանում, օրինակ, տարբերվում Էին տերունական, ավատական, վանքապատկան, մասնավոր կալվածատիրական (ազնվականական), գյուղացիների, ֆաբրիկատերերի մասնավոր հողատիրությունները։ Սակայն միշտ չէ, որ հողատիրությունը (հողի տնօրինումը) համընկնում է հողասեփականության (մասնավոր, պետական) հետ։ Այն կարող է ծագել նաև հողասեփականությունից առաջ կամ անջատ լինել նրանից։ Օրինակ, Հին Հռոմում հողատիրությունը դիտվում էր որպես առանձնահատուկ, սեփականությունից անկախ իրավահարաբերություն, իսկ ֆեոդալական Արևելքում, ուր հողի գերագույն սեփականատերը պետությունն էր, հողի մասնավոր սեփականություն գոյություն չուներ, մինչդեռ առկա էին մասնավոր ու համայնական տնտեսություններ։ Մինչև XYIII դարի սկիզբը հողատիրությունից հողասեփականության սահմանազատումը բնորոշ էր նաև Ռուսաստանին։ Զարգացած կապիտալիստական երկրներում տեղի է ունենում հողասեփականությունից և հողասեփականատիրոջից հողի՝ որպես տնտեսության օբյեկտի, անջատման պրոցես։
Ուշադրություն, այս հոդվածը կամ դրա բաժինը փոխադրված է Հայկական սովետական հանրագիտարանից։ Քանի որ հոդվածի ստեղծման համար օգտագործվել են խորհրդային աղբյուրներ, այն կարող է շարադրված լինել խորհրդային գաղափարախոսության տեսանկյունից և հակասել Վիքիպեդիայի չեզոք տեսակետի հիմնարար սկզբունքին։ |